Ազատություն
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզ։
Ըստ վարչապետի գրասենյակի՝ Փաշինյանը Ոսկեպարում հանդիպում է Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ։
Անցած շաբաթ մամուլի ասուլիսի ժամանակ էր վարչապետը խոստացել այցելել Տավուշ և զրուցել բնակիչների հետ։ Այդ օրը գործադիրի ղեկավարը հայտարարեց, որ Երևանը պատրաստ է գնալ հատվածական դելիմիտացիայի՝ չբացառելով, որ գործընթացը սկսվի հենց Տավուշի մարզից։
Պաշտոնական Բաքուն պահանջել է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի և Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերի տարածքները։ Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին, ըստ Փաշինյանի, դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։
«ՀՀ տարածքում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել», – հայտարարեց Հայաստանի վարչապետը։
Փաստացի, այդ գյուղերը 90-ականներից գտնվում են հայկական կողմի վերահսկողության տակ։ Դրանց մոտով են անցնում դեպի Վրաստան միջպետական ճանապարհը, Հայաստան մտնող գազամուղը։
Ասուլիսի ժամանակ անդրադառնալով ճանապարհի հարցին՝ Փաշինյանն ասաց, որ դրանք մի քիչ այլ կերպ կվերակառուցեն․ – «Արդեն էդ հանձնարարականը տվել եմ, և նաև առաջիկայում պատեհ առիթով կգնամ և էս մեր գյուղերի բնակիչներին կբացատրեմ, թե ինչ եմ մտածում և ինչու եմ էդպես մտածում»:
«Առաջիկայում մենք պետք է գործողություններ անենք, և էնտեղ, որտեղ, օրինակ, մեր կոմունիկացիաները մեր սահմաններից դուրս են, էդ հատվածներում մեր կոմունիկացիաները վերակառուցենք, որպեսզի Հայաստանի բոլոր կոմունիկացիաներն անցնեն Հայաստանի դե յուրե տարածքով», – նշեց վարչապետը:
Մինչ այդ դելիմիտացիայի հարցով բանակցող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայտարարել էր, որ Հայաստանի ավելի քան 30 բնակավայրերի տարածքներ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, Բաքուն Հայաստանից տարածքներ է օկուպացրել նաև 44-օրյա պատերազմից հետո, սակայն հրաժարվում է ընդունել այդ փաստը։ «Ազատության» հարցին, թե արդյոք Բաքուն պատրա՞ստ է նույն կերպ հետ քաշել զորքերը Հայաստանի այն 31 գյուղերի տարածքից, ուր առաջ է եկել կա՛մ 90-ականներին, կա՛մ 2021-22 թվականնների հարձակումների ընթացքում, վարչապետը ասուլիսի ժամանակ չհստակեցրեց։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: