Ֆոտո` Ալվարդ Գրիգորյանի
Ռաֆայել Գրիգորյանը երկար տարիներ ղեկավարել է Ասկերանի շրջանի Խաչմաչ համայնքը, որը Արցախի փոքր, բայց կուռ համայնքներից մեկն էր։ Ժողովուրդը` աշխատասեր, սեփական քրտինքով մի կտոր հացը վաստակող։ Համայնքն այսօր ցրված է, բնակիչները տեղավորվել են ով որտեղ կարողացել է, իսկ Ռաֆայել Գրիգորյանի ընտանիքին գաղթի ճանապարհը հասցրել է Լոռու մարզի Արջուտ գյուղ։ Գյուղատնտեսությամբ զբաղված մարդն այսօր նեղվում է, որ այդ գյուղում հող չկա, եղածն էլ անորակ, որ հող մշակեն յոլա գնան։
Սեպտեմբերի 19-ի առավոտը Ռաֆայելի համար բացվեց սովորականի պես, որը սակայն ժամեր անց վերածվեց դժոխքի ու դարձավ վերջին աշխատանքային օրը հայրենի գյուղում։
Սեպտեմբերի 19-ի առավոտյան ես սովորականի պես անցա իմ ամենօրյա աշխատանքներին, վերջին տարիներին դպրոցում էի աշխատում, դպրոցի այգում էի։ Առավոտյան ժամը 10-ից 11-ն ընկած ժամանակահատվածում պայթյունների ձայներ էի լսում, ասում էին` Հարավ գյուղի կողմերիցա, բայց դե մտածում էի` հերթական սադրանքն է ու չէի պատկերացնում, որ կարող էր դառնալ լայնամասշտաբ հարձակում։ Հատուկ ուշադրություն չդարձրեցի, մինչև կեսօրվա ժամը մեկի կողմերը այգում աշխատեցի, եկա տուն։ Հասա տուն, արդեն սկսվեց նաև գյուղի ռմբակոծությունը։
Աշխարհազորի տղաները զենքերը ստացան, իջան դիրքեր, գյուղում մնացածներս էլ կանանց, երեխաներին, մի խոսքով գյուղացիներին ուղղորդում էինք փոքրիշատե անվտանգ թաքստոցներ, որը գյուղի պայմաններում թաղ կոչվող կառույցի տեսակն էր։ Կապ չկար, ոչ մեկս տեղյակ չէր, թե ինչ է կատարվում առհասարակ։ Գյուղը տարատեսակ զինատեսակներից ռմբակոծվում էր։ Բայց դե մտածում էինք` կրակում են, էսա կհանգստանա։ Ժամեր անց դիրքերից տղաներ եկան ու հայտնեցին, որ թուրքերը հասել են գյուղի գերեզմանոցի տակ, պետք է ժողովրդին տարհանել։
Բոլորիս համար այդ ամենն այնքան անսպասելի էր, որ գրեթե բոլորը մեքենա ունեին, բայց իրենց տներից չհասցրեցին բան վերցնել, ժամանակ արդեն չկար, թուրքերը մտնում էին գյուղ, մարդիկ թաքստոցներից հելան նստեցին մեքենաներն ու դուրս եկանք։
Թոռներս կիսատկլոր էին, ծածկոցի մեջ փաթաթեցինք, նստեցինք մեքենան, որովհետև տուն գնալու ու շոր վերցնելու ժամանակ արդեն չկար։ Երբ հասանք Կարմիր գյուղ, գյուղամիջում կանգնած տղաներն ասացին` դեռ մի գնացեք, թուրքերը առաջացել ու կրակի տակ են պահում ճանապարհը։ Այդ ընթացքում մեր գյուղացի Բորիկը ընտանիքի հետ հասավ մեզ ու ասաց. իմաստը ո՞րն է այստեղ մնալու, Կարմիր գյուղը երկար չի դիմանա, մտնելու են։ Գնանք, մենք ու մեր ճակատագիրը, մեկա մնանք` կոտորվելու ենք, գնանք, եթե խփեն` կոտորվելու ենք, պետք է փորձել դուրս գալ, ու տենց յա բախտի դուրս եկանք։ Ուշ երեկոյան արդեն հասանք Ստեփանակերտ։
Վերջին պահին ամեն ինչ հապշտապ եղավ, մինչդեռ մենք ժամանակ ունեինք, եթե իմանայինք, որ տարհանվելու ենք, բոլորն էլ կարող էին պատրաստվել դրան, փաստաթղթեր, առաջին անհրաժեշտության իրեր, շոր վերցնել։ Էն տարիներով մշակած տարհանման պլանները ի՞նչ եղան, եթե կազմակերպված ժողովրդին տարհանեին, կորուստներն էլ քիչ կլինեին։ Կամ թե չէ դիրքերում աշխարհազորը ի՞նչ պիտի աներ ավտոմատներով, միթե՞ հնարավոր չէր այդ ամենը կանխատեսել։
Ես հեռադիտակով միշտ նայում էի, դե Ակնաղբյուր, Ջրաղացներ գյուղերը մեր դեմն էր, Հադրութից եկող ճանապարհը տեսնում էինք, դրանց մեքենաների շարժը էնքան շատ էր, որ հասկանալի էր, որ ինչ որ բանի պատրաստվում են։ Մեր մոտ անկազմակերպվածությունը շատ էր։
Ափսոսալու շատ բան կա, ուղղակի, որ մտածում ես՝ ինչի՞ց ենք փրկվել, աչքիդ չի երևում, որ նայում ես կողքինիդ, մեկի որդին, մեկի ամուսինը, հայրը դիրքում է զոհվել, մեկինը կռվից ողջ մնացել, եկել պայթյունինա զոհ գնացել, արդեն լռում ես։
Ռաֆայելի կինը՝ տիկին Կարինեն արտասվախառն աչքերով հիշում է այդ օրը թխած սպիտակ հացը, որ այդպես էլ չհասցրեցին համտեսել, ու այնքան էր խուճապահար, որ նույնիսկ դուրս գալիս այդ հացը չվերցրեց, իմանալով, որ Ստեփանակերտում հաց չկա։
Սեպտեմբերի 18-ին ջրաղաց էինք գնացել, ալյուր աղել բերել, որ ամսի 19-ին պետք է հաց թխեինք, ու քանի որ մինչ այդ լրիվ սև հաց էինք ուտում, տղաս ասաց՝ մա՛մ, արի այս անգամ լրիվ սպիտակ հաց թխի, հետո էլի կխառնես։
Ամսի 19-ին խմորն արեցի, հացը թխեցի, էրեխես մտավ տուն, հացը վերցրեց, որ մի կտոր կտրի, պայթյունը որոտաց, մեկ էլ հացը դրեց, ինձ վերցրեց ու իջանք նկուղ։ Հետո լսեցի, որ ռումբն ընկել է աղջկաս թաղամասը, որտեղ որ ապրում էր, ցանկանում էի դուրս գալ գնալ երեխեքի հետևից, որովհետև արդեն խելագարվում էի, չգիտեի ի՞նչ է կատարվում, ամուսինս չթողեց, ինքը մի կերպ ձայն տվեց, քանի որ կապ չկար, ու երեխեքին տեղափոխեցին մեզ մոտ։
Մեր թաղը իբր համեմատաբար ապահով էր։ Աղջկաս երեխաները շատ փոքր են, մեկը գրկի երեխա է, եկան կիսատկլոր, բոբիկ, վախեցած։ Հարևանս էր թոռանս համար բոթասներ բերել, որ հագնի։ Ուշք ու միտքս երեխաներն էին, որ անընդհատ այդ պայթյունների հետ վախից լացում էին։ Էդպես մի քանի ժամ մնացինք նկուղում, ու որ եկան ասեցին թուրքերը հասնում են գյուղ, տենց էլ դուրս եկանք ճանապարհվեցինք։
Եթե պատկերացում ունենայինք, որ գյուղը ընկնելու է թուրքերի ձեռքը, էլի կարելի էր այդ ընթացքում շորեր, նկարներ, փաստաթղթեր վերցնել, բայց քանի որ մտածում էինք, էս ամեն ինչը շուտով կավարտվի, հասցրեցի մենակ փաստաթղթերը վերցնել։ Անգամ թխածս թարմ հացը չվերցրեցի, իմանալով որ ճանապարհ ենք գնում, հայտնի չէ, ինչ է լինելու, Արցախում էլ հաց գտնելը անհնար էր։ Գոնե մեր լուսանկարները վերցնեի․․․Աղջիկս չէր հասցրել նույնիսկ փաստաթղթերն ու ոսկեղենը վերցնել։
Սեպտեմբերի 19-ի օրվա վերջ վիճակն այնքան օրհասական էր, որ եթե Կարմիր գյուղի էտ հատվածում թուրքերի դեմը չառնեին, մեզ բոլորիս կոտորելու էին։
-Գյուղից բոլո՞րն են հասցրել դուրս գալ։
-Չէ, մի տարեց կին մնացել էր, մեծ կին էր, մրսում էր, նկուղում չմնաց, գնաց տուն ու էդպես մնաց։ Հետո Կարմիր խաչի միջոցով այդ կինը եկավ Հայաստան։ Պատմում է, որ հաջորդ առավոտյան դուրս է եկել գնացել բարեկամների տուն, տեսել մարդ չկա, եկել մեր տան մոտից իր բարեկամ Ստյոպային կանչել, մեր տնից հայերենով մեկն ասել է՝ Ստյոպան այստեղ է, արի, բարձրացել տեսել է թուրքերը մեր տանը նստած հաց են ուտում։ Տենց գերեվարել են։
-Իսկ Արցախից ե՞րբ ու ո՞նց եք դուրս եկել։
Արցախից դուրս ենք եկել սեպտեմբերի 25-ին, Ռաֆիկը միշտ տենց հոգեպահուստ բենզին պահում էր, մենք էլ որ եկել էինք Ստեփանակերտ, կանգ էինք առել Ռաֆիկի քրոջ թոռան տանը, հենց ինքն էլ կազմակերպել է մեր բոլորիս, նաև մեր հարազատների դուրս գալը։ Եթե մենք ամսի 25-ի առավոտյան դուրս չգայինք, մեր երեխաներն էլ էին լինելու էտ պայթյունի տեղը։
Սեպտեմբերի 26-ի երեկոյան հասել ենք Երևան։ Մենք Երևանում բարեկամ չունենք, Ռաֆիկի քրոջ տալը ապրում է Քասախ գյուղում, գնացինք իրենց տուն, էն էլ փոքր տուն, կանայք երեխաների հետ տանն էինք քնում, տղամարդիկ մեքենայի մեջ։ Այդպես մնացինք մինչև ամսի 28-ը։ Հետո բարեկամ-ընկերների միջոցով իմացանք, որ Լոռու Արջուտ գյուղում տուն կա, առանց երկար–բարակ մտածելու եկանք այստեղ, որովհետև նման պայմաններում երկար մնալ հնարավոր չէր։ Այդպես դարձանք գաղթական, մեր ձեռքբերումները, հաղթանակները ջուրը լցվեցին, կորցրեցինք մեր Հայրենիքն ու թանկ գերեզմանները։ 90-ականների պատերազմում զոհված եղբորս գերեզմանը մնաց անհաս․․․ բառերը խեղդվում են կոկորդում։
-Իսկ ինչպե՞ս եք ապրում նոր բնակավայրում։
-Ո՞նց ենք ապրում, շատ համեստ ձևերով, պետության տրված աջակցությունը օգտագործում ենք խնայողաբար։ Մեր տանտերն էլ շատ հիանալի մարդ է, ապրելու համար պայմանները ստեղծել է, ամեն ինչ նորմալ է, ուղղակի աշխատանք չկա, եթե աշխատանք լիներ, ես 100 տարի այս գյուղից գնացողը չեմ,- ասում է Ռաֆիկը։
-Իսկ կուզենայի՞ք, որ արցախյան համայնքները կոմպակտ ապրեն։
-Շատ մեծ սիրով, 120 հազարը՝ դա մի քանի լավ շենքի բնակիչա, արցախցիներին կոմպակտ տեղավորելը մեծ խնդիր չէ։ Այդպես նաև մեր տեղական մշակույթը, ավանդույթները կպահպանվեն, շատ հարցեր կլուծվեն, բայց ես չգիտեմ ՀՀ կառավարությունը ինչպե՞ս է տեսնում մեր ապագան։
-Շատ է խոսվում արցախցիների վերադարձի մասին, դուք պատրա՞ստ եք վերադառնալ, և ի՞նչ պայմաններով։
-Էտ վերադառնալու հարցը մի քիչ դժվար եմ պատկերացնում, հա, ինչ որ լուրեր են շրջանառվում, խոսում են, բայց դա ընդամենը խոսքեր են։ Այս պահին վերադարձը ռեալ չեմ համարում։ Իսկ կգնամ միայն մի պայմանով, եթե այնտեղ թուրք բառն անգամ չլինի։ Մնացած պայմանները, անվտանգությունը, մունք մեր հողում կստեղծենք, կապրենք։ Մեր անվտանգությունը ռուսը չի կարող ապահովել։ Մի գեղեցիկ առավոտ զարթնելու ենք ու էլի նույն պատմությունը, հնարավոր է նույնիսկ ավելի վատ։
Այս պահին մի բան եմ ուզում միայն, որ այն, ինչ մեզ հետ կատարվել է Արցախում, չտեղափոխվի այստեղ։
Արմինե Հայրապետյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: