Մոսկովյան պայմանագրի 103-ամյակը. քաղաքաիրավական, ներգիտակցական և հոգեբանական հետևանքները

  • 13:52 16.03.2024

Այսօր լրանում է ռուս-թուրքական ապօրինի պայմանագրի 103-րդ տարեդարձը, որից մի քանի ամիս անց բխեց բոլշևիկյան Կովբյուրոյի՝ Արցախը Հայաստանից օտարող որոշումը:

Կարծես թե, այս՝ 103-ամյա պայմանագիր կոչվածը և ստալինյան որոշումը ժամանակային վաղեմության պատճառով չպետք է կապ ունենային այսօրվա իրադարձությունների հետ, և, հետևաբար, իմաստ չունի խոսել այդ մասին:

Սակայն դա այդպես չէ: Հիմա կիմանաք, թե ինչու:

Այսօր խոսքը կգնա ոչ այդքան պայմանագիր կոչվածի քաղաքական կամ իրավական բովանդակության մասին, ավելի շատ կանդրադառնամ պակտի՝ ժողովրդի վրա թողած՝ հոգեբանական և ընկալումային վնասների մասին:

1921թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագիրը և դրանից բխող ստալինյան որոշումը՝ հայերիս ինքնության և արժանապատվության տրորման, հոգեբանական ստրկացման և, քաղաքականապես  հայ մարդու ոչնչացման կարմիր բիծն էր:

1921թ. պայմանագրի և դրանից բխող ստալինյան որոշման քաղաքաիրավական, ինչպես նաև, հոգեբանական հետևանքները մենք այսօր զգում ենք մեզ վրա՝ մեր խեղված քաղաքական ընկալումներով և ազգային-պետական սուբյեկտացման կորստով:

Ինչո՞ւ…

1994 թ. մենք ազատագրեցինք Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս կազմող Արցախը: Սակայն, ելնելով ռուս-թուրքական Մոսկովյան այդ պակտից բխող ստալինյան որոշումից, ըստ որի Արցախը Ադրբեջանի մաս է հանդիսանում, մենք ընդունեցինք այդ ապօրինի իրողությունը: Հայաստանի Առաջին Հանրապետության իրավա-քաղաքական ժառանգությունն ընդունելու փոխարեն՝ ընդունեցինք Լենին-Աթաթուրքի և Ստալինի ապօրինի փաստաթղթային փաթեթը՝ Արցախը պոկելով Հայաստանից, ընդունեցինք անկախ Արցախ կեղծիքը՝ այդպիսով ազատագրված Արցախը փաստացի ճանաչելով որպես Ադրբեջանի մաս և՝ դե յուրե ճանաչելով Հայաստանի սովետական ապօրինի սահմանները: Այս ամենի հետևանքով 2020 – 23 թ. մենք կորցրեցինք Արցախը:

Այս հակապետական շոուն շարունակվում է, նույնիսկ, 44-օրյա պատերազմից հետո: Մենք չենք գիտակցում, որ Արցախի հարց, առանձին՝ որպես այդպիսին, գոյություն չունի, կա՛ հայկական հարց, որի լուծման փաթեթի մաս է նաև Արցախի հիմնախնդիրը: Արցախի ենթահարցը կարող է լուծվել միայն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության համատեքստում:

Ամփոփելով վերը նշված միտքս, նշեմ, որ 1921թ. մարտի 16-ի Մոսկվայի այդ պակտը և դրանից բխող ստալինյան որոշումը մեր գիտակցության մեջ մեզանից օտարել է Արցախն ու հայկական այլ տարածքները և մինչև այսօր այդ ապօրինի պայմանագրի ոգու տառի գերի դարձրել մեր գիտակցությունը:

Մի այլ հոգեբանական վնաս, որը, նույնպես, մնացել է Լենին-Քեմալ պակտից, հայության օբյեկտային աշխարհընկալումներն են: Սովետական կեղծ պատմագրությունից մնացած դոգմաները, իսկ եթե ավելի հստակ՝ աշխարհում ռուսներին և թուրքերին այլընտրանք չտեսնելը, որից գալիս է բոլորիս հայտնի «ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի» արատավոր արտահայտությունը, ինչպես նաև այնպիսի կեղծ պնդումներ, ինչպիսիք են «Եթե Հայաստան չմտներ կարմիր բանակը, և հետո Լենինը Քեմալի հետ պայմանագիր չկնքեր, թուրքերը վերջնականապես կցեղասպանեին մեզ»` մոռանալով, կամ, ավելի շուտ, պատմությունը կեղծելով և չխոսելով այն մասին, որ, հե՛նց ռուսներն են զինել թուրքերին և միասին ծրագրել Հայաստանի զավթումն ու իրար մեջ կիսումը:

Մեր տարածաշրջանում 44-օրյա ռուս-թուրքական զավթումով սկիզբ առավ և հետո Ուկրանիայի հանդեպ ռուսական ագրեսիայով սկսվեց աշխարհակարգի փոփոխությունը: Այն, ինչ կիսատ մնաց 1991թ.-ին, ավարտվում է մեր օրերում: Ռուսական կայսրությունը վերջնականապես հեռանում է տարածաշրջանից և իր հետ տանում է իր կողմից հեղինակած ապօրինի և հակահայ պայմանագրերը:

Հին աշխարհակարգի փլուզման և նորի կառուցման ընթացքում՝ տարբեր աշխարհամասեր կապող ճանապարհներ են կառուցվելու, սահմաններ են վերաձևվելու, նորարար աշխարհն է լայնանալու:

Իսկ մենք՝ հայերս, ինչպե՞ս ենք դիրքավորվելու նոր աշխարհում, դառնալո՞ւ ենք նորարար ինքնիշխան սուբյեկտ, թե՞ մնալու ենք հետամնաց օբյեկտի կարգավիճակում: Արդարացնելու՞ ենք Նժդեհյան և Արամ Մանուկյանական ոգին և երազանքները, թե՞ մնալու ենք այսպես կոչված 3-րդ հանրապետության ռուս-թուրքական այլընտրանքի և թուրքական վիլայեթի վերածվելու մշտական սպառնալիքի մեջ: Եվ, վերջապես, մնալու ենք «Լենին-Քեմալ» պակտի ապօրինի իրավաքաղաքական շրջանակներու՞մ, թե՞ բացելու ենք մեր թևերը, ունենալու ենք իրական դաշնակիցներ և հիշելու ենք Ազգերի լիգայի փետրվարի 24-ի զեկույց-առաջարկով և ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնից մեզ մնացած՝ Հայաստանի Հանրապետության իրական պետական անձնագիրը և սահմանները:

Միայն սուբյեկտայնություն ցուցաբերող ժողովուրդը կարող է ունենալ ինքնիշխան պետություն և վստահելի դաշնակիցներ; Միայն ինքն իրեն պաշտպանող ժողովրդին կարող են զինել և ռազմա-քաղաքական աջակցություն ցուցաբերել:

Մենք, վերջնականապես, պատռելու ենք այդ չարաբաստիկ ապօրինի փաստաթուղթը՝ փակելով պատմության ստրկացման այդ խայտառակ էջը և սկիզբ ենք դնելու հայոց ինքնիշխան պետության ու հայ մարդու արժանապատիվ վերադարձին:

Պատրաստվե՛ք Հայաստանի Հանրապետության ազատագրմանը:

Պատրաստվե՛ք դիմադրությանը:

Սամվել Ասլիկյան, Ազգային-ժողովրդավարական բևեռի անդամ