Մարտակերտի Վաղուհաս գյուղից բռնի տեղահանված Արմեն Միքայելյանը հրատարակել է իր երկրորդ գիրքը` «Արյան պես տաք» վերնագրով: Բանաստեղծությունների շարքում ծննդավայրն է`առավոտյան արևի, բուրավետ դաշտերի, օջախի ամեն անկյունի, թռչունների ծլվլոցի, անտառներում քամու շշուկի նկարագրությամբ: Նրա աչքերով` հայրենիքը մի գունագեղ պատկեր է, որտեղ արտացոլվում են հույսերն ու երազանքները, իսկ սիրտը բաբախում է բնության հետ ներդաշնակ:
Երանի ձեզ, քամիներ,
Շրջում եք լուռ, աննկատ
Մեր լեռներով գեղանի
Եվ Ձորերով անհատակ:
Արմեն Միքայելյանի գրական կեղծանունը` Արմեն Ավո, ունի իր ստեղծման պատմությունը: Ժամանակին հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին նկատել էր, որ Արմենը յուրահատուկ սեր ունի Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունների նկատմամբ: Այստեղից էլ Ավո կեղծանունը, բայց Արմենը այն ներկայացնում է որպես հապավում` Արցախի վիրավոր որդի:
«Ճիշտն ասած, չեմ կարող բացատրել, թե ինչպես սկսեցի ստեղծագործել, ինչպես է ծնունդ առնում ստեղծագործությունը: Առաջին բանաստեղծություններս գրել եմ 2018թ. և արդեն 6 տարի է, ինչ ստեղծագործում եմ»,- ասում է Արմենը:
Գյուղում ուներ մեծ գրադարան և ձեռագիր աշխատանքներ, ամբողջական անտիպ ժողովածու, որոնք, ցավոք սրտի, մնացին այնտեղ: Իր հետ բերեց միայն այն, ինչ հեռախոսի մեջ կար:
Առաջին գիրքը հրատարակվել է 2022 թ.` «Քեզ ճանաչելով, ես ինձ իմանամ»: Բանաստեղծական ժողովածուն ծառայությունն ավարտելուց հետո է գրել: Շրջափակման պատճառով չկարողացավ անմիջապես տեսնել իր գիրքը: Գրողի և գրքի առաջին հանդիպումը կայացել է միայն 2023 թ. տեղահանոււմից հետո:
Արմեն Ավոյի ստեղծագործական առաջին ներշնչանքը ծննդավայրն էր: Այն հարցին, թե հիմա որն է լինելու ստեղծագործությունների թեման, դժվարանում է պատասխանել: Այնտեղ թողել է մի ամբողջ կյանք` մանկության գեղեցիկ ապրումներ և պահեր, պատանեկության եռանդ ու կայծ, բայց փորձելու է հայ ընթերցողին հույս և լույս փոխանցել: Բանաստեղծի երկու գրքերը ձեռք բերելու համար անհրաժեշտ է գրել նրա ֆեյսբուքյան էջին:
Տաթև Ազիզյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: