Երեւանի պատմական Կոնդ թաղամասը երկար տարիներ եղել է մոռացության մատնված և հեռու քաղաքաշինական բարերար միջամտությունից։ Երևանի գլխավոր հատակագծերում Կոնդի կառուցապատումը, համակողմանի լուծում չստանալով, դարձել էր քաղաքի խնդրահարույց հանգույցներից մեկը։ Այս թեման առավել քան ակտուալ է երևանցիների համար Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայտարարությունից հետո այն մասին, որ հետագայում Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով կօտարվի՝ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար: Իսկ ի՞նչ են այդ մասին մտածում Կոնդի բնակիչները:
Կոնդի անանուն բնակչի կարծիքով`թաղամասի ճակատագիրը պետք է որոշեն բնակիչների հետ միասին: «Սա անհատական մոտեցում պահանջող թաղամաս է, այստեղ ապրում են հնաբնիկներ: Պետք չի մեզ փորձել վախեցնել, համոզել ու սպառնալով պայմաններ առաջադրել: Մենք արդեն նման բան տեսել ենք, երբ հայրենիքի համար նահատակված տղաների մայրերին են ձերբակալել….Կարծես թե նույն քաղաքականությունն են վարում մեր հանդեպ: Այնինչ, պետք է նայել քաղաքացու հնարավորություններին, պահանջներին և կյանքի հետագա ընթացքին: Մեր թաղամասում կան բավականին հարմարավետ և ժամանակակից չափանիշներին համապատասխանող բնակարաններ»,-ասաց նա:
Կոնդի բնակիչ Նիկոլայ Ավետիսյանի կարծիքով` Կոնդը պետք է ոչ թե քանդել, այլ թարմացնել, բարեկարգել: «Կոնդն այն վայրերից է, որը պիտի մնա, որովհետև այստեղ է պահպանվում Երևանի շունչը: Մարդկանց համար դեռ պարզ չէ, թե ինչ է պատրաստվում անել կառավարությունը: Պետք է ավելի բաց ձևով խոսել հանրության հետ: Կոնդը տարբերվող է: Բնակիչները նույնիսկ դռները չեն փակում որևէ տեղ գնալուց առաջ: Կոնդն ունի կոլորիտ, բնակիչներն իրար հետ սերտ շփվում են, երեխաները բակերում խաղում են, դա շատ տեղերում արդեն չկա… Մեզ մոտ պահպանվել է, այդպես պիտի լինի, քանի որ մենք երևանցիներ ենք ու փորձում ենք Երևանի շունչը պահել»,-ասաց նա:
Տաթև Ազիզյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: