Հին Շենի գյուղապետ․ իմ տեղեկություններով՝ գյուղի գերեզմանոցը ոչնչացված չէ

  • 18:30 09.03.2024

Օրերս «Հայքի մշակույթի օմբուդսմենը» տեղեկություն տարածեց, որ ադրբեջանցի վանդալները շինարարական տեխնիկայի միջոցով ոչնչացրել են Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Հին Շեն բնակավայրի գերեզմանոցը։ Հին Շենի գյուղապետ Սամվել Սարգսյանը step1.am-ի հետ զրույցում ասաց, որ իր տեղեկություններով՝ դրանք հին կադրեր են, գյուղի գերեզմանոցը ոչնչացված չէ։

«Այդ տեղեկությունը սուտ է, կադրերն արել են այլընտրանքյաին ճանապարհը կառուցելու ժամանակ։ Իմ տեղեկություններով՝ գերեզմանոցին այսօրվա դրությամբ դեռ ձեռք չեն տվել»,- ասաց նա։

Հին Շենի բնակիչները բռնի տեղահանումից հետո հաստատվել են Հայաստանի տարբեր բնակավայրերում։ Սամվել Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գերեդասելի է, որպեսզի համայնքը մեկ բնակավայրում բնակվի, որպեսզի ավանդույթները պահպանվեն։ «Բայց այսօր մեր գյուղացիները ցրված են Հայաստանի գյուղերով՝ Մեղրիից մինչեւ Գյումրի, Վանաձոր, Լոռու մարզի տարբեր բնակավայրեր։ Մի տեղ չկա, որ մարդիկ մի տեղ հավաքվեն, այդպես ավելի ճիշտ կլիներ»,- ասաց համայնքի ղեկավարը։

Սամվել Սարգսյանն անդրադարձավ նաեւ կառավարության բնակապահովման ծրագրով արված առաջարկներին, ըստ որի՝ յուրաքանչյուր բռնի տեղահանված արցախցուն նախատեսվում է 3 մլն դրամ հատկացնել՝ բնակարանային խնդիրները լուծելու համար։ Ընդ որում՝ ընտանիքի չափահաս անդամների համար գումարը տրամադրվելու է հետ վերադարձնելու սկզունքով։

«Ո՞վ կարող է այդ գումարով տուն կառուցել կամ գնել։ Մեկ քմ արժեքը 300-400 հազար դրամ է, ոնց կարելի՞ է այդ արժեքով տուն սարքել կամ տուն գնել»,- ասաց Սամվել Սարգսյանը։ Անդրադառնալով կառավարության անդամների այն հայտարարություններին, թե մարզերում հնարավոր է այդ գումարով տուն ձեռք բերել, Սամվել Սարգսյանն ասաց․ «Ես ինքս մարզում եմ ապրում, երկու սենյականոց տունը 50-60 հազար դոլար արժե, այդ գումարը շատ քիչ է։ Նա հավելեց, որ ավելի ճիշտ կլինի, որ արցախցիների համար տներ կառուցեն, որպեսզի համայնքը մեկ թաղամասում միասին բնակություն հաստատի։ «Բայց խելքս չի կտրում, թե թույլ կտան այստեղ այդպիսի ծրագիր իրականացնել»,- ասաց Սարգսյանը։

f