Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից բռնի տեղահանված անձինք առաջիկայում պատրաստվում են դարձյալ բողոքի ակցիաներ անել Հայաստանի կառավարության շենքի մոտ։ Քաշաթաղի Հայկազյան համայնքի ղեկավար Արմեն Չոմոյանը step1.am-ի հետ զրույցում ասաց, որ կառվարությունից դեռ պատասխան չեն ստացել իրենց բարձրացրած հարցերի վերաբերյալ։ «Պատասխան չենք ստացել, եւ մենք մոտակա օրերին կհայտարարենք նորից պայքարի մասին՝ արդեն ուրիշ ձեւաչափով»,- ասաց նա։ Չոմոյանը միաժամանակ ասաց, որ ակնկալիք չունեն, որ այս կառավարությունը կլուծի իրենց բարձրաձայնած խնդիրները։
Քաշաթաղից բռնի տեղահանված անձինք մարտի սկզբին կառավարության շենքի մոտ անցկացրած բողոքի ակցիայի ժամանակ մի շարք հարցեր էին բաձրաձայնել։ Մասնավորապես, նրանք բողոքում են կառավարության խճճված քաղաքականությունից՝ հայտարարելով․ «Սկզբում մեզ ասում էին՝ հայաստանցի եք, հիմա ասում են՝ արցախցի եք։ Մենք չգիտենք՝ ո՞վ ենք մենք՝ Հայաստանի քաղաքացի՞ ենք, արցախցի՞, թե՞ փախստական»։
Նրանք նաեւ պահանջում են, որպեսզի Արցախի կառավարության կողմից իրենց հատկացված մուրհակները, որոնք ստացել են 44-օրյա պատերազմից հետո՝ կորցրած գույքի գույքագրում կատարելու արդյունքում, ճանաչվեն Հայաստանի կառավարության կողմից։
Չոմոյանն ասաց, որ բռնի տեղահանված արցախցիների սոցիալական խնդիրները շատ են, ամենակարեւորը բնակարանային հարցն է։ Քաշաթաղից բռնի տեղահանվածները ներկայացրեցին իրենց բազմաթիվ սոցիալական խնդիրները, բայց 1600-1700 ընտանիքներ դեռ չեն կարողացել այլ սերտիֆիկատներով բնակարաններ գնել։
Նրանք նամակ էին հանձնել կառավարությանը, որի պատասխանը մինչ օրս դեռ չեն ստացել։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: