Գրել «Ավո» մանկապատանեական ֆուտբոլային թիմի մասին պատրաստվում էինք դեռ 2023թ. սեպտեմբերին, բայց հայտնի իրադարձությունները ստիպեցին անորոշ ժամանակով հետաձգել նյութը:
Թիմը ստեղծվել է 2020թ. պատերազմից հետո, երբ ակումբի հիմնադիր և մարզիչ Նարեկ Մկրտչյանը որոշեց Մարտունու երեխաներին հնարավորություն ընձեռել զբաղվելու իրենց սիրելի սպորտաձևով:
2021 թ. ակումբը սկսեց գործել: Մասնակիցների թիվը սկզբում 15 էր, հետո արդեն ՝30, ընդ որում երեխաները գալիս էին նաև շրջկենտրոնի հարակից գյուղերից՝ Գիշի, Բերդաշեն:
Թիմի անվան մասին խոսելիս Նարեկը նշում է, որ գլխավոր նպատակը ոչ միայն լեգենդար հրամանատարի անունը հիշատակելն էր, այլեւ երեխաների մոտ հրամանատարի անմնացորդ հայրենասիրության սերմանումը:
Շրջափակման ժամանակ նույնիսկ չթողեցին իրենց պարապմունքները՝ մարտունեցիներին հատուկ կամքով և համառությամբ:
«Ավո» թիմի վերջին պարապմունքը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին Մարտունիում: Այն Մարտունիում, որի մասին խոսելիս հիշում ես նուռը, արմավենիները և արցախցու «կոխկահաստությունը»:
Այժմ թիմի սաները ապրում են տարբեր վայրերում, եւ չկա հնարավորություն շարունակել ակումբի գործունեությունը։ Բայց կարևորն այն է, որ թիմի անդամները շարունակում են պարապմունքները ՀՀ-ի տարբեր ակումբներում և տարիներ հետո նրանք կհիշեցնեն, որ ամեն ինչ սկսվել էր Մարտունիի «Ավո» թիմից:
Քրիստինա Ալավերդյան
Ֆոտոն արվել է 2023-ի սեպտեմբերի 29-ին
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: