Ստեփանակերտում տեղի ունեցած բենզինի պահեստի պայթյունը կապված էր րոպե առաջ դուրս գալու տրամաբանության հետ։ Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Երբ ամբողջ կառավարումը կորցնելով մարդկանց ասում են՝ գնացեք, անգարներից բենզին վերցրեք՝ առանց հսկողության։ Ես տեսնում էի, որ այդ թվում՝ օտար ուժեր, կային արտաքին ուժեր, ովքեր նաեւ դրդում են էթնիկ զտումները կազմակերպող հիմնական ուժին եւ աջակցում են նրանց, որ ԼՂ հայերը րոպե առաջ դուրս գան, ինչի՞ համար, որովհետեւ նրանք հայտարարել էին Հայաստանում իշխանափոխության մեկնարկը եւ տեսնում էին, որ Հայաստանում իրենց ռեսուրսները չեն հերիքում հեղափոխություն անելու համար։ Նրանց հարկավոր էր թեկուզ Ղարաբաղի գնով ռեսուրս բերել որպեսզի Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխություն տեղի ունենա։ Այնպես չէ, որ այդ նկրտումները ավարտվել են, դրանք շարունակվում են»,- նշեց նա։
Ցինիզմի անհասանելի հատակը դեռ հեռու է։ Բացատրել 150 հազար մարդու զոհաբերելու սեփական որոշումը, «Ղարաբաղը ադրբեջան է», «մենք չենք վտանգի Հայաստանը հանուն Ղարաբաղի» ցինիկ արտահայտությունները նրանով, որ արցախցիները որոշել են գալ Երեւանում իշխանափոխություն անել, ցինիզմից մի քիչ ավելին է պահանջում։
Բա ո՞ւր մնացին, 6 ամսվա մեջ մի անգամ գոնե բողոքի ակցիա անեին։ Իսկ սեպտեմբերի 19-ին, երբ Արցախի բնակչության կեսը՝ բացի Ստեփանակերտից, տեղահանվեց, 200 մարդ սպանվեց, մարդիկ ոտքով, անտառներով հասան Ստեփանակերտի օդանավակայան, ճանապարհները փակվեցին, էլի՞ Փաշինյանից իշխանությունը խլելու համար էր։
«Մենք գիտեինք՝ եթե շատ փող լինի, խնդիրները կլուծվեն»՝ Փաշինյանի այս արտահայտությունը ամեն ինչ ասում է։ Փող եւ իշխանություն․ ըստ Փաշինյանի՝ ամեն ինչ հանուն դրա է արվում։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: