Այս պահին Վերին Լարսում հայկական բեռնատարների համար արգելք չկա

  • 20:58 06.03.2024

Հայ արտահանողները լսել են, որ հնարավոր է արգելեն Վերին Լարսի անցակետով հայկական բեռնատարների մուտքը Ռուսաստան, բայց այսօրվա դրությամբ արտահանման հետ կապված որեւէ խնդիր չեն ունեցել։ «Օրիգինալ Տրանսպորտ Գրուպ» ընկերության տնօրեն Վարուժան Քոլյանը step1.am-ի հետ զրույցում ասաց, որ ծանոթ է մամուլում շրջանառվող այդ տեղեկություններին, բայց այսօրվա դրությամբ որեւէ խնդիր չկա։

«Մենք լսել ենք նման խոսակցություններ, բայց այս պահին որեւէ խնդիր չկա, մեքենաները նորմալ հատում են սահմանը։ Մենք այս պահին մեքենա ունենք, բարձված գնում է, եւ ինֆորմացիա չունենք, որ չեն թողնելու անցնել մաքսակետով»,-ասաց նա։ Վարուժան Քոլյանը նշեց, որ պատկան մարմիններից չեն փորձել տեղեկատվություն ստանալ այդ հարցով, Վերին Լարսի անցակետի մաքսավորներից են փորձել ճշտել՝ արդյոք այդ տեղեկությունները ճի՞շտ են։ «Մեզ մաքսավորներն ասել են, որ այս պահին նման խնդիր դրված չէ»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը։

Նշենք,որ ՌԴ-ում ՀՀ դեսպանության Վերին Լարսի անցակետում գտնվող մաքսային կցորդ Վահան Հակոբյանը նույնպես ասել էր, որ ռուս գործընկերները չեն հաստատում տեղեկությունը, թե Ռուսաստանը որոշել է մարտի 6-ից արգելել հայկական մեքենաների անցումը Վերին Լարս անցակետով։

Վերին Լարսի անցակետի ռուսական հատվածում պարբերաբար խնդիրներ են ստեղծվում հայ արտահանողների համար։ Նախորդ տարեվերջին՝ նոյեմբեր ամսին տեղեկություն եղավ, որ հայկական բեռնատարներին թույլ չեն տալիս հատել սահմանն ու անցնել Ռուսաստանի տարածք։ Այդ ժամանակ արտահանողները հայտարարեցին, որ ռուսական կողմը խստացրել է ֆիտոսանիտարական ստուգումները, բուսասանիտարական եւ անասնաբուժական հավաստագրերով բեռները սահմանը հատելու խնդիր են ունենում։ Միրգ-բանջարեղենով, կենդանական ծագում ունեցող ապրանքներով բեռնված մեքենաները հետ էին ուղարկվում Հայաստան։ Դրանից ամիսներ առաջ էլ դարձյալ ահազանգ եղավ, որ ռուսական կողմում ռենտգեն սարքավորումների պակաս կա, ինչը դժվարացնում էր ձեւակերպումների գործընթացը, գոյացել էին մեծ հերթեր։

Վարուժան Քոլյանից հետաքրքրվեցինք՝ այս փուլում արտահանողներն որեւէ խնդրի բախվո՞ւմ են։ «Հիմա մաքսակետը բնականոն աշխատում է, բայց ապրանքներ կան, որոնք հատուկ զննության են ենթարկվում։ Այդտեղ մեքենաներ կան, որոնք երկար սպասում են, բայց դա աշխատանքային պրոցես է, որպես բեռնափոխադրող՝ այս պահին ուրիշ խնդիր չեմ տեսնում»,- նշեց նա։

 

f