Արարատ Միրզոյանը խոստովանեց, որ Ադրբեջանի իշխանությունները չեն ճանաչում նաեւ Ալմա-Աթայի հռչակագրով ամրագրված սահմանները

  • 19:14 15.03.2024

«Մեկ տարի առաջ դուք այստեղ խոսում էիք Արցախում հայերի իրավունքների պաշտպանության մասին, մեկ տարի հետո մենք այն իրավիճակում ենք, որ քննարկում ենք Տավուշից գյուղեր հանձնելու հարցը։ Ձեր զեկույցից չի զգացվում, որ դուք ցեղասպանությունից մեկ դար անց նորից ցեղասպանված ժողովրդի պետական կազմավորման արտաքին գործերի նախարարն եք»,- ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Արարատ Միրզոյանը նշեց․ «Ասում եք՝ Տավուշի մարզից գյուղեր եք հանձնում։ Հայաստանի Հանրապետության որեւէ պաշտոնյա իրավունք չունի վարել որեւէ բանակցություն, ոչ միայն Տավուշի մարզի, այլեւս ՀՀ տարածքի որեւէ այլ մարզի այլ գյուղ որեւէ մեկին հանձնելու վերաբերյալ։ Որեւէ մեկը չի կարող Տավուշի մարզից գյուղեր հանձնել որեւէ այլ երկրի։ Սա աքսիոմատիկ ճշմարտություն է, որի երաշխավորման համար նախատեսված են իրավական մեխանիզմներ։ Հետեւաբար, մենք Տավուշի մարզից գյուղեր հանձնելու վերաբերյալ չենք բանակցում»։

Քրիստինե Վարդանյանը հայտարարեց․ «Նիկոլ Փաշինյանի ասուլիսը լսե՞լ եք, դուք որոշել եք թիմով, թե որն է հայկական գյուղ, որը հայկական գյուղ չէ՞։ Փաստ կա, այն 4 գյուղը, որոնք Ադրբեջանը պահանջում է եւ որոնց վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ պիտի գնանք այդ ճանապարհով, պիտի գնամ հանրությանը համոզեմ, հայկական վերահսկողության տա՞կ են, թե՞ ոչ, Հայաստանի զինվորների թիկունքում են, թե՞ Հայաստանի զինվորների առջեւում։ Դուք կարող եք ասել՝ սովետական ժամանակ դրանք հայկական չեն եղել, փաստորեն դուք սահմանագծում-սահմանազատումն արել եք առանց փաստաթղթի ու արդեն պայմանավորվե՞լ եք»։

Միրզոյանը նշեց․ «Ես առաջնորդվում եմ ոչ թե հայկական գյուղ կամ ադրբեջանական գյուղ կատեգորիաներով, այլ Հայաստանի Հանրապետության գյուղ եւ Ադրբեջանի գյուղ։ Ես ձեզ նորից կարող եմ կրկնել՝ ՀՀ որեւէ պաշտոնյա իրավունք անգամ չունի բանակցել Հայաստանի Հանրապետության որեւէ գյուղ որեւէ մեկին տալու ուղղությամբ։ Մեր համոզմամբ՝ երկու երկրների միջեւ փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը եւ հետագա սահմանազատման գործընթացը պետք է տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Սա նշանակում է, որ այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել երկու երկրների միջեւ Խորհրդային միության փլուզման պահին, պետք է վերարտադրվեն գետնի վրա։ Ինչ-որ այդ սահմանից կլինի ձախ, պետք է պատկանի Հայաստանին, ինչ որ կլինի այդ սահմանից աջ, կպատկանի Ադրբեջանին։ Այստեղ որեւէ գաղտնիք ու դավադրություն չկա»։

Միաժամանակ, Արարատ Միրզոյանը խոստովանեց, որ Ադրբեջանի իշխանությունները չեն ճանաչում նաեւ Ալմա-Աթայի հռչակագրով ամրագրված սահմանները։ Նա ասաց, որ ադրբեջանական կողմն ստորագրել է Ալմա-Աթայի հռչակագիրը, իսկ Ալիեւն այդ սահմանները ճանաչելու մասին գրավոր հայտարարության տակ ստորագրել է եւ Պրահայում, եւ Սոչիում, եւ Բրյուսելում։

«Ցավոք սրտի, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանում երբեմն առանձին դիրքորոշումներով հետընթացներ են լինում այն պայմանավորվածություններից, որոնք մենք արդեն ինչ-որ փուլում համարում ենք, որ ձեռք ենք բերել։ Բայց նաեւ ուզում եմ ասել, որ փոխըմբռնումն այս հարցով այս պահի դրությամբ ավելին է, քան մեկ ամիս առաջ։ Ես գոնե այս պահին տպավորություն ունեմ, որ մենք շատ մոտ ենք այդ հարցով փոխադարձ համաձայնության գալու»,- նշեց նա։

Միրզոյանը կրկնեց, որ պետք է հիմք ընդունվեն Խորհրդային միության փլուզման պահին եղած սահմանագիծը, պատգամավորների հարցին՝ ո՞նց են որոշելու այդ սահմանագիծը, նա պատասխանեց․ «Այդ գիծը հնարավոր է գտնել Խորհրդային միության իրավասու մարմինների կողմից կազմված իրավական անհրաժեշտ հիմք ունեցող, իրավական անհրաժեշտ գործընթացներով կազմված իրավական ակտերում եւ դրանցից բխող քարտեզներում։ Թե որոնք են դրանք, փոխադարձ համաձայնություն այս պահին չկա։ Գիտեք, որ մենք բազմիցս առաջարկել ենք եւ կարծում ենք, որ այդ գիծը լավագույնս արտացոլված է 1974-1978 թվականների ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի քարտեզներում, բայց քննարկումները շարունակվում են»։

f