Չկա արցախցի՝ չկա Արցախի հարց. համայքների ղեկավարների ահազանգը

  • 16:40 20.03.2024

2023թ. պատերազմից և ծննդավայրի կորստից հետո Արցախի տարբեր համայնքների ղեկավարները համախմբվել են Երևանում՝ քննարկելու իրենց համայնքների համախմբման և զարգացման հարցերը։ «Այսօրվա դրությամբ բնակչության հետ ամենօրյա կապ ենք հաստատում: Ոչ բոլոր դեպքերում ենք կարողանում հարցերին լուծում տալ: Մյուս գործառույթը տեղեկանքների տրամադրումն է: Այնուհետև փորձում ենք սոցիալ-տնտեսական հարցերին լուծում տալ»,-ասում է Շուշիի շրջվարչակազմի նախկին ղեկավար Գրիշա Ավանեսյանը:

Համայնքների ղեկավարներն իրենց հանդիպումների ժամանակացույցի շրջանակներում այցելում են նաև հայկական գյուղերում ապաստանած մարդկանց՝ աջակցելու և քննարկելու նրանց ներկա իրավիճակն ու կարիքները:

«Մեր հիմնական նպատակն ու պարտականություններն այսօր բնակչության խնդիրների վերհանումն է, դրանց լուծման հնարավորության դեպքում տալիս ենք համապատասխան խորհրդատվություն»,-ասաց Ասկերանի շրջվարչակազմի նախկին ղեկավար Համլետ Ապրեսյանը:

Ասկերանի վարչակազմի ղեկավարի օգնական Անահիտ Պետրոսյանի խոսքով՝ ամենօրյա խնդիրներով եկող մարդկանց թիվը մեծ է, իսկ համայնքի ղեկավարների աշխատանքը՝ ինտենսիվ և ծավալուն։

Կարևոր է նշել, որ այս ամբողջ աշխատանքը կատարվում է բոլորովին անվճար՝ ցույց տալով համայնքների վերականգնման և զարգացման գործում  նվիրվածության բարձր մակարդակ:

Գրիշա Ավանեսյանի խոսքով` «ՀՀ-ում, կապված բնակվարձերի հետ, բնակչության մեծ մասը չի կարողանում ապահովել կենցաղային նվազագույն պայմանները, աղետալի վիճակ է տիրում: Մեր բոլորիս ջանքերն ուղղված են բնակարանային բարելավումն առաջնահերթ դարձնելուն»:

Հնարավոր արտագաղթը կասեցնելու համար բնակարան ձեռք բերելու գործընթացը պետք է անհատականացված լինի և հաշվի առնվեն յուրաքանչյուրի առանձնահատկությունները:

Գյուղական  միջավայրում ապրած բնակչությունը կարող է դժվարությամբ հարմարվել քաղաքային կյանքին և հակառակը: Տեղահանվածների համար աշխատանքի և բնակության վայրի խնդիրը շարունակում է մնալ հիմնական և ամենակարևորը, քանի որ այդ ասպեկտներն ուղղակիորեն ազդում են նրանց կյանքի որակի և բարեկեցության վրա։

Տաթև Ազիզյան

f