«Բաքուն ասում է՝ այդ գյուղերը իմն են։ Ինչի՞ հիման վրա է ասում։ Իրավական հիմքերը չի հրապարակել»

  • 21:42 13.03.2024

Այսպես կոչված «անկլավների» մասին մինչ օրս որեւէ իրավական հիմք չկա, Ադրբեջանն իրավունք չունի դրանք պահանջելու։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց գեոդեզիստ-քարտեզագրող Շահեն
Շահինյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Տավուշի 4 գյուղերը հանձնելու մասին, մասնագետն ասաց․ «Եթե դիտարկենք ադրբեջանական կայքերի հրապարակումները, վերջին 2-3 տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից շրջանառվում է Տավուշի մարզի 4 գյուղերի թեման, դրանք 1990-ականներից անբնակ են, փոքրիկ բնակատեղեր են եղել։ Դրանք այսօր գտնվում են չեզոք գոտում՝ մեր եւ ադրբեջանական զորքերի միջեւ։ Բայց մի պարզ համեմատական անցկացնենք՝ այդ բնակատեղիների տարածքները մի քանի անգամ, նույնիսկ  հարյուր անգամ փոքր են, քան այն տարածքները, որոնք Ադրբեջանը Հայաստանի տարածքում զավթել է վերջին 3 տարվա ընթացքում։ Այս հարցը պետք է բարձրացնել։ Իսկ այսպես կոչված անկլավային տարածքները, որոնք մինչ օրս իրավական հիմք չունեն, դրանք չորս գյուղեր են՝ Տիգրանաշեն, Բարխուդարլու, Վերին Ոսկեպար, Սոֆուլու»,- նշեց Շահեն Շահինյանը։

Քարտեզագիրն ասաց, որ ցանկացած տարածքի փոխանակում եւ դրանց վերահսկողության փոփոխություն պետք է ունենա իրավական հիմք։ «Հիմա Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանից պահանջում է 4 գյուղ, ասում է՝ դրանք իմն են։ Ինչի՞ հիման վրա է ասում՝ դրանք իմն են։ Իրավական հիմքերը չի հրապարակել»,- ասաց նա։

Նշենք, որ թեպետ որեւէ իրավական հիմք չկա, բայց Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ Տավուշի 4 գյուղերը Հայաստանի տարածքում չեն։

Անդրադառնալով ՀՀ տարածքի մասին Նիկոլ Փաշինյանի շրջանառության մեջ դրած մակետին՝ Շահեն Շահինյանն ասաց․ «Ինձ համար Հայաստանն ավելի լայն ու ընդգրկուն տարածք ունի, դա չէ Հայաստանը։ Ինձ համար դեռեւս անհայտ է՝ ինչո՞ւ է Փաշինյանը ցիտում խորհրդային հանրագիտարանի երրորդ հրատարակությունը, ոչ, օրինակ, առաջինը կամ ոչ ավելի խորը մասնագիտական ատլասները։ Օրինակ՝ ես ծանոթ եմ խորհրդային ատլասի, որի մեջ Հայաստանի մակերեսը նշված է 30 500 քառակուսի կմ-ից ավելի»։

 

f