Հայկական լրատվամիջոցները հիշեցնում են, որ «մոտ 2 տարի է՝ կալանքի տակ է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը, ում մեղադրում են 2020 թ. հոկտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Շուշիի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ժամանակ ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու մեջ, ինչի հետեւանքով, ըստ ՔԿ-ի, հակառակորդը գրավել է Շուշին, եւ հայկական ստորաբաժանումներն ունեցել են զոհեր ու վիրավորներ»։
Հայաստանի իշխանությունը, որը «որպես պետություն առաջին անգամ է հարաբերվել սիգի հետ», Արցախի օկուպացիայից, ցեղասպանությունից և բնիկ բնակչության տեղահանությունից գրեթե 6 ամիս անց համառորեն հրաժարվում է շփվել Արցախի ժողովրդի հետ և քննարկել ազգային պետական և իրավական հարցեր։ Հայաստանի իշխանությունը զբաղվում է բացառապես արցախցիների «մարդասիրական» խնդիրներով՝ հնարավորինս նվաստացնելով արցախցիներին և մխրճելով նրանց անվերջանալի բյուրոկրատական ճիրանների մեջ։
Հայաստանի կառավարությունը ընդամենը մեկ որոշմամբ կարող էր ճանաչել արցախցիների 070 ծածկագրով հայկական անձնագրերը որպես քաղաքացիության նշան՝ Հայաստանի քաղաքացի լինել չցանկացող արցախցիներին հնարավորություն տալով հրաժարվել անձնագրից և ստանալ փախստականի կարգավիճակ։ Սակայն իշխանություններն այլ որոշում կայացրին՝ 070 ծածկագրով Հայաստանի անձնագիրը օրենքից դուրս են հայտարարել։ Մարդիկ 3 ամիս հերթ են կանգնում փախստականի կարգավիճակ ստանալու համար, և հանկարծ նրանց ասում են, որ եթե ուզում են բնակարանի փոխհատուցում ստանալ պայմանական 3 միլիոն դրամի չափով, պետք է ընդունեն ՀՀ քաղաքացիություն։
Եվ հարց է առաջանում՝ եթե ՀՀ իշխանությունը Միքայել Արզումանյանին մեղադրում է Շուշին հանձնելու մեջ, նշանակո՞ւմ է դա արդյոք, որ Հայաստանի իշխանությունը Շուշին և Արցախը համարում է հայկական պետության մի ամբողջ մաս, որը հանձնելը հանցագործություն է։ Նշանակո՞ւմ է արդյոք այն, որ Հայաստանի իշխանությունը, չճանաչելով Արցախի բնակիչների հայկական անձնագրերը, ծաղրում է սեփական քաղաքացիներին ու վիրավորում հայկական պետության կողմից տրված պետական փաստաթուղթը։
Ժամանակն է կողմնորոշվել՝ կամ սիգի հետ ես հարաբերվում, կամ ազատ ես արձակում Միքայել Արզումանյանին, կամ ճանաչում ես արցախցիների անձնագրերն ու ՀՀ քաղաքացիությունը։ Միասին դա չի լինում։
Նաիրա Հայրումյան
Լուսանկարը՝ «Չորրորդ իշխանություն» թերթից