Հայասեր. «Շատ եմ ուզում աշխատանք գտնել և ընտանիքիս հոգսը ինքս հոգալ»

  • 21:26 07.03.2024

Հայասեր Պետրոսյանը ծնվել է 1988 թվականի մայիսի 25-ին Ստեփանակերտում։ Ավարտել է Ստեփանակերտի Եղիշե Չարենցի անվան N7 միջնակարգ դպրոցը։ Վերապրել է 4 պատերազմ:

Արցախյան առաջին պատերազմի սկզբում նա շատ փոքր էր, բայց հստակ հիշում է այդ սարսափելի տարիները։

«Ես երբեք չեմ մոռանա այդ ցուրտ ու քաղցած ժամանակները, մենք քնում ու արթնանում էինք արկերի պայթյունի ձայներից՝ մութ, խոնավ նկուղներում։ Ուտելու բան չկար, և այդպես շարունակվեց մինչև Շուշիի ազատագրումը։ Մենք գոյատևել ենք անմարդկային պայմաններում, քանի որ հավատում էինք հաղթանակին։ Բայց, ցավոք, արցախցիների փորձությունները դրանով չավարտվեցին, թեև մեր գործն արդար էր։

90-ականների պատերազմից հետո, թվում էր, թե խաղաղություն է եկել… Դպրոցն ավարտեցի ու սկսեցի ապագայի պլաններ կազմել։ 2015-ին ընտանիք կազմեցի, և բառացիորեն մեկ տարի անց նորից փորձանքը պատեց մեզ։ Ես, ինչպես բոլորը, ոտքի կանգնեցի պաշտպանելու իմ Հայրենիքը։ Չնայած այն հանգամանքին, որ պատերազմը տեւեց ընդամենը 4 օր, այն կարողացավ հարյուրավոր կյանքեր խլել, այդ թվում՝ ինձ մերձավոր մարդկանց։

Բայց չնայած կորուստներին, հաղթանակն այս անգամ եւս մերն էր։ Ինչպես ողջ արցախցիները, ես էլ ուժերս հավաքեցի ու շարունակեցի ապրել։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին ամեն ինչ կտրուկ փոխվեց։ Այս անգամ պատերազմը տարբերվում էր նախորդներից։ Հակառակորդը միաժամանակ սկսել է առաջխաղացումը շփման գծի ողջ երկայնքով։ Նա գերազանցում էր մեզ թե’ տեխնիկայով, թե’ կենդանի ուժով: Մենք ստիպված էինք պայքարել մի քանի պետությունների, ինչպես նաև ահաբեկչական խմբավորումների դեմ։ Բայց մեր մարտական ​​ոգին չկոտրվեց։ Մենք անհավասար մարտում շարունակեցինք պաշտպանել մեր ազգային շահերը։ Եվ, հավանաբար, կպաշտպանեին, եթե ամեն ինչ արդար լիներ։

Բայց պարտվեցինք։ Թեկուզ չարաբաստիկ պայմանագրի ստորագրումից հետո բոլորը վերադարձան հայրենիք՝ այն հույսով, որ վերջապես կգա այդքան սպասված խաղաղությունը։ Մեզ էլի խաբել են. ռուս խաղաղապահ ուժերի ներկայությամբ Ադրբեջանը ամեն կերպ ճնշում էր արցախցիներին։ Այն խաղաղությունը, որին մենք հույս ունեինք, փոխարինվեց 9-ամսյա շրջափակմամբ։ Մենք կրկին գոյատևեցինք անմարդկային պայմաններում։

2023 թվականի մարտին ես վթարի ենթարկվեցի և ողնաշարի վնասվածք ստացա։ Կարմիր խաչի օգնությամբ ինձ տեղափոխեցին Երեւան, որտեղ կատարվեց վիրահատությունը։ Երեւանում կարճատեւ մնալուց հետո վերադարձա Արցախ։ Վերականգնողական փուլ անցա Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնում, որտեղ ինձ շատ ջերմ ընդունեցին և ամեն ինչ արեցին ինձ լիարժեք կյանքի վերադարձնելու համար։ Կարելի է ասել, որ դա նրանց հաջողվել է։

Ինչ-որ չափով ես դարձա անկախ և ինքնավստահ, չնայած այն հանգամանքին, որ սայլակով էի։ Եվ միգուցե ամեն ինչ այլ կերպ կլիներ, եթե չլիներ սեպտեմբերի 19-ը։

Ընդամենը մեկ օր պատերազմ, բայց դարձյալ հարյուրավոր զոհեր, վիրավորներ և արդյունքում՝ հայրենիքի լիակատար կորուստ։ Մենք թողեցինք մեր տունը՝ ամեն ինչ։ Հարազատներն օգնեցին մեզ հեռանալ։ Երեք օր ճանապարհին էինք։ Ժամանելուց հետո մի քանի օր էլ ապրեցինք մեքենայում՝ բնակարան փնտրելով։

Հիմա ապրում ենք Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում, որտեղ 120.000 դրամով բնակարան գտանք։ Առանց կենցաղային տարրական պայմանների, սարսափելի վիճակում, պատերը խոնավ և բորբոսած։ Տաք ջուր չկար, ջեռուցման միջոց չկար։ Մենք ինքնուրույն արեցինք հնարավոր ամեն ինչ։

Ես երեք երեխա ունեմ։ Մեր ընտանիքում ոչ ոք չի աշխատում։ Մենք գոյատեւում ենք պետության կողմից արցախցիներին ցուցաբերվող օգնության շնորհիվ։ Քանի որ Արցախում ես չեմ հասցրել հաշմանդամության խումբ ստանալ, զրկված եմ նաեւ թոշակից։ Իսկ այստեղ դա կապված է մեծ դժվարությունների և ժամանակի հետ։

Շատ եմ ուզում աշխատանք գտնել և օգտագործել իմ ներուժը ընտանիքս պահելու համար»,- Step1.am-ի հետ զրույցում ասաց Հայասերը։

Արսեն Աղաջանյան

f