Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում մենք ուրախ ենք, որ մեր հարաբերությունները Հայաստանի հետ զարգանում են նաեւ պաշտպանական ոլորտում։ Այս մասին «Հնդկաստան-Հայաստան. բիզնեսի հորիզոնների միավորում» բիզնես-համաժողովի ժամանակ մարտի 14-ին ասել է Հայաստանում Հնդկաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ քաղաքական հարաբերություններն ամուր հիմք ունեն եւ հիմնվում են ժողովուրդների բազմամյա կապերի վրա։
Նա կարեւոր է համարել, որպեսզի քաղաքական կապերը ծառայեն Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ տնտեսական կապերի ամրապնդմանը։
«Մեր երկրները կիսում են ընդհանուր դեմոկրատական եւ մշակութային արժեքներ։ Դա էլ ավելի է ամրապնդում մեր հարաբերությունները։ Հայաստանում հնդիկ ուսանողների եւ աշխատողների առկայությունը եւս համագործակցության հիմքեր է ստեղծում»- նշել է դիվանագետը։
Քննարկվում է Հնդկաստան-Իրան-Հայաստան առեւտրային միջանցքի բացման հարցը։ Այս մասին բիզնես-համաժողովի շրջանակում հայտնել է էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը։ Դա պատասխանն է այն հարցին, թե ինչպիսի լոգիստիկայով պետք է կապնվեն Հնդկաստանը եւ Հայաստանը։
«Քննարկումները վարվում են մեր գործընկերների հետ եռակողմ ձեւաչափով։ Կան պիլոտային բեռներ, որոնք անցնում են այդ երթուղով։ Բայց որպեսզի ուղղությունը կայուն լինի, պետք է շատ բան անել»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ Հնդկաստանը Հայաստանը համարում է ռազմավարական գործընկեր տարածաշրջանում, ինչը դրսեւորվում է շատ ոլորտներում, այդ թվում քաղաքացիական եւ այլ ոլորտներում։
«Պատմականորեն Հայաստանը եւ Հնդկաստանը մոտ են միմյանց, կապված են միմյանց հետ։ Մենք տեսնում ենք, որ Հայաստան եկել եւ գալիս են Հնդկաստանից։ Բացի այդ, վերջին երկու տարում Հնդկաստանից շատ աշխատուժ է գալիս մեր երկիր եւ հիմնականում՝ շատ ոլորտներում բավական հաջող աշխատում են»,- ընդգծել է պաշտոնյան։
Տերյանը տեղեկացրել է, որ ներկա պահին քննարկվում են Հայաստանի կամ հայկական ընկերությունների՝ Չաբահար (Իրան- խմբ.) նավահանգստում մասնակցության տարբեր ձեւաչափերին, բայց մանրամասներ չեն նշվում։
Այսօր Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ ամենամյա ապրանքաշրջանառությունը համեստ ցուցանիշներ ունի եւ կազմում է ընդամենը 200 մլն դոլար, ասել է դեսպան Նիլակշի Սահա Սինհան։
«Համաժողովի անցկացման գաղափարը ծագեց մոտ մեկ ամիս առաջ, երբ ինձ հրավիրեցին միջոցառման, որն ուղղված էր Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ բիզնես-շփումների ուժեղացման ուղիների որոնմանը»,- նշել է դիվանագետը։
Նա հուսով է, որ փոխշահավետ համագործակցությունը կզարգանա։
Դեսպանը հիշեցրել է Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում ավելի վաղ ստորագրված համաձայնագրի մասին։
Նա նշել է համագործակցության կարեւորությունը հատկապես բարձր տեխնոլոգիաների, կրթության, տուրիզմի, ենթակառուցվածքի, լոգիստիկայի, դեղագործության, «կանաչ» տեխնոլոգիաների ոլորտներում։
Դիվանագետը տեղեկացրել է, որ հնդիկներն այսօր Հայաստանում թվաքանակով երկրորդ համայնքն են ռուսաստանցիներից հետո։