Հայաստանում իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2022 թվականի ֆինանսական հաշվետվությունում հայտնաբերվել են մի շարք խնդրահարույց կետեր, որոնք հարցեր են առաջացնում կուսակցության ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ՝ ասված է «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի» (OCCRP) հրապարակած հետաքննությունում, որը OCCRP-ի և նրա հայաստանյան գործընկերոջ՝ «ՍիվիլՆեթի» համատեղ աշխատանքի արդյունք է:
Հետաքննությունը պարզել է, որ կուսակցությանը նվիրատվություն կատարած բազմաթիվ անձինք տեղյակ չեն եղել իրենց անունից արված նվիրատվությունների մասին:
«2022 թվականին իշխող կուսակցությանն իբր գումարներ նվիրաբերած 140 անձանցից միայն վեցը չեն եղել «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուներ տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրություններում։ [Մեզ հետ զրույցում] 31 նվիրատուներից գրեթե կեսն ասացին, որ նման նվիրատվություններ չեն կատարել: Մյուսները պնդում էին, որ չեն հիշում՝ արդյո՞ք փոխանցել են գումար։ Ոմանք հրաժարվեցին պատասխանել հարցերին»,- նշված է OCCRP-ի կայքում տեղ գտած հրապարակման մեջ:
Ըստ հրապարակման, նվիրատվությունները արժանացել են հետաքննող լրագորղների ուշադրությանը նաև այն պատճառով, որ «[Հայաստանի] տասը քաղաքներում տեղական ինքնակառավարման մարմինների [ընտրությունների] առնվազն տասը թեկնածուներ նույն օրը նույնաչափ գումար են փոխանցել իշխող կուսակցությանը»: 26 նվիրատվությունների դեպքում դրանք կազմել են նրանց տարեկան եկամտի և ընդհանուր խնայողությունների առնվազն կեսը։ Չորսի դեպքում գումարը գերազանցել է նվիրատվության առավելագույն թույլատրելի չափը (2,5 մլն դրամ կամ 6 200 դոլար)՝ բացահայտել է հետաքննությունը:
Հետաքննության մեջ նշված է, որ կասկածելի գործարքներն ի հայտ են եկել մեկ տարի անց, երբ կառավարությունը հակակոռուպցիոն բարեփոխումների անցկացրեց՝ արգելելով կանխիկ նվիրատվությունները և փոխանցումներն իրավաբանական անձանցից, ինչպես նաև սահմանափակեց ֆիզիկական անձանց կողմից արվող վճարների չափը:
Հրապարաման մեջ մեջբերված փորձագետների կարծիքով, «բացահայտումները վկայում են քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման նոր սահմանափակումները շրջանցելու փորձերի մասին։ 2020 թվականին [իշխող] կուսակցությանն ուղղված նվիրատվությունները այլ տեսք ունեին՝ միջոցների մեծ մասը ստացվել էին մեծ գումարներով՝ ընկերություններից և գործարարներից»:
Հրապարակումը մեջբերում է որոշ գնահատականներ:
«Անհրաժեշտ միջոցներ ձեռք բերելու համար՝ քաղաքական կուսակցությունները, ամենայն հավանականությամբ, ուղիներ են փնտրում օրենքը շրջանցելու և անօրինական սխեմաներ օգտագործելու համար»,- OCCRP-ին ասել է Հայաստանում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը՝ շեշտելով. «Այս հետաքննության արդյունքները շատ կարևոր են և պահանջում են բացատրություն, և դրանով պետք է զբաղվեն պատկան մարմինները»:
Իր հերթին, Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանը, ըստ հրապարակման, համակարծիք է, որ «նվիրատվությունների բնույթը վկայում է կուսակցության միջոցների աղբյուրը թաքցնելու հավանական փորձի մասին:»
Նրա խոսքով, գումարը կարող էր «կանխիկ ստացվել տարբեր աղբյուրներից, այնուհետև փոխանցվել կուսակցությանը սեփական թեկնածուների անունից», իսկ «[թույլատրելի] շեմը գերազանցող նվիրատվությունները, հավանաբար, հետագայում փոքր մասով փոխանցվել են կուսակցությանը՝ այս գործարքների մասին անտեղյակ անձանց անունից»:
«Երկու երևույթներն էլ նոր չեն։ Նախկինում ևս եղել են նման դեպքեր: Դրանք ի հայտ կգան, եթե ուսումնասիրենք նախորդ տարիների քարոզարշավների ֆինանսավորման բյուջեները»,- պնդում է Վարդինե Գրիգորյանը:
Հրապարակումը նշում է, որ իշխող կուսակցությունից տակավին որևէ արձագանք չի ստացվել բացահայտումների վերաբերյալ:
«Ամերիկայի ձայնը» դիմել է շահագրգիռ բոլոր կողմերին՝ հավելյալ մեկնաբանություններ ստանալու խնդրանքով: