Ձեռագործ հրաշքներ․ այս տարի այդքան շատ չի վաճառվում

  • 09:38 13.03.2024

Մասնագիտությամբ տեխնոլոգ-ինժեներ Լիլիթ Մելումյանն արդեն 20 տարի է գործում է հայկական գորգանախշ ասեղնագործ սփռոցներ:

Հունաստանից ուղարկված կտորներն առաջին աշխատանքների համար ծառայեցին որպես հումք: Որոշ ժամանակ անց նկատեց, որ առևտուրը լայն թափ է ստանում և ցուցադրեց Վերնիսաժում:

Բարդ, ժամանակատար աշխատանքի հանդեպ սերը ժառանգել է Էրզրումցի տատիկից: Ասում է` գեներով է փոխանցվել: «Դիզայնը ինքս եմ որոշում, երբեմն ուղարկում են սպասքի նկարները և համապատասխանեցնում եմ սփռոցի հետ: Ամենահիշարժան գործը  հայերեն այբուբենն էր` երկաթագիր և թռչնագիր գրերով: Նայած անցած տարվա` սպառումը հեշտ չի իրացվում»,-ասում է նա:

75 տարեկան Թորոսյան Գայանեն մասնագիտությամբ աշխատելուց բացի տանը ուլունքներով գործում և վաճառում է տարբեր զարդեր, թելերով` փափուշներ, բռնիչներ, գլխարկներ: Հակառակվում է որոշ երիտասարդների այն խոսքերին, որ Երևանում աշխատանք չկա: Չնչին գումարի դիմաց շատ երկարատև, մանրակրկիտ աշխատանք է կատարում: 10 մետրից ավելի երկար թելի վրա մանր հուլունքներ հավաքելը հեշտ գործ չէ:

Ապրանքների վաճառքը սկզբից իրականացնում էր տնից, հետո սկսեց վաճառել Վերնիսաժի մոտակայքում: Ուրախ է, որ գոնե զբաղեցրած տարածքի համար գումար չի վճարում:

10 տարեկան բիզնեսը Ամերիկայից հաճախորդներ ունի, բայց այս տարի, զբոսաշրջիկների այցելության հետ կապված, վաճառքն ավելի քիչ է իրականացվում: Ժամանակակից գործիքներից` սոցիալական կայքեր, ՍՄՄ ծառայություններ,  չի կարողանում օգտվել, բայց ասում է, որ դա ավելի դյուրին կդարձներ իր գործը:

«Արտասահմանցիները մեծ հետաքրքրությամբ են մոտենում բռնիչներին, իսկ ես բացատրում եմ, թե դրանք ինչի համար են: Շատ կուրախանամ, եթե նվեր ընտրելիս մարդիկ գնահատեն նաև ձեռագործ, ինքնատիպ աշխատանքները»,-ասում է նա:

Տաթև Ազիզյան

 

f