Այսօր Նիկոլ Փաշինյանն անձամբ է գնացել Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ և, ինչպես հանդիպման մասնակիցներն են ասում, երեք տարբերակ առաջարկել՝ կա՛մ 4 գյուղը հանձնվում են, կա՛մ չեն հանձնվում, և սկսվում է պատերազմ Ադրբեջանի հետ՝ Թուրքիայի հնարավոր միջամտությամբ։
Փաշինյանը չխոսեց չորրորդ սցենարի մասին, որն իրականացվեց Արցախում 2023 թվականի օգոստոսին։ Սա շատ լավ տարբերակ է, բոլորին ձեռնտու:
Հիշեցնենք, որ նախագահ Արայիկ Հարությունյանը, ով 2020 թվականի պատերազմից հետո համառորեն հրաժարական չէր տալիս և անառարկելի կատարում էր Փաշինյանի բոլոր առաջադրանքները, 2023 թվականի օգոստոսին անսպասելիորեն հայտարարեց, որ այլևս չի ցանկանում նախագահ լինել և հեռանում է։ Չնայած այն հանգամանքին, որ ընդդիմությունը նրան կոչ էր անում հրաժարական չտալ այն պահին, երբ շրջափակումն հասել է գագաթնակետին, և նույնիսկ հաց չկար, Հարությունյանը հեռացավ, երեւի, հույս ունենալով, որ կփրկվի։ Ընդդիմությունը նոր նախագահ նշանակեց, որին Երևանում չճանաչեցին, և մինչ նա կհասցներ գործի անցնել, սեպտեմբերի 19-ից ագրեսիա սկսվեց, մնացածը գիտեք։
Օրեր առաջ խորհրդարանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, «միջամտվելով» «այլ պետության» ներքին գործերին, փաստորեն, Արցախի հանձնման մեջ մեղադրեց Արայիկ Հարությունյանից հետո իշխանության եկած քաղաքական ուժերին.
«Լեռնային Ղարաբաղի քաղաքական վերնախավը, որը զբաղված էր իշխանություն ձեւավորելով, բանակցելու ուղարկեց մի մարդու, ում իշխանությունը տրվել էր ընդամենը մի քանի օր առաջ, և նա հրամանագիր արձակեց Լեռնային Ղարաբաղը լուծարելու մասին։ Ի վերջո, փաստերն ակնհայտ են. երբ Հայաստանի կառավարությունը կոչ էր անում աշխատել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ, դուք քննադատում էիք այս քաղաքականությունը, իսկ ձեր քննադատությունը տասն անգամ ավելի բարձր հնչեց Ստեփանակերտում։ Այն պահին, երբ մենք կոչ էինք անում աշխատել իրավունքների պաշտպանության ուղղությամբ, Ստեփանակերտում տարբեր տարածքների վերաբերյալ բանաձեւեր ընդունեցին, հետո՝ հոպ, երկու օրում լուծարեցին իրենց հռչակած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Եթե հարցեր ու մեղադրանքներ ունեք, հարցրեք ուրիշներին։ Մենք մեղավոր չենք, ամեն ինչ արել ենք, որ նման իրավիճակ չստեղծվի։ Նրանք որոշեցին ցրել, հասարակ մարդիկ ստիպված էին փախչել իրենց կյանքը փրկելու համար, և մենք ընդամենը կարողացանք և արեցինք՝ մարդկանց գրկաբաց ընդունեցինք և հոգ տարանք նրանց մասին»,- ընդգծեց նախարար Միրզոյանը։
Արարատ Միրզոյանի դրամայի մասին, հավանաբար, մի օր կգրվի Հայաստանի դասագրքում (եթե այն այդպես կոչվի ապագայում): Իշխանության ազդեցության տակ դասական դեգրադացումը Միրզոյանին հասցրեց ամենավերջին, բայց Փաշինյանը կօգնի նրան ավելի դեգրադացվել։
Օրերս Փաշինյանը Ստեփանակերտի «նոր իշխանությանը» մեղադրեց վառելիքի պահեստում պայթյուն կազմակերպելու մեջ՝ որպեսզի մարդիկ Արցախից արագ դուրս գան, գան Երեւան ու դառնան ռեսուրս Երևանում իշխանափոխության համար։
Ահա եւ Փաշինյանի արցախյան սցենարը։ Ըստ այդմ Տավուշի իշխանամետ մարզպետը հրաժարական կտա, իշխանություն կձևավորեն տեղական ուժերը կամ ընդդիմությունը, Փաշինյանը աչքով կանի Ալիևին, տարածքները կհանձնի, տավուշցիներին կվերաբնակեցնի Մեղրիում, հին մարզպետին կհանձնի Բաքվին եւ կմեղադրի ընդդիմությանը, որ հանձնել է Տավուշի գյուղերը, որպեսզի կատաղած բնակիչները հասնեն Երեւան ու իշխանափոխություն անեն։
Իսկապես, ցինիզմին սահման չկա։