Հայաստանը կորցրեց նույնիսկ այն, ինչ պատերազմում պարտությունից հետո չէր էլ վիճարկվում

  • 13:03 15.03.2024

Step1.am-ի զրուցակիցն է հասարակական գործիչ, «Զանգ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Սուրեն Սահակյանը։

-Դուք արդարացիորեն նկատել եք, որ պատերազմից հետո ավելի քան երեք տարի է՝ «քաղաքական» ու «փորձագիտական» որոշակի շերտեր մոլորեցնում են հանրությանը, թե վարվող քաղաքականությունը կարող է հարատեւ խաղաղության հանգեցնել, թե այսօր, վաղը, մինչեւ տարվա վերջ խաղաղության պայմանագիր կկնքվի։ Իսկ ովքեր մատնացույց են անում այդ քաղաքականության ակնհայտ վտանգները, նրանց կողմից պիտակավորվում են որպես «պատերազմի հրձիգներ», «ռեւանշիստներ» կամ այլ պիտակներով։ Կուզեմ մի փոքր մանրամասնեք՝ այս քաղաքականության նպատակը ո՞րն է եղել, ինչի՞ է հանգեցրել սա։

-Պատերազմում պարտությունից հետո օդում հարց կախվեց, թե ինչպե՞ս ենք մենք շարունակելու ապրել այդ բեռով։ Կատարյալ անորոշություն էր յուրաքանչյուրի մտքում։ Ցանկացած առաջարկ մերժվում էր և հայհոյանքի արժանանում։ Կառավարող ուժն էլ որևէ առաջարկ չուներ։ Ներքաղաքական այդ փակուղին ճեղքվեց կրկին արտաքին միջամտությամբ։ Համաշխարհային հանրությունը փորձ արեց վերականգնել Արցախի հարցում իր միջնորդական ջանքերը։ Ալիևը, ունենալով ՌԴ աջակցությունը, դրա մասին նույնիսկ լսել չէր ուզում։ Մերժումը նա հիմնավորեց՝ այդ ջանքերը ներկայացնելով որպես Հայաստանի հետ «խաղաղության օրակարգին» խանգարող գործոն։ Այդ կեղծիքը նրան չէր հաջողվի, եթե Հայաստանը չմիանար օրակարգին և արդարություն պահանջեր՝ գործող միջազգային իրավանորմերին համապատասխան։ Սակայն Հայաստանի կառավարող ուժի համար դա իշխանությունը պահելու համար փրկողակի դեր կատարեց։ Վերջապես «հիմնավորվեց», թե ինչ իմաստ ունի կառավարման ղեկին նրանց մնալու շարունակականությունը։ Եվ Հայաստանը մտավ այդ կեղծ օրակարգի տակ՝ դրանով աստիճանաբար արդարացնելով Ադրբեջանի հանցագործությունները։

Իր հերթին Ադրբեջանը, իհարկե, խաղաղություն չէր ուզում և պարբերաբար բարձրացնում էր դրա գինը։ Հաջորդ պահին, երբ Հայաստանը համաձայն էր հերթական, չափազանց բարձր գնին, Ադրբեջանը այն կրկին անհնարինության չափ բարձրացնում էր։ Այդպես է մինչ այժմ։ Փաստացի, Հայաստանը, մտնելով Ադրբեջանի կեղծ օրակարգի մեջ, աստիճանաբար կորցրեց նույնիսկ այն, ինչ պատերազմում պարտությունից հետո նույնիսկ չէր էլ վիճարկվում։ Եվ այդ շրջապտույտից դուրս գալու շանսերը այս կառավարության ամեն օրվա հետ նվազում են։

Այսպիսի քաղաքականությունը հնարավոր չէր լինի, եթե չհայտնվեին «քաղաքական» ու «վերլուծական» ծաղրածուներ, որոնց գործունեության հիմնական դաշտը դարձավ որոշակի օգուտի դիմաց հանրության համար այս օրակարգի համար ֆոն ապահովելը։ Հանրության ուշադրությունը բթացնելու նպատակով նրանք պնդում էին, որ բողոքել պետք չի, շուտով աստծո կամոք մի դուռ կբացվի, և մենք դրանով կմտնենք խաղաղության երկարատև դարաշրջան։ Որոշների պնդմամբ՝ այդ դուռը բացվելու էր Հյուսիսից, մյուսների պնդմամբ՝ Արևմուտքից։ Մի երրորդ շերտ էլ պնդում էր, որ այդ երկու բևեռներից օգուտ չի սպասվում, և մենք պետք է հաշտվենք հաղթանակած արշավով մեր վրա հարձակվող թշնամու հետ՝ տալով այն, ինչ նրանք մեզնից ուզում են։ Այս թեզի ջատագով դարձավ նաև կառավարությունը։

Այժմ, այդպիսի «քաղաքական գործիչների» ու «փորձագետների» օգնությամբ փորձ է արվում բավարարել Հայաստանի հետ կապված Ադրբեջանի ու Թուրքիայի ամենահամարձակ երազանքները։ Դա հնարավոր չէ առանց Հայաստանի պաշտպանունակության և, որպես հետևանք, պետականության կորստի։ Այնուամենայնիվ, այսպիսի քաղաքականությունը հրապարակ բերեց մի շարք բախտախնդիրների, որոնք հավակնում են որոշում կայացնողներ դառնալ կամ, փորձագետներ ներկայանալով, ամենօրյա ռեժիմով փորձում են գրոհել ՀՀ կուսական ուղեղ ունեցող քաղաքացիների վերջին պաշտպանական շերտերը։ Ու պետք է ասել, որ որոշակի հաջողություններ նույնիսկ գրանցում են։ Որպես այսպիսի քաղաքականության տեսնաելի հետևանք՝ կարելի է արձանագրել փաստը, որ հանրությունը պարալիզացված է՝ անպատրաստ ամենահավանական վտանգները տեսնելու, գիտակցելու և դրանց դիմագրավմանը։

-Հիմա արդեն իշխանության մակարդակով չեն թաքցնում, որ «խաղաղության դարաշրջան» չի լինելու, հանրությանը պատրաստում են նոր պատերազմի՞։ Եվ նորից առաջ է գալիս հարցը՝ այս իրավիճակում մարդկանց անելիքը ո՞րը պետք է լինի։

-Իհարկե՝ «խաղաղության դարաշրջան» չէր լինելու։ Պատերազմից հետո տարիներ շարունակ դրա համար բազմաթիվ փաստարկներ ենք բերել, ներկայացրել իրական վիճակը և կառավարության վարած քաղաքականության կործանարար բնույթը։ Աշխարհում, որը գտնվում է երրորդ համաշխարհային պատերազմի նախաշեմին, հնարավոր չէր մեր մշտապես կոնֆրոնտացիոն տարածաշրջանում խաղաղության կղզյակ սարքել։ Շատերն ասում են, որ երրորդ համաշխարհային պատերազմն արդեն ընթանում է, բայց իմ գնահատականն այն է, որ ներկայումս տեղի ունեցողն ընդամենը դրան նախորդող «մարզումներն են»։

Ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում մարդիկ պետք է պատրաստվեն ավելի դաժան պայմանների։ Աշխարհը, խաղաղության կարճատև տասնամյակներից հետո, նորից թևակոխել է պատերազմների ու անորոշությունների փուլը։ Հայաստանը համաշխարհային զարգացումներից զերծ մնալու գործնական ոչ մի շանս չունի։ Ինչպես ակնհայտ էր նախորդ հարցի պատասխանից, Հայաստանի դեպքում նույնիսկ ներքաղաքական գործընթացներն են երկրից դուրս ձևավորվում։

Սակայն կա մի պարզ աքսիոմ՝ կառավարությունը, որը ոչ մի իրական բարեփոխում ունակ չեղավ մինչև վերջ հասցնել, որն անկարող եղավ կանխատեսել մեկ շաբաթ անց տեղի ունենալիք պատերազմը, որն ամենապաշտպանված դիրքերից ունակ չեղավ կառավարել  պատերազմը և խայտառակ պարտություն կրեց, որի վարչապետը պատերազմից երկու օր առաջ ներկայացնում էր 2050 թվականի Հայաստանի մասին մուլտիպլիկացիոն տեսարանները, չի կարող այս տուրբուլենտ ժամանակաշրջանում մեզ ուղղորդել։ Հայաստանը, ղեկին ունենալով աշխարհի մասին պրիմիտիվագույն պատկերացումներ ունեցող այս պատուհասներին, այս փուլում կկորցնի այն ամենը, ինչ հնարավոր կլինի կորցնել։ Կառավարությունը պետք է փոխվի։ Դա իմ միանշանակ գնահատականն է, այլապես նույնիսկ դժվար է պատկերացնել, թե աշխարհակարգի փոփոխության այս փուլից ինչ կլինի Հայաստանի տեղը։