Կարեւորը՝ որ ես կարողացա բոլորին կենդանի հասցնել Հայաստան. սովորական սխրանք

  • 18:50 04.03.2024

«Սեպտեմբերի 19-ը սկսվեց որպես սովորական բլոկադային օր. նվազագույն սննդամթերք, մտքեր, որ մեկ օր էլ կանցկացնեն շուկայում կամ կրպակներում, որտեղ գյուղերից հազվադեպ ուտելի բան են բերում։ Այն քիչը, որ կառավարությունը հատկացրել է Տուն-ինտերնատի համար, օգտագործվում էր խնայողաբար։ Այսպիսով, օրը սկսվեց մտածելով, թե ինչ պիտի պատրաստեմ այսօր: Ժամը 13.00-ին մեր թաղամասում ըստ ժամանակացույցի միացվել է հոսանքը։ Եվ մոտավորապես ժամը 13.15-ին հրետակոծությունը սկսվեց։ Առաջին արկերը դիպել են մոտակայքում և ինտերնետի բակին։ Պատուհանները կոտրվել են, փոշի ու մշուշ բարձրացավ, ճիչեր ու լաց։ Բոլորին սկսեցին ուղարկել ապաստարան, պառկածներին նույնպես»։

Ժասմեն Մելքումյանն այսպես սկսեց 2023 թվականի պատերազմի պատմությունը։

Step1.am-ն արդեն պատմել է այս ուժեղ կնոջ պատմությունը https://step1.am/blog/2024/03/01/11932/։ 2020 թվականի պատերազմից հետո, երբ նրա հայրենի Շեխեր գյուղը գրավեցին, կինը առաջին խմբի հաշմանդամ քրոջ հետ հայտնվել է Ստեփանակերտի Տուն-ինտերնատում։ Այստեղ ապրում էին տասնյակ ընտանիքներ օկուպացված տարածքներից։ Շատ տարեցներ կային, միայնակ, հիվանդ մարդիկ։

Երբ եղավ 2023 թվականի սեպտեմբերյան պատերազմը, իսկ հետո տեղահանությունը, կնոջ ուսերին ընկան ինտերնատի անօգնական բնակիչների հոգսերը։

Ստեփանակերտի ռմբակոծության առաջին ժամերին մտածում էին, որ հրետակոծությունը շուտով կավարտվի։ Սակայն հրետակոծությունը շարունակվել է ավելի քան մեկ օր։ Կինը մե՛կ վազում էր դեղորայքի, մե՛կ վերմակների, մե՛կ անհրաժեշտ այլ բանի հետեւից։ Իսկ երբ նրանք դուրս են եկել կացարանից, Ժասմենը նկատել է, որ ջրի հետ ինչ-որ խնդիրներ կան։

«Ծորակի ջուրը պղտորվեց, ծածկվեց յուղոտ թաղանթով և տհաճ հոտ էր գալիս: Ես վախեցա և բոլորին զգուշացրեցի, որ ջուրը չօգտագործեն։ Քայլող բնակիչների հետ սկսեցինք ջուր բերել մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող արտեզյանից։ Էլեկտրականություն չկար։ Ծանոթներիցս մեկն ինձ ալյուր տվեց, և ես սկսեցի լավաշ թխել միայնակ ծերերի համար: Այսպես ինտերնատը ապրեց մի քանի օր՝ մինչեւ սեպտեմբերի 27-ը»։

Մինչ այդ հնարավորություն ունեցող ընտանիքները լքել են ինտերնատը։ Մնացածների համար կառավարությունը ավտոբուսներ տրամադրեց, իսկ Ժասմենին ասացին, որ ինքն է լինելու պատասխանատու ինտերնատի մարդկանց տեղափոխելու համար։

«Երբ ռմբակոծությունն ավարտվեց, խաղաղապահները սկսեցին բոլոր շրջաններից գյուղացիներին բերել Ստեփանակերտ։ Նրանք ասում էին, թե իբր մարդկանց տարհանում են, քանի որ ադրբեջանցի զինվորականները, մտնելով բնակեցված տարածքներ, սպանում են մարդկանց։ Ես դեռ զարմացած էի, մի ռուսի հարցրի, թե՞ ինչու չեն կանգնեցնում ադրբեջանցիներին, ասաց՝ «նման հրաման չկա» ու գնաց։ Ինտերնետում տեղավորվել են հիմնականում միայնակ տարեցներ։ Այն լիքն էր ծերերով՝ նստած-պառկած»։

«Սեպտեմբերի 27-ին երեք երթուղայիններում նստեցրել եմ 76 հոգու, որոնցից 15-ը գամված են եղել անկողնուն։ Վերցրեցի ամբողջ մնացած ուտելիքը և մատրասներ, որպեսզի պառկածները տեղավորվեն նստատեղերի միջև ընկած միջանցքում: Որպեսզի երկար ժամանակ բոլորի համար բավարար սնունդ լինի, ես ստիպված էի մեկ կարտոֆիլը բաժանել երկուսի։ Ջուրը խնայորաբար էինք օգտագործում։ Առաջին գիշերն անցկացրեցինք Ստեփանակերտում՝ Սոցնախարարության շենքի դիմաց գտնվող ավտոբուսում։ Օգնում էի որոշ մարդկանց փոխել տակդիրները. այս պայմաններում ամոթի ժամանակը չէր, վիրակապ էի անում, վերահսկում դեղերի ընդունումը և օգնում լուծել այլ խնդիրներ: Սեպտեմբերի 28-ի առավոտյան երեք ավտոբուսներն էլ շարժվեցին դեպի Հայաստան»։

«Սոցիալական հարցերի եւ աշխատանքի նախարարության Դավիթ անունով աշխատակիցը մի քանի օր, ընդհուպ մինչև Ստեփանակերտից հեռանալը, մեզ հետ էր և ամեն ինչում օգնել է», – ասաց Ժասմեն Մելքումյանը։ Բայց, ցավոք, նա չգիտի նրա ազգանունն ու կոչումը։ Սեպտեմբերի 25-ից նա չի տեսել ինտերնատի տնօրինությանը։

«Ստեփանակերտում ինտերնատից մնացել են միայն Վարդանը, Հայկը, Արմենը և մի ամուսնական զույգ։ Ինչքան էլ աղաչեցի, չուզեցին ու փախան։ Ես չեմ փնտրել նրանց: Ստիպված էի գնալ առանց նրանց»:

Նա հիշեց, որ Հակարիի կամրջի վրա մի ադրբեջանցի մոտեցավ ավտոբուսին և հարցրեց, թե ինչու ենք մենք գնում, «ի վերջո, ադրբեջանցիները լավն են»։ Ի պատասխան Ժասմենը ցույց տվեց ինտերնատի մոտ պայթյունից վիրավորված ծերերին։

«Գլխավորն այն է, որ ես կարողացա բոլորին ողջ-ողջ բերել Հայաստան։ Առանց բավարար ջրի և սննդի։ Այստեղ Կարմիր Խաչը դիմավորեց բոլորին, օգնություն ցույց տվեց ու բաժանեց ում որ պետք էր։ Դե ես էլ վերցրի քրոջս, ու շատ դժվարություններից հետո հայտնվեցինք Լոռիում»։

Ալվարդ Գրիգորյան

f