Մարդկանց ուղեղները լվանալու արվեստին տիրապետող պոպուլիստ Փաշինյանը փորձում է իր անմիջական պարտականությունների կատարումը ներկայացնել որպես մեծ լավություն։ Փաշինյանը հայտարարում է, որ «ճանապարհներ ենք կառուցում, տներ ենք կառուցում», «մարդկանց եկամուտներն ենք ավելացնում», «բոլորին ստիպում են հարկեր վճարել», իբր սա ոչ թե իշխանության պարտականությունն է, այլ մեծ հրաշք, որը նախկինում ոչ ոք չի կարողացել անել։ Բայց ամենամեծ «ձեռքբերումը» Փաշինյանը համարում է այն, որ չեն գողանում։
Այսօր էկոնոմիկայի նախարարությունում նա ասաց. ««Բոլորս մեր առօրյա աշխատանքում ինչ-որ բաներ անում ենք ոչ կատարյալ, ինձնից սկսած՝ մնացածներով շարունակած: Գիծը, որը պետք է ուղենիշ լինի մեր անթերիությունը գնահատելու համար, հետևյալն է՝ արդյոք մենք պետական բյուջեի միջոցների նկատմամբ ոտնձգություն անում ենք, թե՝ ոչ: Սա կարևոր չափանիշ է:»։
Ինչպես ասում են՝ հասանք։ Այսինքն՝ մարդիկ նորից պետք է գնան ու ընտրեն Փաշինյանի կուսակցությունը միայն այն պատճառով, որ այն չի գողանում, թեպետ այս իշխանության ողջ տնտեսական քաղաքականությունը ժողովրդի գրպանը մտնել ու վերջին կոպեկը հանելն է։ Նույն տրամաբանությամբ բժիշկները կարող են պարծենալ, որ բուժում են մարդկանց, իսկ կոշկակարները՝ որ կոշիկներ են կարում և երբեք չեն մտնում իրենց հաճախորդների դրամապանակը՝ ամբողջ գումարը վերցնելու համար։
Փաշինյանն ակնհայտ անհեթեթություններ է ասում իր ամոթը կոծկելու համար։ Նա հո գիտի, որ իշխանության գնահատման «չափանիշը» նախընտրական ծրագրի իրականացումն է, որի համար նա ստացել է մանդատ և լիարժեք իշխանություն, այդ թվում՝ բռնության իրավունք։
Փաշինյանը փորձում է չհիշատակել այս «չափանիշը»՝ զբաղեցնելով ընտրողների ուշադրությունը նրանով, որ նրանք, տեսնում եք, բյուջեի նկատմամբ ոտնձգություն չեն անում։ Իսկ կատարե՞լ եք ձեր նախընտրական ծրագիրը։ Թե՞ կարծում եք, որ իրավունք ունեք ընթացքում փոխել կանոններն ու նախընտրական խոստումները։ Իսկ գուցե 2021 թվականին, երբ ներկայացնում էիք նախընտրական ծրագիրը, արդեն գիտեի՞ք, որ այն չեք իրականացնելու, չեք պաշտպանելու Արցախը, չեք կարողանա պաշտպանել երկրի ինքնիշխանությունը։
Նախընտրական ծրագրի չկատարումը եւ դրանով հանդերձ իշխանություն պահելը՝ պետական հանցագործություն են, ավելի վատ, քան «բյուջեի հանդեպ ոտնձգությունը»։ Փաշինյանի իշխանությունը պետք է իմանա, որ ընտրողները անմիտ զանգված չեն, որոնց ուղեղներն անընդհատ կարելի է լվանալ։
Հիշվում է՝ Պարույր Հայրիկյանն ասում էր, որ հանցագործության մասին ծանուցում կներկայացնի դատախազություն, քանի որ նախընտրական ծրագիրը չկատարելը հանցագործություն է։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: