ՇՈՒՇԻ․ Գիսաստղի դժբախտ ճակատագրով հպարտության քաղաք

  • 12:38 16.03.2024

Շուշիի ճակատագիրը կամ բախտը նման է գիսաստղի շողարձակման, որ ժամանակ առ ժամանակ ուժեղ լուսարձակմամբ անցնում է նրա երկնակամարով։ Նրան կա՛մ տեսնում ենք փառքի գագաթին, կա՛մ դժոխքի հատակին։

19-րդ դարի նրա վերելքին հաջորդեցին 20-րդ դարի ողբերգությունները։ Դարասկզբի կոտորածներին ու ավերին հաջորդեց Շուշիի թրքացման (ադրբեջանականացման) գործընթացը, որը շարունակվեց մինչև 1992-ի ազատագրումը։ 2020 թվականին բռնազավթվելուց հետո, կրկին կյանքի է կոչվել նույն թրքացման քաղաքականությունը։

Խորհրդային տարիներին պաշտոնական Բաքվի հրամանnվ ստեղծվել էր քաղաքի պատմության նոր «քրոնիկոն»՝ որպես «ադրբեջանական մշակույթի կենտրոն», որպես «Ադրբեջանի մարգարիտ»: Այդ նպատակով 1920 թվականին ավերված հայկական քաղաքամասը խորհրդային տարիներին չվերականգնվեց, իսկ 1950-70-ականներին Շուշին սկսեցին “մաքրել” այդ ավերակներից։ 1960-ական թվականներին հայկական ինքնատիպ ճարտարապետական կառույցները մասայաբար քանդվեցին։ Հաշվեհարդարից անմասն չմնացին եկեղեցիներն ու գերեզմանոցները, որոնք Շուշիում հայկական տարրի բնիկության անխոս, բայց և ծանրակշիռ վկաներն էին։

Այս նյութում ես կանդրադառնամ Շուշիի հայկական եկեղեցիների ճակատագրին։

Կուսանաց վանքը  Շուշիի հին պաշտամունքային կենտրոններից էր, որը կառուցվել է 1816 թվականին բարեպաշտ օրիորդ Հռիփսիմեի օժանդակությամբ։ Այն ուներ մի շարք օժանդակ շինություններ, հյուրանոց-վերնատուն։ Մեծ հռչակ  էր վայելում իր այգիներով ու ծառուղիներով, իսկ ծառուղիներից մեկում հետագայում կանգնեցվել էին զարդանախշ տապանաքարեր ի հիշատակ վանքի ննջեցյալ աղջիկների։ Վանքը, կից շինություններն ու տապանաքարերը 1960-ականների կեսերին բուլդոզերներով քանդվել են, իսկ տեղում բնակելի տներ կառուցվել ադրբեջանցիների համար։

Ագուլեցոց Սբ Աստվածածին եկեղեցու մասին առաջին տեղեկությունները վերաբերում են 1785թ․, իսկ 1822 թվականին կառուցվել է քարաշեն եկեղեցին։ Որի մասին վկայում է հուշարձանի հարավային դռան ճակատակալ քարի վրա արված շինարարական ընդարձակ արձանագրությունը։ Մինչև Ղազանչեցոց եկեղեցու կառուցումը այս եկեղեցին համարվել է քաղաքի ամենամեծ եկեղեցին, որի համար էլ կոչվել է «ավագ»: 1905 թվականի հայ–թաթարական ընդհարումների ժամանակ հրկիզվել է, այնուհետև ավերվել 1920 թվականի մարտին քաղաքի հայկական թաղամասի ոչնչացման ժամանակ։ Կիսավեր մնացել է մինչև 1972 թվականը, երբ ադրբեջանցիները հիմնահատակ քանդել ու տեղը կառուցել են Շուշիի թիվ 4 ադրբեջանական դպրոցը։ Եկեղեցու շենքը ըստ ականատեսների, քանդում էր Այվազ Հուսեյնովի բրիգադը։ Մեծ դժվարությամբ քանդված եկեղեցու քարերը տեղափոխել ու կառուցվող շենքերի համար, որպես հիմնաքար են օգտագործել։

Մեղրեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կառուցել են մեղրեցի ներգաղթյալները՝ համանուն թաղամասում` 1838 թվականին: Կառուցման արձանագրության մեջ հիշատակված է որպես սբ. Ամենափրկիչ Մեղրեցոց եկեղեցի, որը կառուցվել է Մահտեսի Հախումյանցի ծախսերով։ 1960-ական թվականներին այն քանդվել, հարմարեցվել և վեր էր ածվել ամառային բացօթյա կինոթատրոնի։ Եկեղեցուց մնացել էր միայն խորանը։ Ժամանակակիցները պնդում են, որ գրեթե անհնար էր քանդել ամուր և հաստ պատերը: Խորհրդային տարիներին ադրբեջանական իշխանությունների հրահանգով պայթեցումներով քանդել են պատերի մեծ մասը, իսկ մեկ մետրից բարձր պահպանված հիմնապատերը ներառել ասֆալտի տակ։

Կանաչ Ժամ կամ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, համաձայն շինարարական արձանագրության, կառուցվել է 1818 թ.։ Խորհրդային տարիներին վերածվել էր հանքային ջրերի ըմպելասրահի, որի հետևանքով խախտվել, կամ քողարկվել էին կառույցի ներքին առանձին հատվածներ։ Մասնավորապես բեմի վրա դրված երկաթե մեծ ջրավազանը լրիվ փակել, դահլիճից կտրել էր բեմը։ Արևմտյան զանգակատան հիմնական մուտքի աստիճանները քանդել ու նրանց փոխարեն կառուցել էին նորը, որը խաթարում էր եկեղեցու ճարտարապետական տեսքը։ Ջրավազանից հաճախակի թափվող հանքային ջրերը քայքայում էին պատերը։ 1992 թվականի Շուշիի ազատագրմամբ փրկվեց եկեղեցին։

Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին  Ըստ տեղեկությունների 1847 թվականին քարե եկեղեցին արդեն վթարային վիճակում էր։ Հարավային շքամուտքի վերնամասում տեղադրված վիմագրում նշվում է, որ նոր տաճարը կառուցվել է Շուշի քաղաքի ծխականների հանգանակություններով 1868 – 1887 թվականին։ 1920 թվականին այս եկեղեցին նույնպես տուժել էր։ Իսկ 1940-ականներին Մայր տաճարն օգտագործվեց որպես պահեստ, այնուհետև 1950-ական թվականներին քանդել են եկեղեցու գմբեթը, ապամոնտաժել քարերը։

1960-ականների վերջին այն վեր էր ածվել գյուղտեխնիկայի կայանատեղիի։ Իսկ 1970 ականներին բարբարոսաբար և միտումնավոր պայթեցումներ ու հրդեհներ էին կազմակերպվում եկեղեցու ներսում, եղծվում՝ վավերագրերը: 1971 թվականին նախկին շուշեցի Արտաշես Առուշանյանը գրել էր ․ “60 տարի բացակայությունից հետո խոր ծերության հասակում եկա տեսնելու իմ հայրենի Շուշի քաղաքը։ Սակայն սրտի ցավով եմ գրում, որ այն գտնվում էր սոսկալի վիճակում։ Այստեղ քանդում, ավերում են հայ արվեստի արժեքավոր կոթողները։ Այստեղ հողի երեսից քերում են գերեզմանոցները, բնակելի տները, պատերից վիմագրությունները, բարձրաքանդակները։ Տվյալ պահին Ղազանչեցոց տաճարը վեր են ածել արտաքնոցի, Կանաչ ժամ եկեղեցին պահեստի, Ագուլեցոց և Մեղրեցոց եկեղեցիները քանդում են”։ /Շահեն Մկրտչյան, Արցախյան գրառումներ, էջ 353-354/

Այս ամենն անշուշտ մշտապես առաջացրել է հայ ազգաբնակչության բողոքը և հանրության ճնշման տակ 1981-82 թվականներին սկսվել էին Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքները, որոնք սահուն չէին ընթանում: Վերականգնող վարպետ Վոլոդյա Բաբայանի վկայությամբ, Ադրբեջանի բարձր ղեկավարությունը խոչընդոտում էր գմբեթի կառուցմանը: Նրանք գիտակցում էին, որ դրանից հետո եկեղեցին կդառնա ոչ միայն Շուշիի, այլև Կարկառի ընդարձակ հովտի դոմինանտը։ Խորհրդային տարիներին Ղազանչեցոցի վերանորոգումը այդպես էլ չավարտվեց։ Վոլգոգրադում բնակվող Նինա Կաչորովսկայան հիշում է 1980-ականների սկզբին Շուշի կատարած իր ուղևորության մասին. «Շուշիում մեզ 1 ժամ պտտեցնում էին ադրբեջանական նորաստեղծ արձանների մոտ և երբ մենք հարցրեցինք , ո՞րտեղ է պատմական հայկական եկեղեցին, մեզ հայտնեցին , որ այն չի մտնում էքսկուրսիայի ցանկի մեջ: Մենք բոլորս ստիպված ինքներս հարցնելով անցորդներին`գտանք հայկական եկեղեցին, որը գրեթե ավերված էր» – («Սովետական ​​Ղարաբաղ» թերթ 12 հոկտեմբերի, 1988 թ.):

Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցիները եկեղեցին վերածել էին ռազմապահեստի։ Զանգակատան առաջին հարկի չորս անկյուններում կանգնեցված փողահար հրեշտակները քանդվել էին, միայն մեկն էր կանգուն մնացել մինչև 1989 թվականը։ Ազատագրումից հետո պարզվեց, որ ադրբեջանցիները դա էլ էին վայր գցելով ջարդել։ Եկեղեցու ավերված գմբեթի և ողջ համալիրի վերականգնումն ավարտվեց 1998 թվականին ։

Շուշիի հյուսիսային մասում, բերդապարիսպների անմիջանական հարևանությամբ, Հայկական Ղումլուղ թաղամասում 1830թ. -1970թ. պահպանվում էր հունա-ռուսական եկեղեցին։ Եկեղեցու 1840թ. նոյեմբերի 20-ին կազմված գծագիր-հատակագծի համաձայն, այն կոչվում էր «Սուրբ Նահատակ Գեորգի Պոբեդոնոսեցի» անվամբ։ Խորհրդային տարիներին վանքի շենքն օգտագործվել է որպես հացահատիկի պահեստ։ Այնուհետև այն ընդհանրապես գոմի էր վերածվել։ Իսկ 1970 թվականին իշխանությունների որոշմամբ եկեղեցին քանդվել և դրա փոխարեն մշակույթի տուն է կառուցվել։

Ցավոք, հիմա էլ նույն ողբերգական պատկերն է, ու Շուշիի հայկական դիմագիծը պահելու հնարավորությունները շատ քիչ, կամ էլ հակառակը՝ հնարավորությունները կան, ցանկությունը բավարար չէ։

Արմինե Հայրապետյան

f