«Թուրքիան էլ այն կողմից կուզի Ամասիան, Բավրայի ճանապարհն էլ կփակվի»․ Բագրատյան

  • 21:29 13.03.2024

«Տալիս են գյուղեր, որոնք մերն են բոլոր տեսակի թղթերով։ Հետո ի՞նչ այդտեղ ադրբեջանցիներ են ապրել, դա ի՞նչ նշանակություն ունի։ Այդ գյուղերը տալուց հետո խնդրահարույց է դառնում Իրան գնալը, Վրաստան գնալը։ Թուրքիան էլ այն կողմից կուզի Ամասիան, Բավրայի ճանապարհն էլ կփակվի»,- այսօր Ազատության հրապարակում լրագրողներին ասաց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով Տավուշի գյուղերը հանձնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

Նա նշեց, որ 1980-ական թվականին խորհրդակցությունից հետո բոլոր «անկլավները»՝ եւ Տիգրանաշենը, եւ Տավուշի երեք գյուղերը ճանաչվել են որպես Հայաստանի տարածք, գումարած Արծվաշենը։ Արծվաշենի հարցն էլ էր քննարկվում, որպեսզի վերադարձվեին 1939 թվականին Ադրբեջանի տրված Արծվաշենի կողքի հողերը, ինչի պատճառով Արծվաշենը դարձել էր անկլավ։

«193 հատ ստորագրած պրոտոկոլ կա, Ադրբեջանն էլ է բոլորը ստորագրել 1980-ական թվականներին։ Վլադիմիր Մովսիսյանը, որին թուրքերն ուզել են փախցնել, գնացել էր այդ պրոտոկոլների հետեւից, որ հողերը հետ ստանար, մի 17 հազար հա հետ ստացավ։ Բայց միայն Ներքին Հանդում այս իշխանությունները 1․5 տարի առաջ հանձնեցին 27 հազար հա»,- ասաց Բագրատյանը։

«Միասին» շարժումն այսօր հերթական հանրահավանք էր հրավիրել Ազատության հրապարակում։ Բագրատյանն ասաց, որ կլինեն քաղաքական գործողություններ, բայց դա կախված է նրանից, թե քանի մարդ կհավաքվի հրապարակում։

f