Forrights. Բռնի տեղահանումն ընթացել է զինված ադրբեջանցիների ճնշումների ներքո․«կանգնեցրել ու վախեցրել են»

  • 15:39 07.03.2024

Forrights

Արցախից բռնի տեղահանված 42-ամյա Ռուդիկ Առուշանյանը՝ 1, 3, 5, 8, 9, 11 տարեկան երեխաների և կնոջ հետ հաստատվել է Արարատի մարզի Նոյակերտ գյուղում։ Մի շարք սոցիալական խնդիրներ ունեն։ Մինչ օրվա հոգսերին անդրադառնալը Ռուդիկը պատմում է 44-օրյա պատերազմից հետո տեղից-տեղ բռնի տեղահանվելու մասին։

Ռուդիկ Առուշանյանը Հադրութի Դրախտիկ գյուղից է։ Այնտեղ ապրել է մինչև 44-օրյա պատերազմը։ Երբ գյուղում ապրելն անհնարին է եղել, կնոջն ու երեխաներին ուղարկել է Հայաստան, ինքը մասնակցել մարտական գործողություններին։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո փորձել են հաստատվել Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղում։ Այնտեղ, սակայն, ապրել են մեկ օր։ Նոյեմբերի 19-ին գնացել են, 20-ին՝ տեղահանվել։

«Նոյեմբերի 20-ին երեխաների հետ նստած հաց էինք ուտում, ադրբեջանցիները քացով դուռը բացեցին, լցվան տուն։ Ասացին՝ հելեք, գնացեք։  Իրենց ավտոների կալոնան կանգնեց, չորս հոգի զինված մտան տուն՝ ավտոմատները ձեռքերին։ Ասում է՝ ժամանակ ենք տվել, որ գնանք, ինչո՞ւ չեք գնացել, բայց մեզ բան ասող չի եղել։ Ռուսներ չկային հետները։ Կնոջս ու երեխաներիս ուղարկեցի, ես հետ եկա, ուզում էի փոքր երեխայիս իրերը վերցնեի։ Քացով խփեց ձեռքիս, պայուսակն ընկավ։ Տանն ինչ կար մնաց։ Երեխաները դամաշնիկով, լաթիկով դուրս եկան»,- Faorrights.am-ի հետ զրույցում պատմում է Ռուդիկ Առուշանյանը և նշում, որ մեծաթիվ զորք է լցվել Վազգենաշեն, չորս-հինգ հոգով լցվել են տներն ու բոլորին հանել։

Ադրբեջանցիների բռնի գործողություններից հետո Ռուդիկը սկսել է հայկական վերահսկողության տակ գտնվող գյուղերում տուն փնտրել, տեղափոխվել են Աշան։ Ռուդիկն ընտանիքի հետ մինչև սեպտեմբերի 19-ն ապրել է այս գյուղում։

«Կրակոցները, որ սկսվեցին երեխաների կեսը դպրոցում էին, գնացի բերեցի ու բարձրացա պոստեր։ Հանձնած էր, բայց մեզ չէին ասում, անիմաստ զոհեր տվեցինք, մենք չենք իմացել, որ հանձնած է։ Մեկ օր անցավ զանգեցին, թե զենքերը դրեք, իջեք, Ղարաբաղից դուրս ենք գալիս։ Դիրերում շատ վատ վիճակ էր»,-ասում է, որ այս պատմության դրական կողմնն այն է, որ դիրքում 9 հոգի են եղել, որևէ մեկը չի զոհվել կամ վիրավորվել։ Օգնել են նաև մյուս դիրքերի տղաներին դուրս գալ։

Ռուդիկը երրրորդ անգամ է ստիված եղել լքել իր տոնը։ Սեպտեմբերի 20-ին Աշանից եկել են Ստեփանակերտ։ Ընտանիքի բռնի տեղահանումն ընթացել է զինված ադրբեջանցիների ճնշումների ներքո։ «Գյուղից Ստեփանակերտ տանող ամբողջ ճանապարհին իրենք էին։ Կագնացնում էին ու ստուգում։ Օրինակ մեքենա է եղել, կանգնեցրել են ու սնունդը վերցրել, սոկերը վերցրել են։ Մինչև հասանք Ստեփանակերտ երեք-չորս տեղ կանգնած էին։ Ավտո է եղել, որ կանգնեցրել ու վախեցրել են, եղել է, որ հարվածել են մեքենային, իրենց լեզվով հայհոյել են, վատ վիճակ է եղել»։

Ռուդիկի ընտանիքն ապրում է սոցիալական ծանր պայմաններում։ Forrights.am-ի հետ զրույցում փոխանցում է, որ ՀՀ կառավարությունից աջակցությունը թերի է ստացել։ «100 հազար և 50 հազար դրամները լրիվ ստացել ենք (նկատի ունի յուրաքանչյուր անձի միանվագ տրվող 100 հազար և 50 հազար դրամները), 40+10 հազար դրամները նոյեմբեր, դեկտամբեր ամսվանից չեն ստացել, հունվարին միայն 200 հազար դրամ են փոխանցել, բայց չգիտեմ, թե դա ինչի համար է, մենք 8 հոգի ենք։ Գնում եմ սոցապ, ասում են՝ նստելու է քարտին, բայց, թե երբ կնստի, չգիտեմ»,-ասում է նա ու նշում, որ մինչ այս տրված գումարով տան համար օգտագործված գույք է առել՝ մահճակալ, պահարան, ինչպես նաև վառելափայտ, որն արդեն վերջացել է։

Ռուդիկը նաև էլեկտրական սղոց է գնել, որպեսզի գումարով փայտ կտրտի, սակայն, աշխատանքի առաջարկ դեռ հաճախակի չի ստանում։ Սպասում է գյուղատնտեսական աշխատանքերի մեկնարկին։

Ընտանիքը սննդի և խնամքի միջոցների կարիք ունի։ «Երեխաներին շոր ու կոշիկ գնելու գումար չկա, երեք դպրոցական երեխա ունեմ։ Անգամ փամփերս չկա, որ երեխային հագցնեմ»,-ասում է բազմազավակ մայրը։

Նարեկ Կիրակոսյան

f