2023 թ. բռնի տեղահանումից հետո արցախցիները ՀՀ-ում հանդիպեցին մի շարք դժվարությունների, ընդ որում՝ խնդիրների մեծ մասը արհեստածին է:
Խնդիրներից մեկն է՝ մինչև 2 տարեկան երեխաների ամենամսյա նպաստը: Մեր զրուցակիցներից Հ.Ա-ն, որի երեխան ծնվել էր սեպտեմբերին, դիմել էր տարածքային կենտրոն, դիմում գրել և հանձնել համապատասխան փաստաթղթերը ու մեկ ամիս անց ստացել նպաստի հաստատման փաստաթուղթը:
Իսկ մյուս զրուցակիցը՝ Լ.Ղ. այդպես էլ չի կարողանում ստանալ երեխայի նպաստը, քանի որ իր ծննդականը թողել էր Հադրութում՝ իրենց տանը, իսկ վերականգնումը բավականին երկար և դժվար գործընթաց է:
Պարզվում է, որ երեխայի նպաստի նշանակման համար պահանջում է նաև մոր եւ հոր ծնողների ամուսնության վկայականները: Հարց է ծագում՝ ի՞նչ կապ ունի երեխայի նպաստը տատիկ-պապիկների ամուսնության հետ:
Միջին վիճակագրական տվյալներով, ծննդյան վկայականի փոփոխման գործընթացը տևում է մի քանի ամիս և ավելի երկար, եթե դիմումը ներկայացվում է Երևանից դուրս, քանի որ այդ դեպքում տարածքային կենտրոնը փաստաթղթերը պետք է ուղարկի Արդարադատության նախարարություն: Արդարադատության պատասխանի հիման վրա միայն անձը կարող է ստանալ նոր ծննդական։
Ստացվում է, որ մինչեւ 2 տարեկան երեխայի նպաստը ստանելու համար իրենց տներից բռնի տեղահանված անձինք, որոնք հաճախ չեն հասցրել վերցնել նույնիսկ փաստաթղթերը, բախվում են խնդիրների, որոնք հեշտ կարելի էր կարգավորել վարչարարական մի հրամանով։ Ինչո՞ւ նման կարգավորում չի արվում՝ հարցը հռետորական է։
Քրիստինա Ալավերդյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: