Առաջարկություն․ միջազգային դոնորների համաժողով արցախցիներին աջակցելու համար

  • 23:13 12.03.2024

Step1.am-ի զրուցակիցն է «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը։

-Պարոն Հայրյան, արցախցիների շրջանում դժգոհություն է առաջացրել Հայաստանի կառավարության բնակապահովման ծրագիրը։ Ինչպե՞ս եք դուք պետկերացնում արցախցիների բնակարանային հարցի լուծումը, ի՞նչ տարբերակներ կարելի է կիրառել։

– Տարբեր մոտեցումներ կան հարցի վերաբերյալ։ Ժողովրդական մակարդակում արցախցիներն ասում են՝ մենք քաղաքական հարցեր չունենք, բնակարաններ ենք ուզում, բայց բնակարանների հարցը, պարզվում է, ամենամեծ քաղաքական հարցն է, որովհետեւ կապված է գումարների հետ։

Հարցի լուծման երկու ճանապարհ ենք տեսնում՝ մեկը Հայաստանի բյուջեից հատկացումների միջոցով լուծել խնդիրը, մյուսը՝ Հայաստանը պետք է քաղական կամք դրսեւորի եւ միջազգային հանրությանը ներգրավի գործընթացին։ Մենք փորձում ենք տարբեր հանդիպումների ժամանակ բացատրել հարցի բուն նշանակությունը հայ ազգի եւ արցախցիների ապագայի համար։ Հարցի լուծումը պետք է լինի համապարփակ քաղաքական որոշում, բայց կառավարությունը կարծես թե նման մոտեցումներ չունի։

Ուզում ենք հուշել, առաջարկել կառավարությանը՝ քանի որ Հայաստանի բյուջեի համեմատ շատ մեծ փողեր են պետք արցախցիների բնակարանային խնդիրները ցիվիլ մակարդակով լուծելու համար, իսկ ՀՀ-ն այդպիսի հնարավորություններ չունի, ուրեմն պետք է ՀՀ կառավարությունը գեներացնի այսպիսի մի նախաձեռնություն՝ միջազգային հանրության շրջանում կազմակերպի միջազգային դոնորների համաժողով՝ ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի։

Հակամարտությունների, բնական աղետների զոհերին աջակցելու միջազգային այս ձեւաչափը վերջին տարիներին շատ է կիրառվել Ուկրաինայում, Սիրիայում, Թուրքիայում։ Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ համաժողովի անցկացումը ոչ միայն կլուծի բնակարանային հարցերը, այլեւ էական օգուտներ կբերի ՀՀ-ին մի շարք ոլորտներում՝ ժողովրդավարություն, ֆինանսներ, տնտեսություն, անվտանգություն, մարդկային ռեսուրսների հզորացում։ Այսինքն՝ արցախցիները կմնան այստեղ եւ չեն արտագաղթի։

Միջազգային դոնորների համաժողով անցկացնելու փաստը նաեւ քաղաքական դիվիդենտներ կբերի Հայաստանի Հանրապետությանը, միջազգային հարաբերություններում դիրքերը կամրացնի։ Ամեն ինչ կախված է համաժողովի հաջող կազմակերպումից եւ անցկացումից։ Դա պահանջում է մեծ աշխատանք պոտենցիալ դոնոր երկրների հետ։ Այդ բանակցությունները պետք է վարել եւ գրեթե պահանջատիրության դիրքից պետք է խոսել այն երկրների իշխանությունների հետ, որոնք 1990-ականներից իրենց վրա են վերցրել Արցախի հարցի խաղաղ լուծման պատասխանատվությունը, օրինակ, Մինսկի խմբի երկրները։

Դրանից բացի, մենք գիտենք, որ 2023 թվականի սեպտեմբերին Ստամբուլում հավաքվել, անցկացրել են փակ հանդիպում, որին հաջորդել է Ադրբեջանի ագրեսիան Արցախում։ Այսինքն՝ ԵՄ-ն, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, որոնք այդ հանդիպումն անցկացրել են, ընդ որում, լուրջ մտահոգություններ կան, որ նրանք իրենց կոնսենսուսային որոշումը կայացրել են եւ Ադրբեջանին թույլ են տվել այդ հարձակումն իրականացնել, նրանք ինչ-որ տեղ պատասխանատու են Արցախի ժողովրդին բնակարաններով ապահովելու համար։ Քանի որ նրանց հարցերը չեն կարողացել լուծել Արցախում, ուրեն պարտավոր են այստեղ լուծել։

Ես մի քանի դեպք հիշեցնեմ՝ առաջինը ԱՄՆ Պետքարտուղարությունում հաստատել են, որ Ստանբուլում Մինսկի խմբի համանախագահների հանդիպում է կայացել։ Ֆրանիսան չի եղել, բայց Ֆրանսիայի փոխարեն ԵՄ-ն է եղել։ Այնտեղ քննարկվել ու հաստատվել են Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիան եւ էթնիկ զտումների իրականացումը։ Նույնիսկ Էրդողանն է լկտիություն ունեցել եւ հայտարարել, որ Փաշինյանը տեղյակ էր հարձակման մասին։ Եթե Էրդողանի ասածը ճիշտ է, նշանակում է Փաշինյանի պատասխանատվությունը կրկնակի, եռակի ավելանում է։

Որոշ երկրներ հիմա գումարներ են հատկացնում արցախցիների համար, բայց դրանք փոքր են, քանի որ Հայաստանի կառավարությունն ինքը դեռեւս չի ցանկանում համապարփակ ծրագիր մշակել՝ հարցը լուծելու համար։

Եթե Հայաստանի կառավարությունը, ռուս-թուրքական տանդեիմին տուրք տալով, չի գնալու ի աջակցություն ԼՂ ժողովրդի միջազգային դոնորների համաժողով կազմակերպելու ճանապարհով, եթե դա արվելու է Հայաստանի բյուջեի հաշվին, այստեղ էլ երկու ճանապարհ կա։ Մեկն այն է, որ եթե Հայաստանը եւս երեք տարի միջպետական վարկ հատկացնի Արցախին՝ բնակարանաշինության համար, կարելի է միջազգային չափանիշներին համապատասխան գումարներ ներդնել եւ արցախիների հարցերը լուծել։

Որոշ մարդիկ ասում են՝ պետք է այնպես արվի, որ արցախցիների հարցը լուծելը լարվածություն չառաջացնի Հայաստանի ժողովրդի մոտ, բայց ինձ թվում է՝ ՀՀ իշխանությունները ոչ թե վախենում են, այլ կարելի է ասել՝ իրենք են նախաձեռնություն ցուցաբերում, որպեսզի այդ լարվածությունն առաջանա։ Այդպես կարելի է բացատրել Փաշինյանի՝ Մյունխենում արած հայտարարության այն հատվածը, որ Հայաստանի բնակիչներին էլ պետք է ապահովել բնակարններով։ Մեզ առաջարկված վերջին փաթեթում ամենաանհեթեթ, ամենաանհասկանալի, ոչ հայկական դիրքերից ելնող կետն այն է, որ ասում են՝ քաղաքացիություն ընդունեք, որպեսզի ձեզ տանք այս չնչին գումարը։ Նրանք առաջարկում են այսպիսի բան՝ փող տանք, արցախցիները քաղաքացիություն ձեռք բերեն, եւ վերջ, արցախցիները Հայաստանի քաղաքացի են, մեկ անգամ փող են ստացել, հետո ձայները մեզ, կնստեն։ Ոչ Արցախի համայնք, ոչ Արցախ վերադարձի հարց չի լինի այլեւս։

-Ձեր առաջարկությունները կառավարությունում հաշվի առնո՞ւմ են, քննարկո՞ւմ են։

-Մեր բոլոր առաջարկությունները նրանք մոտ ոչ մի բան չի առաջացնում։ Այստեղ եզրակացնում ենք, որ երեւի չեն ուզում լուծել հարցերը։ Մենք նրանց միշտ առաջարկում ենք, որ մեզ սոցիալական բնակարաններ տան։ Այս հարցն ընդհանրապես չեն ուզում քննարկել։ Ժամանակակից աշխարհում տարբեր մեթոդներ կան՝ բնակարանային հարցերը լուծելու համար։ Տներ կառուցելու ավստրիական, չինական տարբերակներ կան, ուսումնասիրել ենք չինական տարբերակը, 18-20 հազար դոլարով հնարավոր է 4-5 սենյականոց բնակարան հավաքել։ Այսինքն՝ Հայաստանի կառավարությունը պետք է ընդամենն իրականացնի հողահատկացումը, եւ շատ թեթեւ գումարներով կարողանալու են հարցը լուծել։ Այսինքն՝ նույնիսկ Հայաստանի սուղ բյուջետային միջոցների հաշվին հնարավոր է որոշ տարածքներում հողահատկացում անել եւ այդ հավաքովի տնակների տարբերակը կիրառել։

Սոցիալական բնակարաններ կառուցելով՝  համահայկական շահերից ելնելով երկու բան պետք է հաշվի առնվի։ Առաջինը՝ պետք է Արցախի համայնքը պաշտպանվի, երկրորդ՝ Արցախ վերադարձի հարցը պահպանվի։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Արցախի քաղաքական ու քաղաքացիական ուժերը վերջրերս ուղերձ էին հղել, որտեղ ներկայացված են այն 5 պայմանները, որոնց առկայության դեպքում միայն մենք պետք է վերադառնանք Արցախ։

Վերադառնալով Հայաստանի կառավարությանը՝ հիշեցնեմ, որ նույն Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2050 թվականին Հայաստանի բնակչությունը պետք է հասցնեն 5 մլն-ի։ Եթե արցախցիներին այստեղից քշում է, ո՞ւմ միջոցով են ուզում բնակչության թիվը հասցնել 5 մլն-ի, անհասկանալի է։ Հայ ազգի համար հրամայական է արցախցիներին Հայաստանում պահելը, երկրորդը՝ արցախցիներին այստեղ պահելու համար ստեղծել նորմալ պայմաններ։ Նույնիսկ միջազգային դոնորների համաժողովում պետք է բարձրացնել առաջիկա մի քանի տարիներին արցախցիներին անտոկոս միկրովարկեր տրամադրելու համար միջոցներ հայթայթելու հարցը։

Այսինքն՝ եթե Հայաստանի կառավորությունը չցուցաբերի միջազգային դոնորներ ներգրավելու նախաձեռնությունը, նշանակում է Հայաստանի կառավարությունը չի ուզում հարցը լուծել։ Ինչո՞ւ միջազգային դոնորները պետք է շահագրգռված լինեն արցացխիների հարցերն այստեղ լուծելու հարցում, որովհետեւ նրանք անընդհատ ներգայղթյալներ ունեն եւ վախենում են այդ ներգաղթյալների հոսքից։ Նույն միջազգային հանրությունը Թուրքիային տարեկան 3 մլրդ դոլարի չափ դոտացիա է տալիս, որ փախստականներին իրենց երկրում պահեն, չթողնեն գնալ Եվրոպա։ Թուրքիան էլ դրանից քաղաքական դիվիդետներ է շահում, Եվրոպայի վրա ճնշում է գործադրում։

Այսինքն՝ միջազգային դոնոր կազմակերպություններին ընդգրկելու ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից  քայլեր չանելը նշանակում է, որ Հայաստանի կառավարությունն իր ժողովրդի շահերի հետեւից չի գնում։