ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ Նիկոլ Փաշինյանի քայլերն ընդլայնելու են ադրբեջանական պահանջներն ու ախորժակը, եւ ադրբեջանական ճնշումները գնալով ավելի մեծ տեմպ են ստանալու։
Աբրահամյանն ասաց, որ եթե թշնամուն հանձնվեն Տավուշի մարզի չորս գյուղերը, ինչի մասին հայտարարել է Փաշինյանը, անվտանգային լուրջ խնդիրներ կառաջանան։ «Ժամանակին ոչ միայն այդ, այլ նաեւ մնացած ուղղություններում, այդ թվում՝ Արցախի Պաշտպանության բանակի պաշտպանական ուղղություններում առաջնագիծը, ինժեներական կառույցներն իրենց ողջ ենթակառուցվածքներով տեղակայվել են՝ հաշվի առնելով տվյալ ուղղությամբ պաշտպանություն իրականացնող զորքի խնդիրները եւ նպատակները։ Եվ դիրքավորում է տեղի ունեցել բոլոր այն մարտավարական ու ռազմավարական նշանակության բարձունքներում, որոնք մեզ հնարավորություն են տվել մեր պաշտպանական խնդիրներն առավել արդյունավետ իրականացնելու։ Մեխանիկական տեղափոխությունները դեռեւս չի նշանակում նույն պաշտպանական խնդիրների էֆեկտիվությունը»,- ասաց նա։
Տիգրան Աբրահամյանը հավելեց՝ շատ կարեւորն է, որ հանրությունն իր ձայնը բարձրացնի, եւ դրական է, որ Տավուշի մարզի համայնքների բնակիչները դեմ են այս ծրագրերին, որովհետեւ շատ ժամանակ իշխանությունն օգտագործել է իրավիճակը, որ տարբեր համայնքներում բողոքի ձայն ու դժգոհություն չի եղել, եւ ավելի հեշտ են գնացել զիջումների։ «Ցանկացած հայտարարություն, որը հնչում է Երեւանից, չունի այն ուժը եւ այն հնարավորությունը, որը կարող է ստեղծվել, երբ բողոքի ձայնն առաջին հերթին արտահայտվում է հենց այդ գյուղերում։ Դա ունի որոշակի զսպաշապիկի դեր, որովհետեւ այս պահին խոսվում է չորս գյուղի մասին, հետագայում նաեւ քննարկման մեջ է մտնելու չորս անկլավների հանձնման թեման, բայց այս իշխանության քաղաքականությունը շատ բանով պայմանավորված է լինելու նրանից, թե հանրային կարծիքն ինչպես է դրսեւորվում եւ հատկապես տեղերից ինչպիսի արձագանք է լինելու։ Երբ սասանվում են իշխանության դիրքերը, երբ իրենք խնդիր են տեսնում իրենց պաշտոնի եւ իշխանության մասով, իրենց քայլերում շատ ավելի զգուշություն են դրսեւորում»,- ասաց պատգամավորը։
Ըստ նրա՝ ընդդիմությունն այս իրավիճակում ունի խնդիր՝ բարձրաձայնելու եւ հասարակության բոլոր շերտերի համար ընկալելի դարձնելու այն մատուցումը, թե ինչ վտանգ է սպառնում մեր երկրին։ «Երկրորդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր բոլոր խնդիրների հիմքում այս իշխանության գոյությունն է եւ նրա վարած քաղաքականությունը, բնականաբար, ընդդիմությունն իր գործունեությունը պետք է ուղղի իշխանության շուտափույթ հեռացմանը։ Օրակարգը սա է, որովհետեւ մենք այս պահին Տավուշն ենք քննարկում, մեկ այլ փուլում այլ իրավիճակ ենք քննարկելու, բայց դրա հիմքում կա մեկ մեծ խոչընդոտ, դա Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանության գոյությունն է»։
Տիգրան Աբրահամյանիը նկատեց մի վտանգավոր միտում՝ նախքան տարածքներ հանձնելը իշխանությունը նախապատրատսական գործընթաց է տանում, այդ տարածքները հռչակում է ադրբեջանական։ Եվ սրանով խնդիր է ստեղծում ոչ միայն բուն բանակցային գործընթացում, այլ նաեւ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում կլինեն խնդիրներ։ «Օրինակ՝ այդպես եղավ Արցախի դեպքում, երբ Ադրբեջանի հարձակումից դեռեւս մեկ տարի առաջ հայտարարվեց, որ Արցախն Ադրբեջան է, եւ հետագայում Ադրբեջանը գործողություններ իրականացնելիս հղում էր անում նաեւ երկրի իշխանություններին, այդ թվում՝ Փաշինյանի հայտարարություններին։ Ցավոք սրտի, այս պահին որոշակի առումով խնդիրն արտացոլված է նաեւ այստեղ, որովհետեւ Տավուշի մարզում նա արդեն իսկ այդ գյուղերը հռչակել է ադրբեջանական։ Եվ եթե լինի դիմադրություն կամ ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ իշխանությունը վախենա գնալ նման քայլի, զուտ իշխանությունը կորցնելը հաշվի առնելով, հնարավոր ռազմական գործողությունների դեպքում Փաշինյանն իր հայտարարություններով Ադրբեջանի համար արդեն լեգիտիմ դաշտ է ստեղծել։ Եվ իրավական առումով բոլորը հղում են անելու Նիկոլ Փաշինյանի լեգիտիմացրած այդ դրույթներին։ Եվ այս իրավիճակում Ադրբեջանը հերթական անգամ մարսելու է իր քայլերը։ Սա ամենավտանգավոր դրսեւորումներից մեկն է»,- ընդգծեց նա։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: