ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանն ազատ արձակվեց դատարանից։ Դատարանի այսօր՝ մարտի 4-ի որոշմամբ՝ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց 5 միլիոն դրամը, նաև՝ բացակայելու մասին արգելքը։
ԳՇ պետի նախկին տեղակալի փաստաբանները նախորդ դատական նիստի ժամանակ միջնորդել էին, որ խափանման միջոցը փոխվի, կիրառվի վարչական հսկողություն կամ տնային կալանք։
«Տիրան Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնել, այլընտրանքային խափանման միջոց ընտրել գրավը` 5 մլն ՀՀ դրամ, և բացակայելու արգելքը։ Մեղադրյալ Տիրան Խաչատրյանին անհապաղ ազատ արձակել։ Գրավի գումարը ենթակա է վճարման ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։ Վճարումը հավաստող փաստաթուղթը եռօրյա ժամկետում պետք է ներկայացվի վարույթն իրականացնող մարմնին»,– նշեց դատավորը։
Որոշման հրապարակումից հետո դատարանում ծափեր հնչեցին։
Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանը ձերբակալվել էր այս տարվա հունվարին՝ Արամուս գյուղի տարածքում գործող ռեստորանում արձանագրված միջադեպի գործով, իսկ օրեր անց կալանավորվել երկու ամիս ժամկետով։
Ըստ ՆԳՆ-ի՝ տեղի ունեցած վիճաբանության մասին ահազանգն ստացվել է հունվարի 11-ին՝ ժամը 23.00-ին։ ժամը 23.39-ին «Աբովյան» ԲԿ-ից հաղորդում էր ստացվել, որ Արամուս գյուղից «աջ դաստակի սալջարդ, պատռած վերք սալի ջլերի վնասումով» ախտորոշմամբ շտապօգնության խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 1977թ ծնված մի տղամարդու։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել էին Աբովյանի քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար:
Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (Խուլիգանությունը, որն իրականացվել է մի խումբ անձանց կողմից, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով), 335-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն կրելու ) և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (զենքի գործադրմամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը)։ Կրակոցների հետևանքով տուժած անձն արդեն տուժող է ճանաչվել։
ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը բերման է ենթարկվել Ջրվեժից,անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է CZ-75 տիպի մարտական ատրճանակ` 16 փամփուշտ փամփշտակալում, մեկ փամփուշտ էլ փողում:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: