«Զվարթնոց» օդանավակայանում ծառայությունը ամբողջությամբ պետք է իրականացնեն Հայաստանի սահմանապահները, Մոսկվան արդեն տեղեկացված է

  • 19:07 06.03.2024

Հայաստանի դիրքորոշումը այն է, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ծառայությունն ամբողջությամբ պետք է իրականացնեն Հայաստանի սահմանապահ զորքերը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք քննարկվում է ՌԴ սահմանապահներին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դուրս բերելու հարցը։

«Հայաստանը այս հարցում հստակ դիրքորոշում ունի և այդ հստակ դիրքորոշման մասին Ռուսաստանի Դաշնությանը տեղյակ պահել է պաշտոնական նամակով։

Հայաստանի դիրքորոշումն այն է, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ծառայությունը պետք է իրականացնեն Հայաստանի սահմանապահ զորքերը»,- ասաց Գրիգորյանը։

Հարցին, թե ինչու այդպիսի անհրաժեշտություն առաջացավ, Գրիգորյանը պատասխանեց, որ Հայաստանը անկախության շրջանում տարբեր ուղղություններով կարողություն է ձեռք բերում, և այս պահին Հայաստանը ամբողջական կարողություն ունի օդանավակայանում ամբողջությամբ վերահսկողություն իրականացնելու համար։

Ռուսաստանին հայտնի չէ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման մասին Երևանի կողմից ընդունված որևէ որոշում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերը՝ «Գիտելիք․ առաջինները»  ուսումնակրթական մարաթոնում ունեցած ելույթից:

«Ինչ վերաբերում է «Զվարթնոց»-ում ՌԴ սահմանապահներին, ապա այդ առումով, որքան, որ հասկանում ենք, որևէ որոշում չի եղել, և պաշտոնական խողովակներով մեզ ոչ ոք այդ որոշումների մասին չի հայտնել, մենք աշխատում ենք բոլոր ուղղություններով ինչպես ԱՊՀ, ԵԱՏՄ կառույցների շրջանակներում, այնպես էլ երկկողմ հարաբերությունների մակարդակում», – նշել է Պեսկովը։

Դմիտրի Պեսկովը նաև հավելել է, որ այժմ Ռուսաստանն ու Հայաստանն իրականացնում են մի շարք կարևոր նախագծեր և կշարունակեն իրականացնել դրանք հետագայում ևս: