Հադրութից երկու փախստական քույրերի պատմությունը
Հադրութից փախստականներ Իննա և Նարինե քույրերն իրենց ամուսինների հետ Երևանում վարձել են տարածք, որտեղ թխում եւ վաճառում են տարբեր ապրանքներ։ Նրանց ծնողները ծնվել են Հադրութում։ Իսկ Հադրութի շրջանի Կեմրաուչ գյուղում թաղված են նրանց պապերն ու նախապապերը…
Իննա.
«Ես ամուսնացած եմ ուղիղ քսան տարի: Մասնագիտությամբ մանկավարժ եմ, ավարտել եմ Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Ուսումն ավարտելուց հետո ինձ ուղղորդել են աշխատելու Սևան քաղաք, որտեղ ութ տարի աշխատել եմ միջնակարգ դպրոցում՝ որպես ուսուցչուհի։ Բայց հետո, արդեն Հադրութում, ես ու ամուսինս՝ Հովիկը, որոշեցինք հիմնել մեր սեփական ընտանեկան բիզնեսը և կառուցեցինք մի մեծ խանութ, որտեղ վաճառում էինք մթերային, արդյունաբերական ապրանքներ, հուշանվերներ և խաղալիքներ։ Գործը լավ էր գնում, նույնիսկ կարողացանք տուն կառուցել։ Իսկ հետո հանկարծ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։
Լուսանկարը՝ հեղինակի։
Մենք մի քանի օր ռմբակոծության տակ էինք մնում, և հոկտեմբերի 3-ին ստիպված եղանք մեկնել Երևան։ Միակ բանը, որ տարել էի հետս, հարիչն էր։ Տղաս էր նվիրել ինձ, ու ես չէի կարողանա թողնել։ Բացի այդ, ես արդեն մասնագիտորեն զբաղվում էի հրուշակագործությամբ. հաճախորդներիս համար թխում էի տարբեր հացաբուլկեղեն։
Լուսանկարը՝ հեղինակի։
Երկու երեխա ունեմ՝ տղա և աղջիկ։ Որդիս՝ Հովիկը, ում ամուսնուս անունով ենք կոչել, սովորում է Գերմանիայում։ Նա կոմպոզիտոր է և վերջերս պաշտոնապես աշխատանքի է ընդունվել Բեռլինի ֆիլհարմոնիկում, ինչով մենք շատ հպարտ ենք։ Դուստրս՝ Քրիստինան սովորում է Երևանի պետական համալսարանում՝ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում։ Մեր ամբողջ կյանքը բաժանված է երկու մասի՝ “սեպտեմբերի 27-ից” առաջ և հետո։ Հոկտեմբեր ամիսը մեզ համար սարսափելի էր՝ Երևանի երեք սենյականոց բնակարանում հավաքվել էին քսանհինգ հարազատներ։
Մարդը պետք է աշխատի, ինքը վաստակի։ Որոշեցի, որ պետք է աշխատեմ, չէի ընդունում, երբ մարդ նստում ու սպասում է պետության կողմից նպաստների, ես չէի կարող հանձնվել և օգնության սպասել։ Եվ ես գնացի աշխատանք փնտրելու։ Մեր բախտը բերեց՝ գովազդով սենյակ գտանք, և ես ու քույրս՝ Նարինեն, սկսեցինք աշխատել։
Լուսանկարը՝ հեղինակի։
Փաստորեն, սա մեր ընտանեկան բիզնեսն է՝ ամուսինս, ես, քույրս և ապրանք առաքող մեր աղջիկը՝ Քրիստինան, բոլորս այստեղ ենք աշխատում։ Յուրաքանչյուրն ունի իր պարտականությունները։
Մենք հիմնել ենք բիզնես եւ արդեն ունենք մեր մշտական հաճախորդները։
Լուսանկարը՝ հեղինակի։
Բոլորն էլ սիրում են մեր թխվածքները, ժենգյալով հացը, խաչապուրին, տարբեր տորթեր, ղարաբաղյան փախլավան։
Լուսանկարը՝ հեղինակի։
Ընդունում ենք նաև պատվերներ մեր այցելուներից։ Ժամը 9-ից սկսում ենք աշխատել և աշխատում ենք մինչև երեկո։ Բայց մի երկու անգամ եղել է, որ ես ու Նարինեն թխել ենք մինչև առավոտ։ Մենք պետք է մասնակցեինք Էքսպո տոնավաճառին և որոշեցինք ամեն ինչ իդեալական անել: Առավոտյան տոնավաճառում վաճառեցինք մեր թխվածքները, իսկ կեսօրից հետո շարունակեցինք աշխատել արտադրամասում։
Որոշ ռեստորաններ ցանկանում են համագործակցել մեզ հետ։ Եվ բոլորը, ում հետ աշխատում ենք, գոհ են մեր արտադրանքից, իսկ մենք ինքներս ուրախ ենք, որ ուշադրություն են դարձնում մեզ…
Բնավորությամբ ես լավատես եմ, ինձ համար միշտ «բաժակը կիսով չափ լիքն է»: Եվ ես հավատում եմ, որ մենք կվերադառնանք մեր տուն՝ Հադրութ։ Այն տունը, որը ես ու ամուսինս կառուցել ենք ապրելու համար, որպեսզի մեր երեխաները այնտեղ ապրեն։ Մենք անցնելու ենք այս դժվարություններն եւս և, ինչպես սիրում եմ ասել իմ սիրելիներին՝ «Մի վհատվեք, մենք կճեղքենք, ամեն ինչ լավ կլինի…»:
Ալբերտ Ոսկանյան
Նյութը պատրաստվել է «Ստեփանակերտ» մեդիա-ակումբի ծրագրի շրջանակներում
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: