Ռուսամե՞տ, թուրքամե՞տ, թե՞ արևմտամետ

  • 09:11 11.03.2024

Կետ առ կետ պարզաբանում:

1. Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին իշխանությունը ստացել է ռուսական մանդատով, կամ հասարակ լեզվով ասած ռուսական թողտվությամբ:

2. Իր իշխանության գրեթե 6 տարիների ընթացքում ոչ մի քայլ չի արել, որպեսզի Հայաստանը դուրս բերի ռուսական գաղութային լծից: Հայաստանը շարունակում է անդամակցել ՀԱՊԿ-ին, ԵՏՄ-ին, ԱՊՀ-ին, ռուսական ռազմաբազան շարունակում է մնալ Գյումրիում, հայ-թուրքական և հայ-իրանական սահմանների վրա ռուսական ФСБ-ն է կանգնած, Զվարթնոց օդանավակայանում նույնպես դեռևս առկա է ռուսական ФСБ-ն (թեև իշխանությունները պնդում են, որ ФСБ-ի մաքսային հսկողության աշխատողներին պատրաստվում են փոխարինել հայերով, բայց որոշ տեղեկությունների համաձայն՝ Մոսկվան այդպիսի պաշտոնական հարցում չի ստացել), վերջին 3 տարիների ընթացքում Սյունիքում ռուսական զորքեր են հայտնվել և բազմացել են,  իսկ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն, ի հեճուկս արևմուտքի առաջարկների՝ Փաշինյանը նախընտրեց ռուս «խաղաղապահներին», ինչի արդյունքում Արցախը հանձնվեց: Ի հավելումն այս ամենի, գրեթե 6 տարիների ընթացքում ԱԱԾ-ն և մյուս ուժային կառույցները մնացին ռուսական վերահսկողության ներքո:

3. 2021 թվականից սկսած՝ Նիկոլ Փաշինյանը վարում է նաև թուրքամետ քաղաքականություն: Հիմնվելով նրա այն հայտարարությունների վրա, ըստ որոնց, «Արցախը Ադրբեջան է,  հայությունը պետք է շրջի Արցախի էջը,  պետք է մոռանա մեր օկուպացված այլ տարածքների մասին,  պետք է հանի իր գիտակցությունից ազգային խորհրդանիշ Արարատը», ինչպես նաև հիմք ընդունելով նրա այն հայտարարությունը, ըստ որի, մենք պետք է փոխենք Սահմանադրությունը՝ հանելով ազգային նպատակների մասին վկայող բոլոր կետերը, և այլն, պարզ է դառնում, որ Փաշինյանը սպասարկում է նաև թուրքական շահերը:

4. Երբ ասում ենք, որ նա վարում է թուրքամետ քաղաքականություն, դա չի փոխում այն փաստը, որ նա շարունակում է սպասարկել ռուսական շահերը։ Ասելով, որ նա սպասարկում է թուրքական շահերը, մենք ենթադրում ենք, որ նա սպասարկում է ռուս-թուրքական տանդեմի ծրագրերը։ Եւ ընդհակառակը, երբ ասում ենք, որ նա սպասարկում է ռուսական շահերը, մենք նույնպես նկատի ունենք, որ նա սպասարկում է ռուս-թուրքական տանդեմի ծրագրերը։

5. Ներկայիս աշխարհաքաղաքական գործընթացների արդյունքում Ռուսաստանը կլքի մեր տարածաշրջանը: Լքելուց առաջ, նա պատժելու է իր օգտագործած խամաճիկներին:

Չնայած այս քաղաքական իրականությանը, ռուսական պետությունն իր ծրագրերում նման նպատակներ չունի, և, իհարկե, նման ցանկություն չունի։ Ավելին, Ուկրաինայում «հաջողությունից» հետո, նրանք պատրաստվում են ներխուժել Վրաստան, ապա Հայաստան՝ օգտագործելով Ադրբեջանին, ադրբեջանականացնելով Սյունիքը և ՀԱՊԿ-ի «խաղաղապահ» զորքերի միջոցով ռուսականացնելով մնացած Հայաստանը: Դրանից հետո կամ ընթացքում, նրանք նույնպես պատժելու են իրենց օգտագործած խամաճիկներին: Ինչպես դա արեցին ամիսներ առաջ Արցախում:

6. Փաշինյանը դավաճան է, բայց նա միամիտ չէ: Իրական քայլեր չձեռնարկելով ռուսական ազդեցությունից պոկվելու համար՝ նա կեղծ իրականություն է ստեղծում, որ ինքը շարժվում է դեպի արևմուտք, դա`

ա. Փաշինյանի համար ռուսական պատժից խուսափելու, անվտանգության բարձիկներ գտնելու միջոց է,

բ. Կրեմլի համար էլ, Փաշինյանի այդ կեղծ արեւմտամետությունը ձեռնտու է, որպեսզի հետագայում իր վրայից Հայաստանի կործանման բոլոր մեղքերը մաքրելու նպատակով` գցի ամեն բան Արևմուտքի ու Նիկոլ Փաշինյանի վրա` իշխանությունը փոխանցելով մյուս իր խամաճիկներին և վերջնականապես զավթի Հայաստանը:

7. Քիչ հավանական է, համենայնդեպս կա տարբերակ, որ Մոսկվայում քաոսի սկզբի և Ռուսաստանի գահավիժմանը զուգահեռ, ինչպես նաև արևմուտքի կողմից որոշակի երաշխիքներ ստանալուց հետո՝ փաշինյանական ռեժիմը միայն ու միայն իրենց անվտանգությունը, և ինչու ոչ, ժամանակավորապես պաշտոնները պահպանելու նպատակով, լքի կործանվող ռուսական նավը` դուրս գալով  ՀԱՊԿ-ից և Ռուսաստանին ենթակա այլ կառույցներից:

Սակայն դա չի բերելու Հայաստանի կայացմանը, քանզի

ա. Փաշինյանական ռեժիմը չի վերածի Հայաստանը սուբյեկտի: Իսկ օբյեկտը չի կարող ունենալ արտաքին աջակցություն, և նրա զավակները միշտ մահացու վտանգի ներքո կլինեն:

բ. ՀԱՊԿ-ից դուրս գալով ռազմավարական առաջընթացի չենք հասնի, եթե Հայաստանը պետք է մնա 29 800 ք/կմ շրջանակներում, դրանով իսկ մնալով 1921 թ. Մոսկվայի պայմանագրով ամրագրված ռուս-թուրքական ճիրաններում և մշտապես լինելով թուրքական վտանգի տակ: Իսկ այս վարչակազմը երբեք դուրս չի՛ գա 29 800 ք/կմ շրջանակներից:

գ. Մնալով ռուս-թուրքական տարածաշրջանային ճարտարապետությանը հավատարիմ, ներկա իշխանությունները չե՛ն ստեղծի հարձակողական ազգային բանակ, հիմնված «Ազգ-բանակ»  հայեցակարգի վրա, և նույնիսկ ունենալով արևմուտքի կողմից որոշակի անվտանգային երաշխիքներ, սակայն վարելով թրքահաճո զիջողական քաղաքականություն, առաջին իսկ աշխարհաքաղաքական ցնցումների դեպքում, որոնք հաճախակի բնույթ են ունենալու առաջիկա տարիներին, կբերի նրան, որ թուրք-ադրբեջանական տանդեմը կկտրի Սյունիքի բարակ պարանոցը:

Ամփոփում. Նիկոլ Փաշինյանը` ռուս-թուրքական տանդեմի կատարածու է:

Սամվել Ասլիկյան. Ազգային-Ժողովրդավարական Բևեռի անդամ

f