Փաշինյանը ամեն կերպ համոզում է տավուշցիներին, որ 4 գյուղ պետք է հանձնել

  • 16:44 18.03.2024

Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզ եւ Ոսկեպար գյուղում հանդիպել Ոսկեպարի, Բաղանիսի եւ հարակից բնակավայրերի բնակիչների հետ։

Նիկոլ Փաշինյանը բնակիչներին տեղեկացրել է, որ պետք է Ադրբեջանի վերահսկողությանը հանձնվեն այն 4 գյուղերը, որոնց մասին օրերս հրավիրած ասուլիսում խոսել էր։ Խոսքը Բաղանիս Այրում, Աշաղը Ասքիփարա, Խեյրիմլի և Ղըզըլհաջիլի գյուղերի մասին է։ Այդ գյուղերի մասին խոսելիս, հիշեցնենք, Փաշինյանն ասել էր․ «ՀՀ տարածքում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել»։

Step1.am-ը տեղեկացավ, որ Տավուշի մարզում բնակչությունը շատ զայրացած է դիմավորել Նիկոլ Փաշինյանին։ Ինչպես տեղեկացրեց մեր զրուցակիցը, Փաշինյանը հայտարարել է, որ եթե այդ 4 գյուղերը խաղաղ չհանձնվեն, պատերազմ կլինի։ «Ասաց՝ Ադրբեջանը կհարձակվի, իսկ եթե պատերազմի մեջ մտնենք Ադրբեջանի հետ ու փորձենք առաջ գնալ, Թուրքիան կհարձակվի մեզ վրա։ Այսինքն՝ մարդկանց վախեցնում էր»,- մանրամասներ հայտնեց մեր զրուցակիցը։

Գյուղացիները բարձրացրել են հարցը, որ այդ գյուղերի մոտով են անցնում դեպի Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, Հայաստան մտնող գազամուղը։ Հարցին, թե ի՞նչ են անելու, եթե ադրբեջանցիները փակեն միջպետական ճանապարհը, Փաշինյանը պատասխանել է, որ նախատեսում են թունել կառուցել։

Տեղեկացանք, որ գյուղացիները դժգոհ են մնացել նրա հայտարարություններից, ասել են, որ գյուղերը կդատարկվեն, անվտանգային այդ պայմաններում ոչ ոք չի ցանկանա մնա հարակից գյուղերում։ Բայց Փաշինյանն ամեն կերպ նրանց համոզել է, որ գյուղերը պետք է հանձնվեն։

f