Տավուշի 4 գյուղերի հանձնման շուրջ ծավալվող քննարկումները մնում են «տեղային» մակարդակի վրա, ինչը բնորոշ է հայկական քաղաքական-քաղաքագիտական-մեդիա հանրությանը։ Տեղի ունենալիքի ընդգրկումը պատկերացնելու համար հարկ է ընդգծել, որ այդ գյուղերի շրջանը «Բերձորի միջանցքն» է քաղաքական, կոմունիկացիոն եւ այլ առումներով։
Ինչպես տեղի ունեցավ Արցախի օկուպացիան ու բնիկ մեծամասնության արտաքսումը․ ռուսական զորքի օպերատիվ երաշխավորությամբ հաղորդակցությունները՝ մայրուղին, գազատարը, էլեկտրաէներգիայի գծերը, հեռահաղորդակցության մալուխը հանձնվեցին Բաքվի վերահսկողությանը, տեղի ունեցավ միջանցքի լիակատար արգելափակումը եւ դրա արտատարածքային կարգավիճակի վերացումը։ Մնացածը նկարագրելու կարիք չկա։
Տավուշի այդ 4 գյուղերի շրջանով են անցնում Հայաստանը սնուցող գազատարը եւ հեռահաղորդակցության մալուխները։ Բաքվի զորքերը չեն նստելու չորս կողմից «ՀՀ ինքնիշխան տարածքի» մեջ գտնվող անկլավներում, հանձնվելու է այդ գյուղերի ողջ շրջանը։ Այդ շրջանում գտնվում են ռուսական ստորաբաժանումներ, որոնց գործառույթը նույնն է՝ գետնի վրա այս գործընթացի օպերատիվ երաշխավորում։
Սա ոչ թե առանձին վերցրած Տավուշի մարզի, այլ ՀՀ մայրուղիները, հեռահաղորդակցությունները, ՀՀ արտաքին հաղորդակցությունը Բաքվի վերահսկողությանը հանձնելու գործընթացի մեկնարկն է լինելու։ Հաջորդիվ, ավելի ճիշտ՝ զուգահեռ իրականացվելու է Երասխ-Երեւան-Մարգարա «միջանցքի» բացումը, թիրախը՝ Երեւան, որի արեւելյան մասով անցնելու է բաժանարար գիծը։ Կոնդի ծրագիրը, Ամերիա բանկի, ՎիվաՍելի վաճառքը եւ նմանատիպ սպասվող գործարքները միտված են այդ ծրագրերին։
«Արցախը հանձնենք, որ Հայաստանը փրկենք»-ի դալալները հիմա էլ կասեն՝ «անկլավները հանձնենք, որ մնացածը փրկենք», շատերը կասեն՝ գազատարը ռուսներինն է, թույլ չեն տա, Իրանը մեզ գազ կտա եւ նման այլ մեղմ ասած հիմարություններ։ 29,8-ը չեղարկված է, Փաշինյանը հիմա հղում է անում հանրագիտարանին, շուտով հղում է անելու Բաքվի պետական մարմինների որոշումներին։ Օրինակ՝ Երեւանը Իրավան է, եւ այլն։ Հիշենք նրա եւ մյուս քպ-ականների ելույթները պետական խորհրդանիշները փոխելու, նոր սահմանադրության, որպես ազգ դադարելու եւ այլնի մասին։ Ռուսական գուբերնիայի կամ թուրքական վիլայաթի միամիտներին ասենք, որ չի լինելու ոչ մեկը, ոչ էլ մյուսը, տեղի է ունենում հայկական պետականության լուծարման գործընթաց։
Սա է Փաշինյանի ու քպ-ի առաջնորդած ծրագիրը։ Պարտադիր չէ, որ ծրագրերն իրականություն դառնան, բայց նախ պետք է տեղի ունեցողի մասշտաբների ու էության հստակ պատկերացում եւ ըստ այդմ՝ համարժեք գործողություններ։ Կա՞ն այս ծրագրերի սպասարկման շրջանակից դուրս գործող ուժեր ու խմբեր, որոնք ընդունակ են ստանձնել ու կազմակերպել դիմադրությունը։ Բոլոր միջոցներն ու մեթոդներն արդարացված են։
ԱՐԱՄ ԵԳԱՆՅԱՆ