«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս հայտարարվեց հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի՝ Armflix -ի մեկնարկի մասին: Այն համարվում է «հայկական Netflix»։ Այստեղ օնլայն հարթակը նախընտրող կինոսիրողները կարող են դիտել հսկայական քանկության էքսկլյուզիվ արտադրության հեռուստանովելներ, գեղարվեստական ֆիլմեր, մարտաֆիլմեր ու ժամանցային հաղորդումներ: Մեր ունեցած տեղեկություններով, Armflix – ը խոստանում է լինել հեղափոխական՝ հայկական ֆիլմարտադրության մեջ իր նախադեպը չունեցող որակի արտադրանքով՝ էլ ավելի հագեցած ու լարված սցենարով և աշխարհահռչակ դերասանների մասնակցությամբ:
Ի դեպ, այս մեգա նախագծում ընդգրկված են երևանյան թատրոնների գրեթե բոլոր դերասանները: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ընկերության սեփականատերերը ամերիկահայ գործարարներ են։ Ազգությամբ հայ գործարարները այս մեգա նախագծի վրա ծախսել են միլիոնավոր դոլարներ:
Ընդ որում, ընկերության սեփականատերերը ԱՄՆ – ում ևս ունեն հեռուստաընկերություններ. ի մասնավորի, Ռոբերտ Օղլախչյանը ԱՄՆ -ի «ARTN» հեռուստաընկերության սեփականատերն է, իսկ Վահագն Սարգսյանը՝ «USArmenia»-ի։ Հավելենք, որ դեռ ամիսներ առաջ նկարահանված ու հեռուստադիտողի դատին հանձնված սենսացիոն «Սուրբը» քրեական դրամայի դերասանական ամբողջ կազմը ևս այժմ նկարահանվում է հենց Armflix-ի համար. մեր տեղեկություններով, նկարահանվում է նոր քրեական դրամա, որն, ըստ դերասանական կազմի ու ֆիլմի բնույթի, բացառիկ է լինելու։
Փաստացի, հայախոս առցանց հեռուստադիտողների շրջանում Armflix.com-ն այսօր չունի մրցակից, քանի որ հանրությանը ներկայացնում է բազմազան բովանդակություն ունեցող նյութեր, որոնք ուղղված են ամենատարբեր տարիքային խմբերին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: