DW
Ռուսաստանում նախագահական ընտրություններից հետո Գերմանիայի կառավարությունը երկրի գործող ղեկավար Վլադիմիր Պուտինին չի անվանում Ռուսաստանի Դաշնության նախագահ։ Դա հետևում է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Քրիստիանե Հոֆմանի խոսքերից, որոնք հնչել են երկուշաբթի՝ մարտի 18-ին, Բեռլինում կառավարության մամուլի ասուլիսում։
Ի պատասխան այն հարցին, թե արդյոք Գերմանիայի կառավարությունը Պուտինին դիմելու է որպես «նախագահ», թե՞ այլ կերպ, Հոֆմանը պատասխանել է. «Այս պահին Ռուսաստանի հետ շփումները շատ կրճատված են։ Ընդհանուր առմամբ, մենք պատրաստ ենք խոսել Պուտինի հետ, եթե դա իմաստ ունենա։ Բայց այս պահին նման ծրագրեր չկան»։ Ճշտող հարցին ի պատասխան՝ նա հավելել է. «Այս պահին մենք Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության մեջ չենք, ուստի նման հարցադրումը (ինչ անվանել նրան.-Խմբ.) տեղին չէ»։
Գերմանիան չի ճանաչում Ռուսաստանում անցկացված ընտրությունները որպես օրինական և չի համարում դրանք ազատ ու արդար, ընդգծել է Հոֆմանը։ «Արդյունքը նախապես հստակ հայտնի էր», – ասաց նա մամուլի ասուլիսում։ «Մեր գնահատմամբ՝ այս ընտրությունները ժողովրդավարական չէին. իրական հակառակորդներին թույլ չէին տալիս մասնակցել, (Ռուսաստանում-Խմբ.) վախի մթնոլորտ էր, եղան ձերբակալություններ»։ Ո՛չ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ո՛չ էլ երկրի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մտադիր չեն շնորհավորել Պուտինին ռուսական պետության ղեկավարի լիազորությունները պահպանելու կապակցությամբ”։
ԱՄՆ-ն և ԵՄ-ն նույնպես հայտարարել են, որ չեն ճանաչում Ռուսաստանում անցկացված ընտրությունները որպես ազատ և արդար։ Պաշտոնապես դեռ չի հայտարարվել, որ Պուտինն այլեւս չի համարվում լեգիտիմ նախագահ։ Եթե դա տեղի ունենա, ապա արեւմտյան երկրները ստիպված կլինեն վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների ողջ պայմանագրային բազան։ Թվում է, թե Գերմանիան այս ճանապարհին է, և Ֆրանսիան և Լեհաստանը կարող են միանալ դրան:
Այսպիսով, սկսվել է Պուտինի ապասաքրալիզացիան. Արևմուտքը ցույց է տալիս, որ նրան այլևս լուրջ չի վերաբերվում։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: