Միրզոյանը խոսել է արցախցիներին ինտեգրելու մասին, “եթե նրանք այլ որոշում չունեն”

  • 19:02 15.03.2024

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հարցրեց արտաքին գործերի նախարար Արարատ Միզրոյանին, թե Հսայաստանի կառավարությունն ի՞նչ աշխատանք է տանում՝ բռնի տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքը վերականգնելու հարցով։

«Արցախի հայերի վերադարձի իրավունք պաշտոնապես հետապնդվո՞ւմ է արտաքին գործերի նախարարության կողմից, թե՞ ոչ, ո՞նց է դա բարձրաձայնվում»,- հարցրեց պատգամավորը։

Ի պատասխան Արարատ Միրզոյանն ասաց․ «Մենք բախվել ենք մի իրավիճակի, երբ բռնի գործողությունների, ուժի գործադրման արդյունքում մեր ազգակիցները ստիպված են եղել թողնել իրենց տները եւ իրենց ընտանիքի անդամների կյանքի փրկության համար ապաստան են գտել Հայաստանում։ Նրանք բռնի տեղահանվածներ ու փախստականներ են, որոնց մենք պարտավոր ենք ոչ միայն առաջին օգնությունը ցույց տալ, այլ նաեւ հիմա արդեն խոսում ենք հնարավոր ամենալավ, ամենահարմար, ամենալայն ինտեգրման մասին Հայաստանի Հանրապետությունում, եթե չլինի իրենց կողմից այլ որոշում։ Մենք մեզ այդքան էլ իրավունք չենք վերապահում այս պահին հատկապես հրապարակային ուղղորդող հայտարարություններ անել»։

f