ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն այսօր Գլխավոր դատախազության շենքի մոտ պահանջեց իրավական գնահատական տալ սահմանադրական բարեփոխումները ձախողած իշխանություններին։
Հայրիկյանը կոռուպցիոն հանցագործության վերաբերյալ հայտարարություն է ներկայացրել Գլխավոր դատախազություն։ Նա նշեց, որ սահմանադրական բարեփոխումների համար մոտ 200 մլն դրամ է ծախսվել, բայց անարդյունք։
«Հայաստան պետության բոլոր իրավապահները պարտավոր են անհապաղ միրջոցներ ձեռնարկել պետության իրավական բովանդակության դեմ ուղղված, պետությանը հսկայական վնասներ պատճառած այս շարունակական հանցագործությունը կասեցնելու եւ մեղավորներին պատժելու ուղղությամբ։ Ոչ թե մենք պետք է դիմեինք դատախազություն, այլ դատախազությունն ինքը պետք է արդեն գործ հարուցած լիներ։
Գործ ունենք ՀՀ քրեական օրենսդրությամբ նախատեսված մի շարք կոռուպցիոն հանցագործությունների հետ, ամենամեղմն անփութությունն է եւ իշխանության չարաշահումը, ապօրինի աշխատավարձերի հատկացումը, իրավական ակտի բովանդակության աղավաղումը։ Սակայն ամենակարեւորն այն է, որ այս կոռուպցիոն խումը ոտնձգություն է կատարել Հայաստաի Հանրապետության Սահմանադրության սրբության սրբոց, անփոփոխելի դրույթի դեմ, այն է՝ Հայաստանը իրավական պետություն է։
Հույս ենք հայտնում, որ Գլխավոր դատախազությունը կգիտակցի իր պատասխանատվությունը եւ այս անգամ հետեւողական կլինի իր պարտականությունները կատարելու հարցում»,- հայտարարեց Հայրիկյանը։
Նրա պահանջին միացել էին նաեւ այլ քաղաքական ու հասարակական գործիչներ։ Գլխավոր դատախազությունից տեղեկացրեցին, որ հանցագործության մասին դիմումին ընթացք է տրվել, այն ուղարկվել է Քննչական կոմիտե։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: