Երբ պատմությունը դաս չի դառնում, վերածվում է ճակատագրի․ 1920-ի Շուշիի կոտորածը

  • 14:30 23.03.2024

1920 թվականի մարտի 23-26-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Շուշի քաղաքում արյան խրախճանք էր։ Երեք օրվա ընթացքում ամենադաժան ձևերով սպանվեցին տասնյակ հազարավոր հայեր։ Տարբեր թվեր են ներկայացվում, (12000 – 20000), սակայն մի բան հստակ է, որ 35 հազար հայերից հայ չմնաց Շուշիում։

Մի մասը զոհ գնաց թուրք-թաթարական յաթաղանին, մյուսը մազապուրծ լքեց քաղաքը։

Հրկիզվել, ոչնչացվել էին յոթ հազար քարաշեն տներ, տասնյակ գեղեցիկ մշակութային-լուսավորական ու վարչական շենքեր, վառվել հարուստ գրադարաններ, ուսումնական հաստատություններ ու տպարաններ և անխնա թալանվել։

Շուշիի հայկական ջարդերի մասնակից  Ադրբեջանի բանակի սպա Ալիմարդանբեկովն իր եղբորն ուղղված նամակում գրել է․ «Քո տեսած հայկական Շուշին լիովին վառված է։ Թողնվել է 5-10 տուն։ Հազարից ավելի հայեր գերի են վերցված։ Ոչնչացրել ենք բոլոր տղամարդկանց, նույնիսկ խալիֆին, բոլոր հայտնի ու հարուստ մարդկանց։ Մուսուլմանները թալանել են հայերի անթիվ ու անհաշիվ հարստությունները և այնքան են հարստացել, որ լկտիացել են»։

Քաղաքի հայկական թաղամասը  վերածվեց ուրվականի։  Մինչև կոտորածը թուրք – թաթարները մանրակրկիտ պատրաստվել էին այդ ցեղասպանական գործողություններին։ Նրանք մեկուսացրեցին Շուշի քաղաքի հայությանը, փակելով բոլոր սնուցող ճանապարհները։ Նախ փակվեց Շուշ-Ակնա ճանապարհը  և քաղաքի հայ բնակչությունը հայտնվեց տնտեսական շրջափակման մեջ, դրան հաջորդեց արցախահայության բռնի զինաթափումը։

Արդեն իսկ մարտի 22-ին Սուլթանովի հրամանով Արցախում գտնվող թուրք-թաթարական զորքերը սկսեցին խուզարկություններ իրականացնել Շուշիի հայկական թաղամասերում։ Հայությանը զինաթափելուց հետո,  արդեն հաջորդ օրը՝ մարտի 23-ին, Սուլթանովի և մի շարք թուրք սպաների ղեկավարությամբ զորքերը մտան Շուշի, և սկսվեց հայերի կոտորածը։

Անմարդկային գազանությունների ականատես Տաթևիկ Տեր–Սահակյանցը, ում աչքի առաջ գլխատել են տասնյակ պատանիների և անգամ վերհիշելուց ուշագնաց էր լինում, ասել է․ «Ես փրկվեցի ոչ նրա համար, որ ապրեմ։ Աստված ինձ փրկեց, որպեսզի  ես պատմեմ մեր բոլոր հայրենակիցներին, թե ինչեր են գործել թուրք գազանները Շուշիի հայերի նկտմամբ»։

Այդ օրերի մասին բացառիկ հուշեր են թողել մի շարք հայ և օտարազգի  մտավորականներ, այդ թվում ականավոր լեզվաբան Հրաչյա Աճառյանը։ Նա իր «Կյանքիս հուշերից» գրքում գրել է․

«…Ազգամիջյան կռիվների ժամանակ ադրբեջանցի ազգայնամոլները գիշերային հանկարծական հարձակում գործեցին հայոց վրա և կրակ տվին։ Այդ գիշերը ուժեղ քամի էր։ Քամին տարածեց հրդեհը, չոր թախթափուշերը հեշտությամբ վառվեցին, և ամբողջ քաղաքը հրո ճարակ դարձավ։…Այսպես դատարկվեց Շուշին ու մեռավ։․․․ Ղարաբաղցիք, ինչպես հայտնի է, լավ կռվողներ են եղել միշտ, և այդ օրն էլ կարող էին դիմադրել, բայց, ինչպես ասացի, հարձակումը բոլորովին հանկարծական եղավ, և հայերն էլ ոչ մի պատրաստություն չունեին»։

Իսկ Մարիետա Շահինյանը պետք է գրեր․ «Ես տեսա Շուշիի կմախքը։ Իմ առջև կանգնած էին երկու բլուրներ, տների կմախքների շարքով․․․ Չի մնացել ոչինչ, որ կյանք հիշեցնի: Առաջինը, որ ինձ ցնցեց, լռությունն էր: Այդքան սարսափելի լռություն ես չէի զգացել ոչ մի տեղ, երբե՛ք: Մարիետա Շահինյանը կարծում էր, թե տասնամյակներ անց Շուշիի ողբերգությունը պետք է դաս դառնար, բայց ավաղ։

1920 թվականին Շուշիում տեղի ունեցածը կարելի է համարել  հայերի ցեղասպանության և քաղաքի էթնիկ զտումների առաջին փուլը, որն իրականացվում էր պետական մակարդակով արհեստածին «Ադրբեջան» մուսավաթական (1918-1920 թթ.) կազմավորման, իսկ հետագայում՝ խորհրդային Ադրբեջանի վարչակարգերի ժամանակաշրջաններում (1920-1990 թթ): Ադրբեջանական այդ հակահայ ու զավթողական քաղաքականությունը շարունակվեց նաև 2020-23 թվականներին, որը հանգեցրեց Արցախի ամբողջական հայաթափմանը։

Նույն հարյուրամյա ձեռագիրը, որ իրագործվում է հայ ժողովրդի նկատմամբ և նույն սխալական հայ ժողովուրդը։ Դեպքերն այնքան թարմ են, որ նույնիսկ կարիք չկա զուգահեռներ անցկացնելու։

Մենք այդպես էլ չսովորեցինք մեր հետ կատարված ողբերգություններին իրավաքաղաքական գնահատական տալ ու ըստ այդմ պատասխանատվության կանչել հանցագործին։ Ադրբեջանն անընդհատ մարսում է իր ցեղասպան քաղքականությունը, լինի դա 1920 թվականին Շուշիում, 1988-ին Սումգայիթում, Բաքվում, Գանձակում, թե՞ 2020-23-ին Արցախի ողջ տարածքում։ Ավելին՝ նա հետևողական քայլերով մեղադրյալից վերածվում է մեղադրողի։

Ժամանակն է թոթափել զոհի բարդույթն ու կռիվ տալ նախ և առաջ իրավունքի համար։

Արմինե Հայրապետյան

f