Տավուշում թշնամուն գյուղեր հանձնելու մասին հայտարարությունը ոչ միայն իրավական կամայականություն է, այլ նաեւ հանցագործություն։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։ «Եվ այդ հանցագործությունը կամ հանցագործությունները հստակ նշված են Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 28-րդ գլխում, որը կոչվում է «սահմանադրական կարգի եւ պետական անվտանգության դեմ հանցագործություններ»»,- ասաց նա։
Ըստ Ալավերդյանի՝ այս գործընթացը ցույց է տալիս, որ այս իշխանությունները ինչի համար եկել են, դա էլ անում են։ «Նա եկել է, որ Արցախը բռնակցի Ադրբեջանին, բռնակցել է։ Խնդրի երկրորդ մասը, ինչի համար իրենք եկել են, իրենց բերել են ու պահում են, դա հետեւյալն է, որ Հայաստանն ամբողջովին դարձնեն Ադրբեջանի կցորդ։ Իսկ Ադրբեջանը, հիշեցնեմ, Թուրքիայի կցորդն է»,- հավելեց նա։
Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ չկան համաձայնեցված քարտեզներ, իրավական հիմք չկա, սակայն սահմանազատում-սահմանագծում է իրականացվելու Տավուշում։ Լարիսա Ալավերդյանն ասաց, որ ԽՍՀՄ ժամանակահատվածում բոլոր քարտեզները եւ երկկողմանի հաստատված որոշումները մանրամասն կան, այդ թվում, թե ԽՍՀՄ օրոք մեկ հանրապետությունից մյուսին ինչ տարածքներ են տրվել եւ ինչի դիմաց։
«Այդ տարածքները, որտեղ բնակվում են գյուղացիները, դրանք Հայաստանի Հանրապետության տարածքներն են, դա հաստատված ու գծված է համապատասխան փաստաթղթերով՝ ստորագրված ու կնքված այն տարիներին, որի վրա հղում է անում օրվա վարչակազմը։ Դրանք հայկական տարածքներ են, այնտեղ կան ինչ-որ մանրուքներ, որոնցով, եթե Ադրբեջանն ուզում է, որ հայկական կողմը զիջի, թող ինքն էլ բերի իր փաստարկները։ Հայաստանի Հանրապետությունը չունի խնդիր, եւ այս բոլոր հայտարարություններն ուղղակի սպասարկում են թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը»,- ասաց նա։