Հայցերը հետ վերցնելու դեպքում Հայաստանը կլեգիտիմացնի Ադրբեջանի կողմից ագրեսիայի, պատերազմի, ցեղասպանության ճանապարհով կոնֆլիկտը լուծելու ճանապարհը

  • 15:03 21.03.2024

Միջազգային դատական ատյաններից Ադրբեջանի դեմ հայցերը հետ վերցնելու դեպքում Հայաստանը կլեգիտիմացնի Ադրբեջանի կողմից ագրեսիայի, պատերազմի, ցեղասպանության ճանապարհով կոնֆլիկտը լուծելու ճանապարհը։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Ըստ Գալստյանի՝ Հայաստանը 5 հայց ունի ՄԻԵԴ-ում եւ ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում։ Այդ հայցերը վերաբերում են մեր անօտարելի իրավունքներին՝ Արցախ վերադարձի, մշակութային ժառանգության պաշտպանության, գույքային եւ այլ իրավունքներ։

«Այսինքն՝ այդ հայցերն ամբողջական ներկայացնում են Արցախի իրավունքները, որ հայ ժողովրդի իրավունքների մի մասն է։ Վերջին շրջանում դրանց գումարվել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ու գերիների վերադարձի հայցերը։ Այդ հայցերը հետ քաշելով՝ Հայաստանը կլեգիտիմացնի ադրբեջանական կողմի այն պնդումները, որ արցախյան հարցը փակված է։ Եվ մեզ համար ամենաողբերգականը կլինի այն, որ Հայաստանի իշխանություններն այդպիսով կդառնան ցեղասպանության հանցակիցը։ Բացի այն, որ հանցակից են այն իմաստով, որ Արցախի Հանրապետության երաշխավորի մեր պարտավորությունները չենք իրականացրել, ինչը եւս հակասահմանադրական է ու դավաճանական քայլ մեր հավաքական շահերի նկատմամբ, բայց ամենավտանգավորն այս ամբողջ համալիրի մեջ նաեւ այն է, որ սրանով մենք փակում ենք Արցախ վերադարձի իրավունքը եւ Արցախի հարցը»,- ասաց պատգամավորը։

f