Զախարովան չի վիճարկել «Զվարթնոցի» վերաբերյալ Հայաստանի որոշման օրինականությունը

  • 18:00 13.03.2024
Մոսկվան «Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ սահմանապահների դուրս գալու վերաբերյալ որևէ դիմում չի ստացել դիվանագիտական խողովակներով, համապատասխան տեղեկացումն արվել է գերատեսչական մակարդակով։ Ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Մոսկվան Երևանի այս որոշմանը։

««Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ սահմանապահներին դուրս բերելու որոշումը կկայացվի միջգերատեսչական մանրամասն աշխատանքի արդյունքում: Կցանկանայինք նշել, որ հիշյալ հայտարարությունը հայկական կողմից արվել է պաշտոնական Երևանի ոչ բարեկամական քայլերի և հայտարարությունների մի ամբողջ շարքի ֆոնին։ Հազիվ թե նման նախաձեռնությունները բխում են Հայաստանի և նրա քաղաքացիների անվտանգության շահերից` հատկապես հաշվի առնելով այն խնդիրները, որոնք տարիներ շարունակ ուս ուսի տված արդյունավետ կերպով լուծել են ռուս և հայ սահմանապահները»,- ասաց Զախարովան։

Զախարովան չի վիճարկել «Զվարթնոց» օդանավակայանում սահմանային գործառույթներն ինքնուրույն իրականացնելու Հայաստանի որոշման օրինականությունը. նա փորձեց հարցը տանել «քաղաքական բարոյականության» դաշտ՝ Երևանի քայլը գնահատելով որպես ոչ բարեկամական, բայց դա միայն ընդգծեց այս քայլի անվիճելի օրինականությունը։

Կասկածից վեր է, որ օդանավակայանի հարցը նախապես համաձայնեցված է եղել Մոսկվայի և Երևանի միջև։ Բայց Երևանի օրինական որոշումը, որին Մոսկվան ոչինչ չի կարող պատասխանել, պետք է նախադեպ դառնա ռուսական զորքերի դուրսբերման համար Սյունիքից և Արցախից, որտեղ նրանք գտնվում են նույնքան անօրինական, որքան «Զվարթնոց» օդանավակայանում։