Գիշերները չեմ կարողանում քնել, իմ երեխայի գերեզմանն այնտեղ է․․․

  • 15:57 20.03.2024

Դեմքին անթիվ կնճիռներ ունեցող այս տարեց կինը Արցախից բռնի տեղահանված տիկին Ռազմիկն է։ Իր տղամարդկային անվան նման կյանքն էլ ավելի շատ լիքն էր տղամարդկային պարտականություններով։ Երիտասարդ Ռազմիկը Ճարտարից եկել էր Հադրութ և ամուսնացել։ Իրենց ընտանիքում սերն ու համերաշխությունը մեծ արժեքներ էին, որին համապատասխան էլ ապրում էին 4 երեխաները։

Ռազմիկի ավագ որդին՝ Ռոբերտը, որը ծառայել էր Գերմանիայում, 1992թ․ վերադարձավ Ստեփանակերտ և մասնակցեց պատերազմին։ «Երեխաս գնաց կռիվ․․․Զանգեց ասաց՝ մամ, այսօր չեմ վերադառնա, Ավոն ասաց, որ երեկոյան բոլորս պիտի մնանք kազարմայում»,-արցունքները զսպելով վերհիշում է տիկին Ռազմիկը։

Հետո կատարվեց աղետը։ «45 տոննանոց տանկը գլորվեց ձորը, լյուկի մեջի երկու տղան մի կերպ դուրս եկան, ողջ մնացին, իսկ իմ երեխային 10 օրից բերեցին․․․Որդին 8 ամսական էր»։

Դրանից հետո տիկին Ռազմիկի կյանքն էլ ավելի բարդացավ։ Պատերազմի ժամանակ ավերվել էր այն տունը, որտեղ իրենք ապրում էին։ Որդու մահից հետո ամուսինն էլ հիվանդացավ և մահացավ։ Ստիպված էր կյանքի ծանր լուծն իր վրա վերցնել․ կառուցել կիսավեր տունը՝ միաժամանակ մշակել ապրուստի միջոց հանդիսացող բանջարանոցը և հանգամանքների բերումով միայնակ խնամել փոքրիկ թոռանը՝ Սերգեյին։

Արդեն մեծ տարիքում Սերգեյը խոստովանում է, որ տատիկն իր համար և մայր էր, և հայր։ Միասին վերհիշում են կյանքի ուրախ և տխուր պահերը։ Մի անգամ, 8-րդ դասարանում սովորելու ժամանակ, ուսուցչի և Սերգեյի միջև վեճ է առաջանում, ինչն ավարտվում է Սերգեյի հասցեին հնչած ընտանեկան բնույթի վիրավորանքներով ․․․Սերգեյը հրաժարվում է մասնակցել դասերին, այնինչ՝ վտանգվում է դպրոցական վկայական ստանալու ընթացքը։ Տիկին Ռազմիկը երկար պայքարելուց հետո կարողանում է ստանալ վկայականը և թոռանը տեղափոխել Ստեփանակերտի արհեստագործական ուսումնարան։

«Ամուսնացրի Սերգեյին, հարսը ոտքը դրեց առաջին աստիճանի վրա, երկու ափսեներն էլ  ջարդեց, ասացի՝ Աստված, եկող տարին մի տղա երեխա բերի, իմ երեխայի անունը դնեմ, սիրտս կհովանա»,-պատմում է տիկին Ռազմիկը։

Նրա կանխատեսումներն իրականանում են՝ միայն թե փոքրիկ Ռոբերտը ծնվում է 2020թ․ պատերազմի ընթացքում։

Ներկայումս նրանց ընտանիքը հաստատվել է Գյումրիում՝ «Լորիկ» բարեգործական հիմնադրամի կողմից նվիրաբերած տանը, սակայն տիկին Ռազմիկը չի կարողանում գիշերները քնել։ Անընդհատ մտածում է՝ որդու գերեզմանը թողել են Արցախում․․․

Տաթև Ազիզյան

 

f