Արցախյան կազմակերպությունների ներկայացուցիչները ասուլիսում ներկայացնում են պահանջները

  • 11:15 06.03.2024

Հայաստանի կառավարության հաշվարկները՝ յուրաքանչյուր արցախցու բնակարանային ապահովման համար 3 մլն դրամ տրամադրել, անշարժ գույքի իրական գների հետ առնչություն չունեն։

Այս մասին Մեդիա կենտրոնում «ՀՀ կառավարության՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների բավարարման ծրագիր․ մտահոգություններ ու առաջարկներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանը։

Արցախյան 32 կազմակերպություններ ձեւավորել են նախաձեռնություն՝ արցախցիների բնակարանային կարիքների լուծման նպատակով՝ բաց նամակ հղելով ՀՀ կառավարությանը, որում ներկայացնում են իրենց առաջարկությունները։

Արտակ Բեգլարյանի խոսքով՝ արցախցիների բնակարանային հարցերով ՀՀ կառավարությունը բավարար քննարկումներ չի անցկացրել արցախցիների հետ։ «Ես միայն մեկ օրինակ գիտեմ, նաեւ ինձ էին հրավիրել, 10-15 տարբեր գործիչներ հրավիրվել էին փոխվարչապետի մոտ, ընդ որում, հայտնի չէ՝ ինչ սկզբունքով ընտրված, ներկայացուցչական չէր հաստատ։ Ընդհանուր սկզբունքները ներկայացվել են, դա եղել է փետրվարի կեսին։ Եվ կարող եմ ասել, որ գրեթե բոլոր ներկաները, Արցախից ներկայացուցիչները սկզբունքորեն տարաձայնություն են հայտնել տարբեր կետերի վերաբերյալ, նաեւ գումարի չափի մասով։ Իրենց կողմից հիմնավորումն այն էր, որ տարբեր տարիներին Կադաստրում գրանցված առք ու վաճառքի մեկ քմ գինը 200 հազարից ավելին չէ։ Եվ իրենք հաշվել են, որ մեկ անձի համար 15 քմ-ն բավարար է, եւ 200 հազարը բազմապատկել են 15-ով, ստացել են 3 մլն դրամ։ Մենք բացատրել ենք, որ դա իրականում չի արտացոլում երկրորդային շուկայի իրական պատկերը, քանի որ Կադաստրում գործարքներ անելիս շատ հստակ միտում կա՝ մարդիկ ցածր գին են նշում՝ հնարավոր հարկային պարտավորություններից խուսափելու համար։ Մենք առաջարկում ենք՝ ուսումնասիրեք շուկան, մտեք ուղղակի առցանց հարթակներ եւ նայեք գինը։ Ես ինքս ուսումնասիրել եմ, եւ մեկ քմ միջին գինը մարզային համայնքներում, ոչ սահմանամերձ, 320-500 հազար դրամ է՝ միջին վիճակում գտնվող»,- ասաց նա։

Այսինքն, Արտակ Բեգլարյանի խոսքով՝ կառավարությունը շուկայական իրական գները հաշվի չի առել։ Երկրորդ, բավարար չափով հաշվի չեն առել Արցախի ժողովրդին ներկայացնողների կարծիքը։

«Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահ Արմեն Ասրյանն էլ ասաց, որ իրենց կազմակերպությունով հանդիպել են Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավարի հետ, հնչեցրել են իրենց մտահոգությունները սոցիալական ու բնակարանային խնդիրների մասին։

«Մենք խնդրեցինք, որ զոհվածների ընտանիքներին ուշադրություն կենտրոնում պահեն, առանձնահատուկ ուշադրություն դարձնեն, քանի որ կերակրողներին կորցրածներն ավելի խոցելի են համարվում են։ Նա խոստացավ հանդիպում կազմակերպել Սոցապ նախարարի տեղակալի հետ, մենք վստահեցինք, սպասեցինք, տեսա, որ զանգ չկա, ես զանգեցի, խոստացան կրկին կապ հաստատել, եւ մինչ օրս որեւէ տեղեկություն չկա։ Այսինքն՝ նրանք մարդկանց են հրավիրում քննարկումների, բայց գլխավոր շահառու կազմակերպությանը չեն հրավիրել»,- նշեց Ասրյանը։