Հին շեն․ Ճակատագրով պայքարողը

  • 10:53 11.03.2024

Արցախի Հին շենը գտնվում է  Շուշիի շրջանում,  նախկինում՝ Բերդաձոր գավառում։ Գյուղը տարածվում է Հավքաղաց (Սաղսաղան), Համզասար լեռների հարավ-արևմտյան մասում, Չիման և Ըլանանց գետերի հովիտներում։

Կապված աշխարհագրական դիրքի հետ գյուղն իր հարատևման համար ստիպված էր անընդհատ պայքարել ու վասն հայրենյաց զոհասեղանին դնել զավակներից լավագույններին։ Այդպես էր Շահ Աբասի օրոք, այդպես էր ռուս- պարսկական պատերազմի, հայ–թաթարական ընդհարումների ժամանակ, երբ Բերդաձորի ենթաշրջանը հայտնվել էր դեպքերի կիզակետում։

Բերդաձորի հայերը շատ փորձությունների միջով անցան և որոշ ընտանիքներ ապահովության համար տեղափոխվեցին Չափար, Զարդախաչ, Չլդրան գյուղերը։

1918 թվականը մարտահրավերներով լի էր նաև այս ենթաշրջանի համար։ Նույն թվականի հուլիս-օգոստոս ամիսներին հայ ինքնապաշտպանների և թուրք-թաթարական հրոսակախմբերի միջև ծանր մարտեր են տեղի ունենում և շուրջ 700 բերդաձորցիներ իրենց մասնակցությունն էին ունենում մարտական գործողություններին։ Սյունիքի կողմից հայկական ուժերի ծավալած գործողությունների արդյունքում օգոստոսի 25-ին ղարաբաղյան կողմը, ունենալով 20 սպանված ու 35 վիրավոր, ստիպված եղավ նահանջել։ Թշնամու ճնշումների տակ դատարկվում են Բերդաձորի հյուսիսային գյուղերը։

Ինքնապաշտպանական ուժերի հետ միասին Բերդաձորի ենթաշրջանի գյուղերից շուրջ 5000 խաղաղ բնակիչներ հեռացան հայրենի օջախներից և ապաստանեցին Շուշիում, Վարանդայի և Խաչենի  գյուղերում։

Արցախում խորհրդային կարգերի հաստատվելուց հետո բերդաձորցիների մի մասը տեղափոխվեց հարազատ բնակավայրեր և նորից սկսեց նոր շունչ տալ թուրքերի կողմից ավերված բնօրրանին։ Ու չնայած բազում կորուստներին ու զրկանքներին Հին շենի բնակիչները իրենց պապերի օջախները շեն պահելու ձգտումով նորից վերադարձան։ Գյուղի հայտնի ազգատոհմերից են` Դերունք, Յուղուտանք, Գիլբիսարանք, Բոզունք, Բալապուղունք, Բուղունք, Քյասունք, Ճոռունք, Աթայանք, Գյուլդադունք, Բրումանք, Ափոնք, Նոթունք, Ջափունք, Զոկառանք, Ջինգիրանք, Թինդիվանք, Իշլիմազանք։

1918 թվականի տվյալներով Բերդաձորի ենթաշրջանի հայկական գյուղերում կար 800 տնտեսություն և շուրջ 5000 ազգաբնակչություն։ Պատկերը էականորեն փոխվեց խորհրդային տարիներին, երբ Ադրբեջանը հետևողականորեն վարում էր ենթաշրջանի հայաթափման քաղաականություն։ 1989 թվականին Հին շենում ապրում էր ընդամենը 201 բնակիչ։

Արցախյան ազատագրական շարժման տարիները ծանր ու փորձություններով լի մի ժամանակաշրջան էր Բերդաձորի ենթաշրջանի գյուղերի համար։ Շրջապատված ադրբեջանական բնակավայրերով 1988-1991 թվականներին գյուղի ազգաբնակչությունը՝ Առնո Մկրտչյանի գլխավորությամբ կենաց ու մահու պայքար սկսեց։ Սակայն «Օղակ» ռազմական գործողության ժամանակ ուժերն անհավասար էին ադրբեջանական ՕՄՕՆ-ի ու խորհրդային բանակի համատեղ ուժերի դեմ։

1991 թվականի մայիսի 18-ին բռնատեղահանված մյուս բնակավայրերի ճակատագրին արժանացան նաև Հին շեն գյուղի հայերը։ Տեղահանությունն ուղեկցվում էր բռնություններով և թալանով։

Պայքարի կազմակերպիչ, լեգենդար Առնո Մկրտչյանին դավադրաբար ձերբակալեցին և Բաքվի բանտում կտտանքների ենթարկելով 1993 թվականին սպանեցին։ 1992 թվականի մայիսին գյուղն ազատագրվեց։

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո գյուղը կրկին հայտնվեց մղձավանջի մեջ։ Թշնամին հենց գյուղի ամենամոտ բարձունքի վրա էր դիրքավորված, որտեղից դիտարկվում էր բնակիչների ամեն մի շարժը։ Հերթական այցելություններից մեկի ժամանակ, երբ անվտանգության մասին խոսք գնաց ու ակնարկեցինք գյուղում տեղակայված ռուսների մասին, գյուղի կանանցից մեկն ասաց․

-Ես «Օղակ» գործողություն եմ տեսել և ես ամենավերջին հիմարը կլինեմ, եթե վստահեմ ռուսին, մեզ լավ օրեր չեն սպասվում, մենք ուղղակի էս հողին մեռածն ենք, մահապարտի պես եկել կանգնել ենք մահվան բերան, մեր փոքրերի հետ․․․

Նույնիսկ փորձված տառապանքի դեպքում, մենք կրկնեցինք նույն սխալները, իսկ Հին շենի այդ կինը ճիշտ էր։ Այսօր Հին շենը թշնամին կրկին բռնազավթել, ու վերացնում է բոլոր այն հետքերը, որոնք վկայում են գյուղի երբեմնի հայկականության մասին։ Նա ավերում է գյուղի գերեզմանոցը, որտեղ հանգչում են պատմական տարբեր հանգրվաններում գյուղը պաշտպանած, գյուղը շենացրած հայերը։

Հին շենի բնակիչները կրկին կվերադառնա՞ն արդյոք իրենց հայրենի բնօրրանը, կհանգստանա՞ն նրանց ապուպապերի հոգիները, կախված է այսօրվա մեր ողջախոհությունից։

Արմինե Հայրապետյան

f