Փաշինյան. բնակապահովման ծրագիրն անհրաժեշտ կլինի ոչ միայն արցախցիներին, այլև տավուշցիներին

  • 11:52 13.03.2024

Երեկվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանը բացահայտ հայտարարեց Տավուշի մարզի 4 գյուղեր հանձնելու մտադրության մասին, որոնք, պարզվում է, “ներառված չեն Հայաստանի տարածքում”։ Փաշինյանը դրա մասին հայտարարեց իրեն հատուկ մանիպուլյատիվ ոճով՝ չմանրամասնելով, թե ինչ է լինելու Տավուշի գյուղերում բազմաթիվ սերունդներ ապրող «մեր եղբայրների ու քույրերի» հետ՝ իրենց տներով ու ունեցվածքով։

Այս հայտարարությունից հետո պարզ դարձավ, թե ինչու է Փաշինյանն ասում, որ բնակապահովման ծրագիրը պետք է տարածվի է ոչ միայն արցախցիների վրա, այլեւ “ՀՀ քաղաքացիների”։ Տավուշում և այլ մարզերում դեռ քանի՞ այդպիսի գյուղ պետք է հանձնվի, եւ քանի՞ մարդ պետք է բնակարանով ապահովվեն։ Նրանց չես կարող ասել, որ իրենք ունեն 070 ծածկագրով “կեղծ” անձնագրեր և չես կարող նրանց մեղադրել, որ նրանք հատուկ թողել են իրենց տները՝ Երևանում իշխանությունը տապալելու համար։

Թեև տավուշցիներին էլ փոխհատուցում չի տրվելու՝ կառավարության դավաճանական քաղաքականության արդյունքում կորցրած ունեցվածքի դիմաց։ Փաշինյանն իրեն արդեն ապահովագրել է՝ սա Հայաստանի տարածքը չէ, ինչը կրկին նշանակում է, որ Ռաֆիկը մեղավոր չէ։ Հնարավոր է նույնիսկ դատեն այն պաշտոնյաներին, ովքեր «օտար հող» են գրանցել Հայաստանի կադաստրում։

Ով չի տեղավորվում Փաշինյանի քարտեզի վրա, պետք է լքի իր տները. Ի դեպ, այս քարտեզի վրա Սեւանի փոխարեն անցքը նույնպես հուշում է՝ Սեւանը նույնպես Հայաստանի տարածքի մաս չէ։ Հայաստանի տարածքը դարձավ անտեր «terra ingognita» (միգուցե «terra, տարածք» բառի հիմքում ընկած է հայերեն «տեր» բառը): Հայաստանի տարածքը մեկ որոշվում է ՀՀ կադաստրով, մեկ Ալմա-Աթայի հռչակագրով, մեկ ասում են՝ Հայաստանը սահմաններ ունի, և ՀԱՊԿ-ը պետք է ճանաչի դրանք, մեկ ասում են՝ սահմաններ չկան, և անհրաժեշտ է սահմանազատում։

Հատուկ մշակված այնպիսի հասարակությունների համար, ինչպիսին հայկականն է, քաղաքական տեխնոլոգիան ուղղված է «իշխանություն-պետություն-իրավունքներ-տարածքներ-պատասխանատվություն-տեր» տրամաբանական շղթայի ամբողջական ճեղքմանը։ Այս շղթայից թողնվում է միայն սկիզբն ու վերջը՝ «իշխանություն-տեր»։

Տավուշցիների բախտը չբերեց՝ առաջինը պետք է Սյունիքը լիներ, բայց Իրանի ու Ֆրանսիայի դիրքորոշման շնորհիվ առայժմ դիմանում է։ Իսկ տավուշցի փորձագետներն արդեն առաջարկում են Վրաստան-Հայաստան ճանապարհի և գազատարի հատվածները տեղափոխել և նոր երթուղի մշակել։ Այսինքն՝ կորուստն արդեն «մարսված է»։ Ապրի տերը։

Նաիրա Հայրումյան

f