«2022 թվականի դեկտեմբերին մենք պետք է վերադառնայինք Արցախ, բայց սկսվեց շրջափակումը»

  • 11:59 16.03.2024

Լեռնիկ Ալթունյանը ծնվել է Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում 1987 թ.։ Հասուն կյանքի մեծ մասն ապրել է հայրենի գյուղում։ Ականատես է եղել երեք պատերազմի։

«Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ես փոքր էի և չէի հասկանում այն ​​ամենը, ինչ կատարվում էր։ Բայց չնայած պատերազմին, շատ վառ հիշողություններ ունեմ իմ մանկությունից։ Ես չեմ զգացել պատերազմի ժամանակի բոլոր դժվարությունները ընտանիքիս և ընկերներիս շնորհիվ: Բայց, ցավոք սրտի, իմ անհոգ կյանքը կարճվեց 16 տարեկանում։

2003 թվականի ամռանը ես և ընկերներս հանգստանում էինք գետի մոտ: Անհաջող ցատկեցի եւ արդյունքում ողնաշարի վնասվածք ստացա։ Վիճակը ծանր էր, մեքենայով տեղափոխումը անցանկալի էր, ուստի ուղղաթիռով ինձ տեղափոխեցին Երեւան։ Ես չորս ամիս բուժվել եմ զինվորական հոսպիտալում։ Հետո ինձ տեղափոխեցին Կարմիր խաչի վերականգնողական կենտրոն։ Վերականգնումը տվեց դրական արդյունքներ, և ես դարձա համեմատաբար անկախ:

Արցախ վերադառնալուն պես վերականգնողական գործընթացը շարունակեցի Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնում, որն ինձ համար դարձավ երկրորդ տուն։ Ֆիզիոթերապիային զուգահեռ հաճախել եմ տարբեր խմբակներ՝ փայտամշակում, խեցեգործություն։ Ես շատ էի սիրում թենիս խաղալ և լողալ: Վերականգնողական կենտրոնում մեծ ուշադրություն էր դարձվում հիվանդների հանգստի կազմակերպմանը: Շատ հաճախ դուրս էինք գալիս բնություն, այցելում մշակութային ու պատմական վայրեր։

Վերականգնողական կենտրոնի շնորհիվ ես սկսեցի լիարժեք կյանքով ապրել և ապագայի ծրագրեր կազմել իմ հայրենիքում: Եվ ես երբեք չէի պատկերացնում ինձ հայրենիքից հեռու։

Սակայն 2020 թվականը կտրուկ փոխեց ամեն ինչ։ Մեր գյուղը գտնվում էր շփման գծից հեռու։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ շատերն ապաստան էին գտնում մեր գյուղում։ Ցավոք, այս անգամ զարգացումն այլ էր. հակառակորդը հարձակումը սկսեց Հադրութի ուղղությամբ և արդեն հոկտեմբերի սկզբին հայտնվեց մեր գյուղի մատույցներում։ Մենք, ինչպես Հադրութի շրջանի բոլոր բնակիչները, ստիպված եղանք թողնել տարիների ընթացքում ձեռք բերած ունեցվածքը և լքել հայրենի գյուղը։ Ես դուրս եկա հնարավորինս շուտ վերադառնալու մտքով։

Տեղահանությունից հետո մեզ ժամանակավոր տեղավորեցին Երևանում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների դպրոցում։ Մենք հույս ունեինք, որ Արցախում բնակարան կստանանք։ 2022 թվականի դեկտեմբերի սկզբին պետք է վերադառնայինք Արցախ, բայց սկսվեց շրջափակումը, և մենք այդպես էլ չկարողացանք վերադառնալ։

Այժմ մենք շարունակում ենք ապրել Երևանում։ Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի մասնագետները մեզ չեն մոռանում. հասարակական կազմակերպության շրջանակներում մեզ անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում։ Եվ կուզենայի, որ հետագայում Ք.Քոքսը անվան վերականգնողական կենտրոնը ամբողջ կազմով վերսկսի իր գործունեությունը Երևանում։

Չնայած այն ամենին, ինչ ես ապրել եմ, իսկապես հույս ունեմ Արցախը տեսնել ազատ ու հայկական։ Եվ ես հավատում եմ, որ կապրենք, կտեսնենք այս օրը»,- Step1.am-ի հետ զրույցում ասաց Լեռնիկը։

Արսեն Աղաջանյան

f