Դոմինոյի էֆեկտ։ որոշվում է գյուղերի հանձնման հերթականությունը

  • 15:06 13.03.2024

Ազատությունը գրում է․

Հայաստանը պատրա՞ստ է արդյոք առանց սահմանազատման բուն գործընթացը սկսելու Ադրբեջանին վերադարձնել չորս ոչ անկլավային գյուղերը, ինչպես պահանջում է Բաքուն:

«Ազատության» շաբաթասկզբին ուղարկած գրավոր հարցին ի պատասխան կառավարությունից այսօր հայտնեցին, թե խնդրո առարկա հատվածներում անհրաժեշտ է տեղորոշել, թե որտեղ է սկսվում Հայաստանի տարածքը:

Բաքուն չորս գյուղի անուն է տալիս՝ Բաղանիս Այրում, Աշաղը Ասքիպարա, Խեյրիմլի և Ղըզըլհաջիլի։ Այդ տեղորոշումը, ըստ կառավարության, պետք է իրականացվի իրավական ուժ ունեցող փաստաթղթերի հիման վրա:

«Ըստ այդմ՝ դե յուրե Հայաստանի տարածքը պետք է լինի Հայաստանի Հանրապետության տնօրինության և վերահսկողության ներքո, իսկ Ադրբեջանի տարածքը՝ Ադրբեջանական Հանրապետության տնօրինության և վերահսկողության ներքո»,- հայտնել են կառավարությունից՝ ընդգծելով նաև, որ Հայաստանը պատրաստ է գնալ նման լուծումների սահմանի ողջ երկայնքով։

«Հայաստանը պատրաստ է նույն բանաձևով լուծումների գնալ նաև Տավուշի մարզին հարակից ամենախնդրահարույց տարածքներում»,- հավելել են գործադիրից։

Ինչ վերաբերում է էքսկավ/անկլավներին, այս դեպքում Հայաստանի համար «ըմբռնելի է դրանց հարցն ավելի ուշ դիտարկելու մոտեցումը, կրկին որպես ելակետ ունենալով դե յուրե իրավական ուժ ունեցող փաստաթղթերի հիման վրա այդ տարածքները սահմանազատելու և սահմանագծելու մոտեցումը»:

«Ազատության» գրավոր հարցին ի պատասխան նաև հղում են արել վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսի ընթացքում արված հայտարարությանը, որ Հայաստանը հավակնություններ չունի իր միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս որևէ տարածքի նկատմամբ, բայց նաև չի կարող սեփական ինքնիշխան տարածքը հանձնել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում ասաց, որ Ադրբեջանի կողմից պահանջվող այդ 4 գյուղերը մեր քարտեզների վրա չկան։ Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, լրագրողներին ասաց ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։ Այս մասին հայտնում է news.am-ը։

Հարցին՝ Հայաստանը տալո՞ւ է Ադրբեջանին գյուղերը, Մելքոնյանն ասաց․ «Ո՛չ։ Նա ասաց՝ ինչը մեր տարածքի մեջ է՝ մերն է, ինչը մեր տարածքի մեջ չէ, ապա մերը չէ»։

Ճշտող հարցին՝ եթե այդ գյուղերը մեր տարածքում չեն, ապա ինչո՞ւ է Ադրբեջանը Հայաստանից պահանջում դրանք, պատգամավորն ասաց․

«Քննարկում են, շատ եք վռազում։ Ոսկեպարի ճանապարհի մի հատված մնում է իրենց տարածքի մեջ։ Հիմա մենք ունենք Արծվաշենը։ Ներկայումս դա մերն է, որն իրենց տարածքում է։ Հիմա պիտի քննարկենք, թե Արծվաշենը որ տարածքի հետ պիտի փոխվի։ Նույնն էլ Տիգրանաշենն է։ Հիմա քննարկումներ են գնում, թե Արծվաշենն ինչի հետ կարելի է փոխել»։

Անդրադառնալով Ադրբեջանի այն պահանջին, որ այդ 4 գյուղերը պետք է Հայաստանը տա մինչև սահմանազատման գործընթացի մեկնարկը՝ Մելքոնյանն ասաց․ «Ինքը շատ բան ա ասում։ Ամեն ասածը հո չե՞ն անում»։

Լրագրողի հարցին, թե Գորիս-Կապան մայրուղին ինչո՞ւ Հայաստանը տվեց, Մելքոնյանն ասաց․ «Ռուսներն են տվել։ Այդ սահմանին իրենց ռուսների հետ էին կանգնած։ Եթե լավ հիշում ես, այդ տարածքում ռուսական զորքն ադրբեջանական զորքի հետ պահում էր այդ սահմանը։ Մի օր էլ փակեց ու հանձնեց Ադրբեջանին, ոնց Լաչինի միջանցքը»։

f