Անի Հայրապետյանը մանկական երեկույթների հանդիսավարի իր աշխատանքը չթողեց անգամ շրջափակման օրերին։ Մերթընդմերթ ռմբակոծվող, վտանգի տակ գտնվող ու քաղցած քաղաքում Անիի ընտանիքը ուժ գտավ ոչ միայն գոյատևելու, այլև իրենց էներգիան և ջերմությունը կիսելու փոքրիկ հայրենակիցների հետ: Վերջին օրերի հանդիսությունների ժամանակ նույնիսկ հյուրասիրություն չկար, բայց երեխաները մեկ տարի սպասել էին իրենց ծննդյան օրվան և անհրաժեշտ էր ամեն ինչ անել, որպեսզի ուրախանան։
Ծնունդով գյումրեցի, բայց ամբողջ գիտակից կյանքն Արցախում անցկացրած Անին իր մասնագիտությունն ընտրել էր դեռ մանկուց: Երեխաներին զվարճացնելու առաքելությունն ինքն ու ամուսինը իրենց վրա վերցրին և ստեղծեցին ընտանեկան կազմակերպություն: Գլխավոր նպատակն էր՝ հասնել Արցախի ամեն մի համայնք, լինել ամեն տեղ, որտեղ իրենց կարիքը կար: Շրջափակման օրերին ոտքով գյուղից քաղաք էին հասնում, որպեսզի առանց հյուրասիրության տոնվող ծնունդներին գոնե մուլտհերոսի ներկայությամբ ուրախացնեն:
Բռնի տեղահանման օրերը լի էին փորձություններով: «Մեր համայնքի`Բերքաձորի վրա շատ էին խփում, քանի որ երկու խոշոր ռազմական կարևորություն ունեցող կետեր կային, մենք չգիտեինք, հաջորդ հարվածը որտեղ կլիներ, բայց հետո հրաման ստացանք, որ պետք է տեղափոխվել հիմնական նկուղ: Գյուղը ռմբակոծվում էր, ու մենք արկերի տակ փորձում էինք փախչել: Երեխային գրկած վազում էի, երբ ուժասպառ եղա ու մտա հարևանի հավաբունը: Հետո իմացա, որ քույրս հասել է շենքի մոտ, ուր արդեն վիրավորներ կային:
Առաջին ժամվա ընթացքում մեզ գյուղից տարհանեցին և տարան Ստեփանակերտ: Մենք այլևս չկարողացանք վերադառնալ գյուղ: Այնտեղ միայն զինված տղամարդիկ էին մնացել: Կանայք երեխաների հետ նկուղում էին…ուտելու ոչ մի բան չկար: Բարի մարդիկ ռումբերի պայթյունների տակ մի բան էին բերում, որ տայինք երեխաներն ուտեն: Սեպտեմբերի 28-ի գիշերը մենք վերջապես վառելիք գտանք և դուրս եկանք»,- վերհիշում է նա:
Երևան հասնելուց անմիջապես հետո փորձեցին վարձով տուն գտնել, բայց վարձավճարները չափազանց թանկ էին: Հանգրվանեցին ծննդավայր Գյումրիում ու վերսկսեցին ընտանեկան բիզնեսը` այս անգամ ուրախացնելու են գյումրեցի երեխաներին:
Շատ կարճ ժամանակում ձեռք բերեցին մեծ թվով պատվիրատուներ: «Արցախցու թասիբը շատ բարձր է, արցախցիները աշխատասեր են: Աշխատելու ուժ չկա, մեր թևերը կոտրվել են, բայց պետք է շարունակել: Ինչ-որ մի բան պետք է մտածենք ոտքի կանգնելու համար»,- ասում է նա:
Տաթև Ազիզյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: