Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքում պատմաբան, ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանը կոչ արեց արցախցիներին չարտագաղթել։
«Ես ձեզ հորդորում եմ, սիրելի՛ հայրենակիցներ, ինչքան էլ դժվար լինի, ինչքան էլ Հայաստանի իշխանությունների կողմից տարբեր խոչընդոտներ ստեղծվեն, նաեւ տեղական որոշ ներկայացուցիչների կողմից թշնամական վերաբերմունքի արժանանանք, եթե ուզում եք մեր մշակույթը, ինքնությունը, բարբառը պահպանենք, ապա մի արտագաղթեք։ Չեք կարող ձեր ինքնությունը պահպանել Մոսկվայում կամ եվրոպական որեւէ քաղաքում ժենգլյալով հաց թխելով։ Մեր հայրենիքում պետք է լինենք համահավաք, իսկ դա Հայաստանն է։ Եվ մենք այդպիսի հիմք կստեղծենք դեպի Արցախ վերադարձի համար»,- ասաց նա։
Լեռնիկ Հովհաննիսյանը հայտարարեց, որ Ադրբեջանի իշխանություններն սկսել են Արցախի տարածքում 1994 թվականից հետո կառուցված բոլոր հուշարձանների ոչնչացումը։ Հաջորդ քայլով սկսելու են հայկական վիմագիր արձանագրությունները ջնջել։ «Ադրբեջանն այս հարցում բազմազան ձեւեր է կիրառում՝ միջնադարյան հուշարձանների աղվանացում, Շուշիի եկեղեցիների ուղղափառացում, ինչպես նաեւ հայկական եկեղեցիները վերածում է մզկիթների, ինչը սովորել է իր մեծ եղբայր Թուրքիայից»,- հավելեց նա։
Լեռնիկ Հովհաննիսյանը նաեւ ասաց, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմում եւ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին արցախահայության նկատմամբ էթնիկ զտման ու ցեղասպանության հետեւանքով Արցախը ոչ միայն զրկվել է իր բնիկ բնակչությունից, այլ հայկական ավելի քան 6000 հուշարձանները մնացել են թշնամու տիրապետության տակ ու կորստի առաջ։ «Ոչնչացնելով մեր մշակութային ժառանգությունը, Ադրբեջանը ունի մեկ նպատակ՝ կտրել մեզ մեր արմատից, մեր ինքնիությունից։ Մեր միասնական ջանքերով պետք է դիմենք միջազգային հանրությանը՝ մեր ինքնության կարեւոր բաղադրիչը՝ մշակութային ժառանգությունը փրկելու»,- ասաց նա։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: